Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի անդամ Ալբերտ Թադեւոսյանը «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունում հրավիրված ասուլիսում ասաց, որ փոքր երկրների Եվրոպայի առաջնություն ինքը մեկնել էր միայն հաղթելու նպատակով: «Երբ հինգ տարի առաջ Անդորրայում մեր հավաքականը հաղթեց նույն առաջնությունում, ես չէի մասնակցում վնասվածքի պատճառով: Իհարկե, այն ժամանակ ես ուրախ էի տղաների համար, սակայն, մի փոքր անբավարարվածություն ունեի, որ այդ հաղթանակում ներդրում չունեցա: Այս անգամ ստացվեց եւ դրա համար անչափ երջանիկ եմ»,-ասաց բասկետբոլիստը:
Խոսելով փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվելու մասին՝ Թադեւոսյանը շեշտեց, որ, ըստ էության, շատ քիչ ժամանակ են ունեցել: «Այդ կարճ ժամանակում Ռեքս Կալամյանը պետք է մեզ տար մեծ ծավալի տեղեկություն, մշակեր ու փորձարկեր բազմաթիվ սխեմաներ: Եվ պետք է ասեմ, որ նա եւ մեր մյուս մարզիչները հիանալի աշխատանք կատարեցին: Մարզումներն ընթանում էին բարձր տեմպով, ու երբեմն թվում էր, թե մարզիչներն ավելի շատ են հոգնում, քան բասկետբոլիստները: Դրա արդյունքում մենք օր-օրի առաջընթաց էինք արձանագրում:
Եվրոպայի առաջնությանը նախորդեց SADA Cup միջազգային մրցաշարը, որին մեր հավաքականը մասնակցեց առանց առաջատարներից Քրիս Ջոնսի: Բայց նա շատ արագ ներդաշնակվեց թիմին»,-ասաց բասկետբոլիստը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ