«Կարող է թվալ, թե մեր՝ ընդդիմության այս փնտրտուքը ժամանակավրեպ է, բայց սա շատ կարեւոր թեմա է։ Այս գումարման ԱԺ-ի մեկնարկից ի վեր ամեն թեմայով նախագծի քննարկման ժամանակ, որը չի վերաբերել պաշտպանությանն ու անվտանգությանը, ընդդիմադիրներն ասում էին՝ ժամանակ եք գտե՞լ այս թեման քննարկելու։ Հիմա գնացել են ու չեն եկել։ Այսօր պաշտպանության, զինծառայողի կարգավիճակի մասին նախագծեր ենք քննարկում, բայց ընդդիմադիրները չկան, հիմա փողոցում էլ չեն»,-ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Ինչպես հայտնել էինք, ՔՊ խմբակցության պատգամավորներն այսօր քննադատեցին այն հանգամանքը, որ պաշտպանական ոլորտին, բանակին վերաբերող օրենսդրական նախագծերի քննարկման արտահերթ նստաշրջանից բացակայում է ընդդիմությունը։
Ռուբինյանը շարունակեց ելույթը, ասաց, որ եթե պաշտպանական ոլորտը չէ ընդդիմության օրակարգը, ապա ո՞րն է․ «Եթե իրենց օրակարգը փողոցում չէ, այստեղ էլ չէ, այդ դեպքում ո՞րն է։ Իրենց օրակարգի մասին պատկերացում կարելի է կազմել իրենց վերջին օրերի ակտիվությամբ, որը սահմանափակվել է իրենց պաշտոններից հրաժարականներով եւ մի քանի հոգու մանդատները վայր դնելով։ Հետեւաբար, կարող ենք եզրակացնել, որ այս օրերին ընդդիմության միակ օրակարգն ԱԺ-ից գլխիկոր փախնելն է»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ