Կառավարության նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նստաշրջանում այսօր պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը զեկուցեց այն օրենսդրական փոփոխությունը, ըստ որի՝ ՀՀ-ում ռազմաուսումնական հաստատություններում սովորելու եւ 20 տարի սպայի կարգավիճակում ծառայելու համար պետությունը բնակարան կտրամադրի Երեւանում։ «Սա շատ էական, կարեւոր նշանակություն է ունենալու բանակի առողջացման համար։ Արդեն արդյունքը տեսանելի է, որովհետեւ նախորդ տարվա համեմատ՝ կրկնակի ավելի դիմորդներ ունենք։ Քանակը մինչեւ սեպտեմբեր, կարծում եմ, կավելանա»,-հայտարարեց Սուրեն Պապիկյանը։
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ու հանձնաժողովի փոխնախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն էլ այս օրենսդրական փոփոխությունը հեղափոխական որակեցին։
Նույն խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանն էլ կարծիք հայտնեց, որ կրթական բաղադրիչի հետ զուգակցումը շատ կարեւոր է։ Ապա նա առաջարկեց նաեւ ռազմաուսումնական հաստատություններում դասավանդողների որակի բարձրացման համար եւս խրախուսական միջոցներ մտածել։«Բանակի խնդիրը կարեւորագույններից է մեր երկրում։ Լուրջ քննարկումներ եւ բարեփոխումներ են սպասվում։ Որեւէ ծնող չպետք է անհանգստանա, որ իր երեխան բանակում է ծառայում»,-հավելեց Վիգեն Խաչատրյանը։
Նախագիծը զեկուցող պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, արձագանքելով Վիգեն Խաչատրյանի՝ ավելի վաղ հնչեցրած առաջարկներից մեկին, ասաց՝ ինքը նախկինում էլ է կողմ եղել, որ սահմանապահ զորքերում ծառայող սպաները նույնպես օգտվեն այս փոփոխությունից․ «Սակայն հաշվի առնելով ծառայությունների պայմանագրերի ժամկետների տարբերությունը՝ հնարավոր չի եղել նման կարգավորում ներառել այս նախագծում։ Ես հանձնարարել եմ գործընկերներիս։ Եթե հնարավոր լինի իրավաբանական վարչության հետ համաձայնության գալ․․․այս փուլում, կարծում եմ, դա բավականին բարդ է։ Եթե ստացվի, ապա այո, ես կհամաձայնեմ։ Բայց միանշանակ դեմ կլինեմ 5-ամյա ծառայությունը 20-ամյա ծառայությանը հավասարեցնելուն։ Եթե չստացվի, հաջորդ տարի փոքր փոփոխություն կանենք, իրենց էլ կներգրավենք»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ