Լրահոս
Օրվա լրահոսը

«Դիմադրության» շարժման ցույցերի օրերին ոստիկանությունը «գրեթե իդեալականին մոտ ծառայություն է իրականացրել». Արա Ֆիդանյան

Հուլիս 06,2022 15:59

«Այդ մեկնաբանությունները սին են ու հիմնազուրկ: Դրանք որեւէ կերպ չեն կարող համապատասխանել իրականությանը, որովհետեւ այս ընթացքում գրեթե ողջ ոստիկանական համակարգը մասնակցում էր հանրահավաքների ընթացքում ծառայության իրականացմանը: Սակայն բացի այս հանրահավաքների ընթացքում ծառայությունից՝ ոստիկաններն իրականացնում են նաեւ այլ ծառայություններ, այլ գործառույթներ եւ յուրաքանչյուրն արժանանում է համապատասխան գնահատականի»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը: Լրագրողները փոխոստիկանապետից հետաքրքրվել էին՝ ոստիկանների պարգեւատրման մասին եւ նկատել, որ պարգեւատրվել է նաեւ այն ոստիկանը, որը ցույցներից մեկի ժամանակ խեղդում էր քաղաքացուն:

Մեկ այլ հարցի՝ բռնություն գործադրած ոստիկաններից քանի՞սն է մինչ օրս որեւէ քրգործով անցնում, փոխոստիկանապետը պատասխանեց՝ ասելով, թե հարցի մեջ արդեն մեղադրանք կա. «Բռնություն գործադրելու վերաբերյալ պետք է լինի դատարանի համապատասխան որոշում: Քաղաքացուն խեղդելու կադրերը… յուրաքանչյուր անգամ ես բախվում եմ նրան, որ մենք ֆիքսում ենք այն մասը, որը մեզ «պետք է»: Տվյալ լուրը, որ տարածվեց, այնտեղ շատ վերացական տվյալներ էին նշված: Կոնկրետ, թե ով է կոչումի կամ պաշտոնի բարձրացման արժանացել, չեմ կարող ասել, եթե կարիքը կա, կարող եք դիմել, մենք անպայման կպատասխանենք: Սակայն նման առանձնահատուկ մոտեցում, ինչպես որոշ լրատվամիջոցներ թմբկահարում են, գոյություն չունի: Ես կոնկրետ այդ անձի հետ կապված չեմ կարող ասել, որովհետեւ նախ չգիտեմ, թե ում մասին է խոսքը: Այդպիսի բան չկա, որ փորձի ձեռքերը շղթայված խեղդել: Հենց այդ նույն պահը, որտեղ ֆիքսվել էր, ես տեսել եմ, թե դրանից առաջ ինչ է եղել: Իրավաչափությունը կորոշվի դատարանի կողմից»:

Արա Ֆիդանյանը հավելեց, որ 80-ից ավելի ծառայողական քննություններ են նախաձեռնվել, դրանց կեսից ավելի կասեցվել է, որովհետեւ հարուցվել են քրգործեր, որոնց ավարտից հետո նոր կունենանք արդյունքներ: Այդ քրգործերի վարույթը ոստիկանությունը չի իրականացնում: Նա հստակեցրեց՝ 40-ից ավելի քրգործեր կան հարուցված:

Փոխոստիկանապետի պնդմամբ, ընդդիմության ցույցերի ընթացքում, «ոստիկանության գործողությունները եղել են ավելի քան համաչափ, եղել են նաեւ դեպքեր, երբ որոշակի խնդիրներ առաջացել են. իդեալական ծառայություն՝ նման մասշտաբների դեպքում, հնարավոր չէր իրականացնել: Բայց կրկնեմ, որ գրեթե իդեալականին մոտ ծառայություն է իրականացվել: Նվազագույն հատուկ միջոց է կիրառվել, ընդամենը մեկ անգամ»: Նա հորդորեց նայել, թե ինչպես է այլ, առաջավոր երկրներում, նման միջոցառումների ժամանակ ոստիկանությունը վարվում:

Երեկ պարգեւատրված ոստիկանների շարքում նա առանձնացրեց ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանի պարգեւատրումը՝ համարելով լիովին արժանի պարգեւատրում:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031