ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Վիլեն Գաբրիելյանը ԱԺ ամբիոնից ճիշտ չի ասել, երբ այսօր ԱԺ նիստում պնդել է, թե ընդդիմությունը չի մասնակցել «Պաշտպանության մասին» եւ հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթի քննարկումներին։ Այս մասին այսօր «ֆեյսբուքյան» ուղիղ միացմամբ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Հանձնաժողովում, աշխատանքային փակ քննարկմանը մասնակցել ենք, բազմաթիվ դիտողություններ եւ առարկություններ ունեցել, ներկայացրել գրավոր առաջարկներ, որովհետեւ համարում ենք, որ ԳՇ պետի պաշտոնը քաղաքականացվում է։ Այլ հիմնախնդիրների մասին էլ ենք խոսել։ Առաջարկների մի մասը մերժվել է»,-նշեց Գեղամ Մանուկյանը։
Նրա խոսքով՝ այս նախագիծը ամիսներ շարունակ քննարկվել է, մինչդեռ այսօր ԱԺ-ն հրատապ ռեժիմով է այն ընդունում։ Ինչ վերաբերում է իշխանության այսօրվա մեկնաբանություններին, թե ընդդիմությունը խուսափում է պարտադիր զինվորական եռամսյա հավաքներից, Գեղամ Մանուկյանը նշեց․ «Մենք ոչ թե քննադատում ենք հավաքների ծանուցագիր ուղարկելը, այլ այն, որ իշխանությունը դա որպես քաղաքական պատժի միջոց է կիրառում»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ