Հուլիսի 6-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հեղինակած՝ «Արցախյան հիմնախնդիրը և Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականությունը» գրքի շնորհանդեսը։
ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը բացման խոսքում նշել է, որ աշխատությունում ներկայացված է Արցախի Հանրապետության ընդհանրական տեսլականը երկրի արտաքին քաղաքականության և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ։
«Գիրքը նախատեսված է օրենսդիր, գործադիր մարմինների ներկայացուցիչների, լրագրողների, գիտակրթական շրջանակների համար»,- ասել է Դավիթ Բաբայանը։
Արտաքին գերատեսչության ղեկավարը նաև ընդգծել է, որ գիրքը կհրատարակվի ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն և իսպաներեն լեզուներով՝ այն ավելի լայն շրջանակների հասանելի դարձնելու համար։
Իր ելույթում նախաձեռնության կարևորությունն է ընդգծել ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը՝ նշելով, որ ձեռնարկը օգտակար կլինի երիտասարդ քաղաքագետների, իսկ հետագայում նաև՝ ձևավորվելիք Երիտասարդական խորհրդարանի անդամների համար։
ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը, շնորհավորելով ԱԳՆ աշխատակազմին գրքի լույսընծայման կապակցությամբ, շեշտել է, որ աշխատությունը կկիրառվի թե՛ պետական գործիչների, թե՛ ադրբեջանա-ղարաբաղյան հիմնախնդրի պատճառներն ու առանձնահատկությունները բացահայտող սկսնակների կողմից։
«Աշխատությունը կարևոր է ադրբեջանա-ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ Արցախի դիրքորոշումը Արտաքին գործերի նախարարության համակարգմամբ միասնաբար առաջ մղելու տեսանկյունից», – ընդգծել է Արտակ Բեգլարյանը։
ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյանն իր ելույթում կարևորել է նման գրքի հրատարակումը արդի ժամանակաշրջանում վարվող տեղեկատվական պատերազմների համատեքստում։
Միջոցառմանը ներկա են եղել նաև Արցախի թեմի հոգևորականներ, պետական, հասարակական ու գիտակրթական ոլորտների ներկայացուցիչներ և լրագրողներ։
Արցախի Հանրապետության ԱԳՆ
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն