2022 թվականին նշվում է հայ կինոյի մեծ վարպետ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Յուրի Երզնկյանի ծննդյան 100-ամյա հոբելյանը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային կինոկենտրոնը կինոյի մեծ վարպետի հոբելյանին նվիրված միջոցառումներից մեկը հուլիսի 1-3-ն անցկացրել է Երզնկյան ընտանիքի ծննդավայր Լոռիում՝ Հաղպատում։
Հաղպատի մշակույթի պալատի նախասրահում միջոցառման առաջին օրը ցուցադրվել են ռեժիսորի տարբեր տարիների ֆիլմերի ցուցապաստառները, տեղի է ունեցել «Յուրի Երզնկյան» գրքի շնորհանդեսը։ Միջոցառման շրջանակում ցուցադրվել են «Եթե գաք մեզ մոտ Հաղպատ» վավերագրական և «Այս կանաչ կարմիր աշխարհը» գեղարվեստական ֆիլմերը։
Միջոցառման ընթացքում ելույթ են ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ռեժիսորի դուստրը` կինոգետ Անետա Երզնկյանը, կինոգետ Դավիթ Մուրադյանը և «Այս կանաչ կարմիր աշխարհը» գեղարվեստական ֆիլմի դերասաններ Սոֆիկ Սարգսյանն ու Հակոբ Ազիզյանը: Միջոցառմանը ներկա էր նաև Ալավերդի համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանը։ Արդեն հուլիսի 2-ին, ըստ ծրագրի, Հաղպատի մշակույթի պալատում՝ մեծ էկրանի վրա, ցուցադրվել են ռեժիսորի արխիվային լուսանկարները և «Փառքի օղակներ» գեղարվեստական ֆիլմը, իսկ երեկոյան «Քեֆո» հյուրանոցային համալիրում ցուցադրվել է «Խաթաբալա» գեղարվեստական ֆիլմը։
Կարդացեք նաև
Միջոցառման վերջին օրը՝ հուլիսի 3-ին, Ալավերդու մշակույթի տանը ցուցադրվել է «Խաթաբալա» գեղարվեստական ֆիլմը։ Ելույթով հանդես են եկել կինոգետ Անետա Երզնկյանը, կինոգետ Դավիթ Մուրադյանը և դերասաններ Սոֆիկ Սարգսյանն ու Հակոբ Ազիզյանը:
Միջոցառման նպատակն է նպաստել Հայաստանի մարզերում մշակութային կյանքի աշխուժացմանը, ազգային կինոարվեստի զարգացմանն ու տարածմանը:
Նկարիչ, սցենարիստ և ռեժիսոր Երզնկյանի բազմատաղանդ ներկայությունը հայ կինոյին պարգևել է տասնյակ վավերագրական ու գեղարվեստական ֆիլմեր, որոնք ազգային երաժշտության, գրականության և գեղանկարչության գլուխգործոցները հասցրել են մեծ էկրան՝ բացառապես երզնկյանական կինոլեզվի ու մտածողության շնորհիվ դրանք վերածելով համազգային սիրո հասցեների:
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ
ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ