Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ այստեղ են, ոչ փողոցում․ պարոն Քոչարյան, լույս կսփռե՞ք»․ Ռուբինյանի եւ ՔՊ-ի ուղերձները՝ ընդդիմությանը

Հուլիս 06,2022 16:51

Կառավարության նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նստաշրջանում այսօր խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, դիմելով պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Վիլեն Գաբրիելյանին, նկատեց՝ այսօր պաշտպանության, զինծառայողի կարգավիճակին եւ զինծառայությանը վերաբերող օրենսդրական նախագծեր են քննարկվում, սակայն ընդդիմությունը դահլիճում չէ։

«Այդ նախագծերը երբ քննարկում էիք հանձնաժողովում, գուցե ընդդիմությունն այդտե՞ղ էր ներկա»,-հարցրեց Ռուբինյանը։ Վիլեն Գաբրիելյանն արձագանքեց, որ հարցը չհասկացավ։ Ռուբինյանը կրկնեց․ «Ընդդիմությունը ներկա՞ էր հանձնաժողովում այս նախագծերի քննարկման ժամանակ»։ Վիլեն Գաբրիելյանը պատասխանեց, որ ներկա չեն եղել․ «Բայց որքան տեղյակ եմ, ընդդիմությունը հիմա ՊՆ-ի հետ կապված ավելի շատ այլ բողոքներ ունի, որ իրենց համակիրներին զորահավաքի են հրավիրում։ Գուցե դրա համար չկան»։

Ռուբեն Ռուբինյանն ասաց․ «Տարօրինակ բան է ստացվում։ Փաստորեն, ընդդիմությունը հայտարարում է, որ ԱԺ կգա միայն իր օրակարգով, եւ միակ տրամաբանական եզրահանգումն այն է, որ պաշտպանությունը, զինծառայությունը նրանց օրակարգի մասը չեն»։ Վիլեն Գաբրիելյանը պատասխանեց․ «Իհարկե, ընդդիմությունն ազատ է տեսակետ արտահայտել, բայց պնդում եմ, որ ընդդիմությունն ԱԺ է վերադառնալու ոչ թե իր օրակարգով, այլ այն օրակարգով, որը պարտադրում են իրենց պարտավորությունները։ Պետք է գան ու հանգիստ աշխատեն բովանդակային մթնոլորտում»։

Ապա Ռուբինյանը դիմեց հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին ու հարցրեց՝ գուցե ի՞նքը լույս սփռի, թե պաշտպանությամբ մտահոգվող ընդդիմությունն ինչու է բացակա պաշտպանության մասին օրենքների քննարկումից։ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց․ «Այս նախագծերի քննարկմանն իրենց մասնակցությունը կարեւոր էր։ Հանձնաժողովներում իրենք ակտիվ էին մինչեւ փողոց տեղափոխվելը։ Կարծում էի՝ պետք է վերադառնային գոնե մի քանի օրինագծերի համար։ Դիմել եմ, չեն եկել։ Իրենց փնտրտուքով զբաղվելն իմաստ չունի»։

Ապա Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց՝ ընդդիմության առաջնորդ Իշխան Սաղաթելյանն իրեն «ծերունի» էր անվանել, սակայն ինքը չի պիտակավորի նրան եւ միայն կհիշեցնի՝ 90-ականներին, երբ բանակը նոր էր ձեւավորվում, իրենք երիտասարդ էին․ «Կառուցում էինք բանակը սովետական մոդելով, եւ նույնը հիմա առաջարկում է ՊՆ-ն, որպեսզի նախարարի եւ տեղակալների միջեւ հակասություն չառաջանա։ Այն ժամանակ կար բանակի քաղաքական ղեկավար՝ Վազգեն Սարգսյանը»։

Ապա ընդմիջում հայտարարելու ժամանակ Ռուբեն Ռուբինյանը դիմեց ընդդիմությանը․ «Հուսամ ինձ լսում եք, թեկուզ արտասահմանից։ Առաջարկում եմ այս կես ժամն օգտագործել, արտասահմանից չէ իհարկե, եւ գալ ու այս նախագծերը քննարկել»։ Ընդմիջումից հետո Ռուբինյանն արձանագրեց․ «Ընդդիմությունը, փաստորեն, չեկավ»։

ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը նկատեց՝ ընդդիմությունը հայտնի է կառավարության հասցեին բոցաշունչ մեղադրանքներով եւ դրանց հիմքում միշտ բանակն է դնում, մեղադրում, թե իշխանությունը բանակ չի ուզում․ «Իսկ ո՞ւր է ընդդիմությունը, որ կարծիք ասեր այս փաթեթների վերաբերյալ, սուր հարցեր տար պաշտպանության նախարարին»։ Ռուբինյանը հավելեց․ «Որ փողոցում լինեին, կասեինք՝ փողոցում են, բայց ոչ փողոցում են, ոչ այստեղ։ Տարօրինակ իրավիճակ է»։

ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը եւս խոսքն ուղղեց ընդդիմությանը, ասաց, որ երբ հարցը հասնում է հայրենիքի պաշտպանությանը, ընդդիմությունը նախընտրում է Երեւանում պաշտպանել հայրենիքը, իսկ երբ հարցը հասնում է եռամսյա հավաքներին, ընդդիմությունը գերադասում է հանդես գալ որպես «կիսապաշտպան»։ Ռուբեն Ռուբինյանն Արսենյանի ելույթը եւս որպես առիթ օգտագործեց ու հավելեց․ «Ես կասեի՝ ոչ թե կիսապաշտպան, այլ 4-րդ մրցավար»։

«Պաշտպանության մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ անելու մասին փաթեթի վերաբերյալ  «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի մեկնաբանությունը՝ այստեղ։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031