Այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ-ում հայտնաբերվել է աղիքային վարակների 4200 դեպք: Այս մասին այսօր «Արմենպրեսի» մամուլի սրահում ասաց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը: Ըստ նրա՝ հիվանդացությունը 2021-ի համեմատությամբ աճել է 1,2 անգամ:
ԱՆ մասնագետի խոսքով, թունավորումները տեղի են ունենում հատկապես էքսկուրսիաների ժամանակ, քանի որ խախտվում են սննդի պահպանման կանոնները:
Ռոմելլա Աբովյանը խորհուրդ է տալիս գնել թարմ սննդամթերք, ու խանութից, որտեղ պահման պայմանները պատշաճ են. «Կարևոր է պահպանել նաև սննդամթերքի պատրաստման կանոնները: Միրգը, բանջարեղենը լավ լվանալ` 2-3 րոպե, սնունդը պատրաստելիս մեծ ուշադրություն դարձնել ձեռքերի հիգիենային: Եթե չկա հոսող ջուր, ապա ձեռքերը պետք է ախտահանել: Կարևոր է հում սննդամթերքը չխառնել եփածին: Եթե միս-մսամթերք ու կաթնամթերք է, անհրաժեշտ է պահպանել սառնարան պայուսակների մեջ: Այս ամռան շոգին զերծ մնալ կրեմային հրուշակեղենից»:
Ասաց, որ այս տարի աղիքային վարակի բռնկումներ արձանագրվել են Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում` էքսկուրսիաների ժամանակ:
Կարդացեք նաև
Մանրամասները`տեսանյութում:
Բժշկի խոսքով, 2021-ին դեպքերը նվազել են, քանի որ քովիդով պայմանավորված, համատարած պահպանվել են հիգիենայի կանոնները: Նրա ներկայացմամբ, հիվանդության ախտանշանները կարող են ի հայտ գալ սնունդն ընդունելուց երկու ժամ հետո և շարունակվել մի քանի օր: Ախտանշաններն են` սրտխառնոց, փսխում, ցավ որովայնում: Բժշկի խոսքով, նման ախտանշանների դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի, ինքնաբուժմամբ չզբաղվել և չօգտագործել հակամանրեային դեղամիջոցներ:
Ռոմելլա Աբովյանի խոսքով, երեխաների օրգանիզմն ավելի զգայուն է, կարող է սկսվել ջրազրկման գործընթաց, մեծահասակների մոտ` նույնպես:
Տան պայմաններում նույնպես պետք է պահպանել հիգիենայի բոլոր կանոնները:
Ասաց նաև, որ այս տարի արձանագրվել է սնկային թունավորման 16 դեպք` մեծ քանակությամբ տուժածներով. «Հիմնական պատճառն այն է, որ սունկը չի հավաքվել է և չի գնվել խանութից: Լինում են անգամ մահվան դեպքեր: Սունկը պետք է գնել խանութից, որտեղ ստուգվում է: Պետք է հիշել, որ ուտելի և ոչ ուտելի սնկերն իրար նման են և տարանջատել հնարավոր չի»: Բժշկի խոսքով, պետք է զերծ մնալ սունկը երեխաներին տալուց և սնկի հետ չի կարելի ալկոհոլ օգտագործել:
Լուսինե ԲՈւԴԱՂՅԱՆ