Լրահոս
Օրվա լրահոսը

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է ունենա համապարփակ կարգավորում. Հռիփսիմե Գրիգորյան

Հուլիս 06,2022 21:40

Հռիփսիմե Գրիգորյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ նիստում

ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հռիփսիմե Գրիգորյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ տարեկան նստաշրջանում: Նա իր ելույթում, մասնավորապես, ասել է.

«Հարգելի’ խորհրդարանականներ,

Ահաբեկչության եւ դրա զոհերի մասին խոսելիս, նույնկերպ ինչպես մարդու իրավունքների դեպքում, մեր մոտեցումը չի կարող լինել ընտրողական: Մենք չենք կարող միայն մի տարածաշրջանում բարձրաձայնել ահաբեկչության զոհերի մասին եւ լռել այլ վայերի մասին:

Ուստի, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ավելի քան տասը երկրների գործընկերներիս` բանաձեւում մեր կողմից ներկայացված փոփոխություններին կողմ քվեարկելու համար, որոնք վերաբերում էին Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման անհրաժեշտությանը հենց այն պատճառով, որ այնտեղ ապրող ժողովուրդը զոհ է ահաբեկչության եւ ռազմական հանցագործությունների եւ անգամ այսօր կանգնած է անվտանգային մարտահրավերների առջեւ:

Առաջ մղել թեզ, թե հակամարտությունը կարգավորված է, փաստացի նշանակում է ստիպել ձեզ բոլորիդ ընդունել, որ միջազգային իրավունքը մահացել է: Ավելին, ես համարում եմ, որ քվեարկությունը, որով որոշվեց լռել եւ ընդունել, որ հակամարտությունը լուծված է, թողնում է բաց եւ ցավոտ հարցեր, որոնցից կարեւորագույնը Լեռնային Ղարաբաղում ապրող ժողովրդի անվտանգության եւ իրավունքների հարցն է:

Իրականությունն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է ունենա համապարփակ կարգավորում, քանի որ չեն վերացել ո’չ մարդիկ, ովքեր ապրում են Լեռնային Ղարաբաղում, ո’չ նրանց անվտանգային խնդիրներն ու իրավունքները:

Երբ մենք թույլ ենք տալիս մեզ չհասցեագրել այս խնդիրները, մենք կանաչ լույս ենք վառում այնպիսի գործողությունների համար, ինչպիսիք կարող են հետեւել Ադրբեջանի ղեկավարի խոսքերին, որոնք ես կմեջբերեմ. «Ես ասացի, որ եթե հայերը չհեռանան մեր հողերից իրենց կամքով, ապա մենք նրանց կքշենք շների պես»:

Ես դեռեւս հույս ունեմ, որ որեւէ մեկը չի ցանկանում հայտնվել այնպիսի քաղաքականության պաշտպանի դիրքում, որը հանգեցնում է վերը նշվածին, քանի դեռ շատ ուշ չէ:

Դասեր չքաղելը երաշխավորված կերպով տանելու է մեզ դեպի ապագա մարդկային ողբերգություններ, եւ այս առումով, ո’չ քաղաքականությունը, ո’չ որեւէ գումար չեն կարող ավելի թանկ լինել, քանի մարդկային կյանքերը»,- իր ելույթը եզրափակել է Հռիփսիմե Գրիգորյանը:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031