Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կինոն դրական տեղաշարժեր ապահովելու ներուժ ունի». Ջենիֆեր ՄքԷնդրյու

Հուլիս 06,2022 16:36

Հուլիսի 10-17-ը Երեւանում կանցկացվի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնը, որը սերտորեն համագործակցում է դեսպանությունների եւ միջազգային կազմակերպությունների հետ։

«Շատ հուզիչ է, որովհետեւ մի քանի օր է մնացել մինչեւ փառատոնը, բոլորս էլ պատրաստվում ենք, ունենք աջակցություն եւ պետական կառույցներից, եւ միջազգային գործընկերներից: Սա արդեն 19-րդ փառատոնն է, բավականին հարուստ պատմություն ունենք, հիշում ենք նաեւ 1997թ իրականացրած Գերմանական ֆիլմերի օրերը…Ի դեպ, տարբեր դեսպանությունների հետ համագործակցությունը սկսվել է փառատոնից առաջ, սակայն հաստատվել եւ ամրապնդվել է փառատոնի ընթացքում»,-ասաց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր Սուսաննա Հարությունյանը:

«Ֆրանսիայի դեսպանատան համար շատ կարեւոր է այս փառատոնին աջակցելը, որի կողքին ենք երկար ժամանակ: «Ոսկե ծիրանը» կարեւոր փառատոն է ոչ միայն Հայաստանի Հանրապետության համար: Մենք ապագայում եւս կլինենք «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի կողքին»,-նշեց Ֆրանսիայի դեսպանատան մշակութային համագործակցության հարցերով բաժնի ղեկավար Գիյոմ Նարժոլեն`շնորհակալություն հայտնելով «Ոսկե ծիրանի» կազմակերպիչներին:

Գիյոմ Նարժոլե

Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության հետ համագործակցությամբ հայ հանդիսատեսը կվայելի ֆրանսիական կինոյի իսկական հրավառություն։ «Նոր ֆրանսիական կինո ծրագրում կներկայացվեն Կլեր Դընիի «Կեսօրյա աստղերը», Ժան-Պիեռ Դարդեն/Լյուկ Դարդենի «Թորին և Լոքիտան», իսկ կարճամետրաժ մրցույթում է հայ-ֆրանսիական համարտադրությունը Առնո Խայաջանյանի «Մենավոր գիշերը»։

Հարգանքի տուրք կմատուցվի ֆրանսիական կինոյի դասական Ալեն Ռենեին, կցուցադրվեն նրա «Հիրոսիմա, իմ սեր», «Պատերազմն ավարտված է», «Անցյալ տարի Մարիենբադում» ֆիլմերը։ «Հարգանքի տուրք» ծրագրում կցուցադրվեն համաշխարհային կինոյի կենդանի դասական Կոստա-Գավրասի ֆիլմերը։ Կներկայացվի նաև ACid Cannes Speciale ծրագիրը։

Նիդեռլանդների փոխդեսպան Ջորջ Մոնսանտոն նշեց, որ ուրախ են 19-րդ «Ոսկե ծիրանին» համեստ աջակցություն ցուցաբերելու համար: «Փառատոնը ֆինանսավորելու ենք Հանրային դիվանագիտության ֆոնդերից: Փառատոնին սկսել ենք աջակցել Երեւանում դեսպանատան բացվելուց հետո, եւ երկրորդ տարին է, ինչ ֆինանսավորում ենք այն»,-ասաց փոխդեսպանը: Նրա խոսքով, կինոն հեշտ ճանապարհ է մարդկանց սրտերին հասնելու ու նոր բան ցույց տալու համար. «Այն բոլոր առաքելությունները, որ առկա են փառատոնի հիմքում` միջմշակութային հաղորդակցություն, մշակութային հարաբերությունների կառուցում եւ այլն, կբերեն մշակույթների երկխոսության»:

Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանությունը աջակցում է փառատոնային օրաթերթի լույսընծայմանը, որը փառատոնի այցեքարտերից մեկն է հանդիսանում։

Ասուլիսին ներկա էր նաեւ ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն Ջենիֆեր ՄքԷնդրյուն: Նա էլ ներկայացրեց ԱՄՆ դեսպանատան հետ համագործակցությամբ «Ոսկե ծիրան»-ի շրջանակում ցուցադրվելիք Սանդենս կինոփառատոնի ֆիլմերի ծրագիրը, որը կբացվի Սառա Դոսայի «Սիրո կրակ» կինոնկարով։ Մրցութային ծրագրում է Սիմոն Լերենգ Վիլմոնթի «Բեկորներից հավաքած տունը», կցուցադրվի նաև Կառլոտա Պերեդայի «Խոզուկը»։ Նա ուրախությամբ նշեց, որ փառատոնի ընթացքում կմեկտեղվի տարբեր երկրների ստեղծագործ ներուժը: «Ֆիլմերը առանձնահատուկ ուժ ունեն մարդկանց մոտեցնելու, կինոն յուրահատուկ պատուհան է, որ կարողանում է մերձեցնել, իրազեկել խնդիրների վերաբերյալ, այն աշխարհը փոխելու եւ դրական տեղաշարժեր ապահովելու ներուժ ունի»,-ասաց Ջենիֆեր ՄքԷնդրյուն:

Երեւանում «Գյոթե կենտրոնի» ղեկավար, մշակույթի փորձագետ Նաթիա Միքելաձե-Բախսոլիանին հայտնեց, որ 18 տարի է համագործակցում են «Ոսկե ծիրանի» հետ, եւ ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես «Գյոթե կենտրոնն» իր ավանդն է ներդրել «Արտադրված է Գերմանիայում» կինոծրագրերի համար: Այսպիսով, «Գյոթե կենտրոնի» հետ համագործակցությամբ կներկայացվեն Գերմանիայում արտադրված մի շարք ֆիլմեր, ինչպիսիք են` Ֆլորիան Հոֆմանի «Պատերազմի շորշոփները», Անդրեաս Դրեզենի «Ռաբիյե Քուրնազն ընդդեմ Ջորջ Բուշի», Ուլրիխ Զայդլի «Ռիմինի», Շաուքաթ Ամին Քորքի «Քննությունը», Դիանա Էլ Ժիրուդի «Լռության հանրապետությունը»։

Ասուլիսին մասնակցում էին նաեւ ՀԲԸՄ մշակութային ծրագրերի և մեդիայի ղեկավար Վարդան Ծուլիկյանը, Creative Armenia-ի ծրագրերի տնօրեն Անուշ Տեր-Խաչատրյանը եւ GAIFF Pro ծրագրերի ղեկավար Սոնա Կարապողոսյանը:

Հավելենք, որ փառատոնի շրջանակում ակտիվ համագործակցություն է իրականացվում նաև Հայկական բարեգործական ընդհանուր միության հետ, որտեղ կանցկացվեն ավանդական հանդիպումները անվանի կինոգործիչների հետ։ GAIFF Pro արտադրական հարթակը կանցկացվի ՀԲԸՄ-ի և Creative Armenia-ի աջակցությամբ։ 2022թ. GAIFF Pro-ի Համարտադրական շուկայում կներկայացվեն 12 նախագծեր ու 4 աշխատանքային փուլում գտնվող ֆիլմեր: Փառատոնային ակտիվ շաբաթվա ընթացքում նախագծերի ներկայացուցիչները կհանդիպեն ու կաշխատեն տարբեր ֆիլմ-պրոֆեսիոնալների հետ, ովքեր Հայաստան են ժամանել աշխարհի տարբեր երկրներից:

Շուկայում ընդգրկված նախագծերն են` «Սեյադա անունով կինը», ռեժ. Անաս Սալահեդին (Եգիպտոս, Գերմանիա), «Այշան չի կարող այլևս թռչել», ռեժ. Մորադ Մոստաֆա (Եգիպտոս), «Թռչող կովեր», ռեժ. Վահագն Խաչատրյան, Արեն Մալաքյան (Հայաստան), «Թույլ տուր անկեղծորեն լաց լինեմ քեզ հետ», ռեժ. Հարութ Մաքյան (Հայաստան), «Կաթ ու մեղր», ռեժ. Թոռնիկե Գոգրիչիանի (Վրաստան), «Տեղահանված», ռեժ. Մոհամեդ Ալ-Մաժդալավի (Պաղեստին, Շվեդիա), «Կյանքի համը», ռեժ. Անժելա Ֆրանգյան (Հայաստան, Ֆրանսիա), «Քարը», ռեժ. Մարիամ Խաթչվանի (Վրաստան), «Դեպի Ալենը», ռեժ. Էվելինա Բարսեղյան (Հայաստան), «Թմրաստան», ռեժ. Սաիդ Զաղա (Հորդանան), «Սիրով ու թշվառությամբ», ռեժ. Սոգոլ Ռեզվանի (Իրան), «Զաքո», ռեժ. Տիգրան Առաքելյան (Հայաստան, Ֆրանսիա): Լինելու են հայկական նախագծերի և կինոքննադատների աշխատարաններ։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031