Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե հերոսի հոր հանդեպ նման վերաբերմունք ցուցաբերող ոստիկանին պարգեւատրում են՝ ուրեմն իշխանության հրահանգն է. Զավեն Մկրտչյան

Հուլիս 06,2022 15:15

Վարչապետի որոշմամբ՝ հունիսի 22-ին պարգեւատրված ոստիկանության զորքերի մի խումբ ծառայողների մեջ է նաեւ փոխգնդապետ Սերոբ Մարգարյանը, որը հունիսի 3-ին մահակով հարվածներ է հասցրել 44-օրյա պատերազմի հերոս Հայկազ Մկրտչյանի հորը՝ Զավեն Մկրտչյանին:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պարգեւատրված ոստիկանները հիմնականում ընդդիմության վերջին ցույցերին ցուցարարների նկատմամբ բռնություններ կիրառած ոստիկաններն են, Զավեն Մկրտչյանը կարծում է, որ ոստիկանները նախապես իմացել են՝ ով ավելի ակտիվ բռնություն գործադրի, պարգեւատրվելու է, դրա համար մեկը մյուսին հերթ չտալով՝ հարվածներ են հասցրել ցուցարարներին:

Ըստ նրա՝ եթե հերոսի հոր հանդեպ նման վերաբերմունք ցուցաբերող ոստիկանին պարգեւատրում են, ուրեմն իշխանության հրահանգն է։ «Միգուցե իշխանությունների հետ են աշխատել: Որովհետեւ թրքահաճո իշխանությանն օժանդակելու համար ուղղորդված ոստիկանները, որոնք առանձնացել են բռնի գործողություններով, պարգեւատրվում են »,- Aravot.am-ին ասաց Զավեն Մկրտչյանը:

Հերոսի հայրը հիշեց, որ հունիսի երեքին կառավարական շենքի դիմաց բողոքի ցույցի ժամանակ իր նկատմամբ բռնությունները սկսեցին, երբ ինքը, ցույց տալով իր հերոս որդու նկարով հագի շապիկը՝ ասաց, թե էս տղեն հազար թուրք է սպանել. «Պատահական չէ, որ էդ խոսքի վրա սեւ բերետավորը քաշեց ու նետեց ինձ սեւ բերետավորների մեջ ու անմիջապես պատռեցին տղայիս նկարով շապիկս ու սկսեցին հարվածներ հասցնել: Եթե ինձ բռնել էին, կարող էին պարզապես նստեցնել մեքենան ու բերման ենթարկել, բայց ոչ՝ քաշքշում էին ու հարվածում »:

Այդ դեպքով Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է հարուցվել, ավելի ուշ փոխանցվել քննչական կոմիտեին:

Զավեն Մկրտչյանը ճանաչվել է տուժող, տվել բացատրություն: Նա ասաց, որ մինչեւ օրս չի առերեսվել վարույթում ներգրավված այլ կարգավիճակ ունեցողների հետ, չգիտի՝ ով է մեղադրյալը:

Այս քրեական վարույթից այլ մանրամասներ կներկայացնենք ավելի ուշ, երբ ստանանք քննչական կոմիտե ուղարկված մեր գրավոր հարցման պատասխանը:

https://www.youtube.com/watch?app=desktop&v=-511eS8tPjU&feature=share&fbclid=IwAR08xDIV-3mVnjBPZzqXiN7ZuU-CrDdsbMWhUI1hzrMTOYV_BSyqTzs4Xx4

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031