Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանը ամփոփեց օրերս Հռոմում անցկացված այս տարիքային խմբի Եվրոպայի առաջնությունում իր սաների մրցելույթները: Նա ասաց, որ բացի Հայաստանի առաջնություն կազմակերպելուց, բավականին հագեցած նախապատրաստական փուլեր են անցկացրել ինչպես Հայաստանում, այնպես էլ դրսում, ինչը շատ է նպաստել հաջողություններն արձանագրելուն:
Մարզիչն ընդհանուր առմամբ գոհ է հատկապես մեդալ նվաճած ըմբիշների մասնակցությունից, թեեւ նրա խոսքով, եթե մի քանի փոքր վրիպումներ թույլ չտային, մեդալներն ավելի ազնիվ մետաղից կլինեին ու էլի տղաներ կարող էին բարձրանալ պատվո պատվանդան:
Արմեն Բաբալարյանը նաեւ հստակ արձանագրեց, որ եղան նաեւ ըմբիշներ, որոնք չարդարացրին հույսերը եւ որ կարճատեւ հանգստի ընթացքում հավաքականի մարզչական շտաբը դեռ պետք է վերլուծի ու հասկանա, թե գալիք պատասխանատու մեկնարկներում ովքեր կարող են փոխարինել նրանց, կամ ընդհանրապես արժե՞ այդ քաշային կարգերում հայտ ներկայացնել, օրինակ, օգոստոսի կեսերին կայանալիք աշխարհի առաջնությունում:
Մարզիչ Մովսես Կարապետյանը նույնպես նշեց, որ տարվա ընթացքում լավ նախապատրաստական աշխատանք է կատարվել, որ իսկապես, հավաքականն ի վիճակի էր ավելի շատ մեդալներ նվաճել, եթե չլինեին ըմբիշների թույլ տված վրիպումները: Նա իր ասածի ապացույց է համարում այն, որ մեր ըմբիշները բավականին շատ գոտեմարտերում մրցակիցներին հաղթում էին միավորների մեծ տարբերությամբ, ինչը նրանց տեխնիկական պատշաճ զինանոցի եւ գորգում ճիշտ աշխատելու դեպքում գրանցվող արդյունք է:
Կարդացեք նաև
Երիտասարդական ԵԱ-ի մեդալակիր դարձած Աշոտ Խաչատրյանը, Վիգեն Նազարյանը եւ Ալբերտ Վարդանյանը շնորհակալություն հայտնեցին հավաքականի եւ իրենց անձնական մարզիչներին ու վստահեցրին, որ արդեն աշխարհի առաջնությունում չեն կրկնի սխալները ու տուն կվերադառնան մեդալներով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ