Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը և Դոյչե Վելլե Ակադեմիան հուլիսի 1-ին ներկայացրին Մեդիա կառավարման առցանց դպրոց ուսումնական ծրագիրը։ Միջոցառմանը մասնակցում էին ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Դոյչե Վելլե Ակադեմիայի գործադիր տնօրեն Քարսթն ֆոն Նամենը, միջազգային և տեղական այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ։
«Ատելության խոսքն ու կեղծ լուրերն այսօր այնքան արագ են տարածվում սոցիալական մեդիաներով, և շատ մարդիկ իրենց պատասխանատու չեն համարում այդ հարցում: Այսպիսով, առավել, քան երբևէ կարևոր է ունենալ թափանցիկ, վստահելի և փաստերը ստուգող լրատվամիջոցներ։ Դա է պատճառը, որ մենք որոշեցինք նախագծել այս մեծ ծրագիրը։ Հաջողություն եմ մաղթում Մեդիա կառավարման առցանց դպրոցին»,- իր ողջույնի խոսքում նշեց ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ն.Գ. տկն. Անդրեա Վիկտորինը։
«Չափազանց կարևոր է այն աշխատանքը, որ մենք տանում ենք լրատվամիջոցների կայունության, փաստերի ստուգման ու վստահելի լրագրության հարցերում: Հետևաբար, մենք պետք է միավորենք նրանց, որոնք համակարծիք են, որոնք հավատում են ավելի լավ հասարակություն ունենալու գաղափարին», – նշեց Դոյչե Վելլե Ակադեմիայի գործադիր տնօրեն Քարսթն ֆոն Նամենը:
Ըստ ծրագրի, մինչև 2023-ի գարուն նախատեսվում է ունենալ 3 դպրոց, 20-ական մասնակցով։ Դասավանդում են տեղացի մասնագետներ, որոնք հատուկ վերապատրաստում են անցել Դոյչե Վելլե Ակադեմիայի օնլայն ուսուցման մեթոդաբանությամբ։
Ամենշաբաթյա դասերից բացի, կազմակերպվում են նաև լրացուցիչ հանդիպումներ Հայաստանից և արտերկրից բանախոսների և հյուրերի հետ։
ՄՆԿ գործադիր տնօրեն Նունե Սարգսյանի խոսքով՝ այսօր բոլոր մեդիա մենեջերներն առաջին հերթին ճգնաժամային մենեջերներ են, քանի որ նրանց այդքան ժամանակ և հնարավորություն չի տրվում դառնալ զարգացման մենեջեր։ «Ուստի ես հուսով եմ, որ մեդիակառավարման առցանց դպրոցը բոլոր հնարավորությունները կտա զարգացման մենեջեր դառնալու համար»,- նշեց նա։
Կարդացեք նաև
Առաջին դպրոցն արդեն մեկնարկել է, դրանում ընդգրկված են մեդիայի ներկայացուցիչներ Երևանից և մարզերից։ Առցանց դպրոցի կրթական ծրագիրը նպատակ ունի զարգացնել հմտություններ լրատվամիջոցների առաջխաղացման ռազմավարության, մարքեթինգի, նախագծերի ստեղծման, ռեսուրսների և ֆինանսների կառավարման ոլորտներում։ Դրանք կարևոր են ինչպես մեդիա բիզնեսի ընթացիկ պլանավորման, այնպես էլ՝ թվային միջավայրի փոփոխություններին արձագանքելու համար։
***
Դպրոցն անցկացվում է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում․ հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Եվրոպական միության և ԳԴՀ Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության ֆինանսական աջակցությամբ։