Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունում լրագրողներին ասաց, որ հավաքականը Ռեքս Կալամյանի ղեկավարությամբ բավականին լավ էր նախապատրաստվել փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը: «Մինչ այդ, մեր ընտրանին Երեւանում մասնակցեց միջազգային մրցաշարի, ճիշտ է, ոչ մարտական կազմով: Երեւանյան մրցաշարը ցույց տվեց, որ Հայաստանի հավաքականը պատրաստ է լավ արդյունքներ գրանցել: Եվ այս առումով Մալթայում գրանցված արդյունքը տրամաբանական էր ու սպասելի: Ռեքս Կալամյանը հենց սկզբից թիմի առջեւ խնդիր էր դրել՝ հաղթել բոլոր հանդիպումներում, ինչը ստացվեց»,-ասաց ՀԲՖ գլխավոր քարտուղարը:
Արթուր Նազարյանը նշեց նաեւ, որ ավելի բարձր դիվիզիոնում խաղալու ուղղությամբ պետք է մտածել. «Իհարկե, ցանկություն կա խաղալ ընտրական փուլերում, սակայն մենք պետք է նաեւ ճիշտ գնահատենք մեր ուժերը, հնարավորությունները: Եվ դա միայն Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից կախված չէ: Պետք է հասկանալ, թե արդյոք մեր պետությունը պատրա՞ստ է ունենալ նման հավաքական, թե ոչ, որովհետեւ ազգային հավաքականների պարագայում հիմնականում պետական աջակցության շնորհիվ են հավաքականները մասնակցում: Այստեղ չկա միջազգային ֆեդերացիայի աջակցություն ծախսերի տեսանկյունից: Կարող եմ օրինակ բերել մեր հարեւան Վրաստանը, որը շատ մարտունակ հավաքական ունի եւ հենց պետական աջակցության շնորհիվ է խաղում Եվրոպայի, աշխարհի առաջնություններում:
Մենք պետք է հասկանանք՝ արդյոք մեր պետությանն անհրաժեշտ է ունենալ նման հավաքական, որը տարվա ընթացքում կխաղա ընտրական հանդիպումներում: Եթե նման աջակցություն լինի՝ մեր ուժը թույլ տալիս է: Բայց այս պահին մեր տեղն իրոք փոքր երկրներն են, որովհետեւ թե հնարավորությունները, թե Հայաստանում առկա ենթակառուցվածքներն են այդպիսին»,-ասաց Արթուր Նազարյանը:
Այս հարցի հետ կապված նա դժվարացավ այս պահին հստակ որեւէ բան ասել, սակայն հույս հայտնեց, որ մինչեւ սեպտեմբեր, հոկտեմբեր կհասկանան, թե ինչ է հավաքականին սպասում հետագա տարիներին:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ