Կառավարությունը որոշման նախագիծ է դրել շրջանառության մեջ, որով նախատեսում է մի ՊՈԱԿ ստեղծել ու ճանապարհային երթեւեկության ոլորտում արդեն տասնյակ տարիներ ստեղծված, փորձված ու կայացած համակարգերից մեկը՝ տեսանկարահանող կամ լուսանկարող սարքերի գործունեության համակարգումը տալ այդ ՊՈԱԿ-ին: Խոսքը «Ոստիկանության էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն ՊՈԱԿ ստեղծելու» նախագծի մասին է:
Ներկայումս համակարգի անխափան աշխատանքն իրականացվում է կառավարության եւ «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ի միջեւ կնքված պայմանագրով: Եթե կառավարությունը մտադիր է միայնակ իր ձեռքը վերցնել ու իրականացնել այդ աշխատանքը, մենք պետք է հասկանանք՝ ունե՞նք դրա համար անհրաժեշտ ռեսուրսը, հաշվարկե՞լ ենք ռիսկերը ու արդյոք հիմա պատե՞հ պահն է այդ քայլին գնալու: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները պատկան մարմինները չեն տալիս:
Նախ, նման «վիրահատական» մեթոդով խնդրի լուծման համար ենթադրվում է, որ պետք է լինի լուրջ պատճառ, ասենք, բյուջեն վնասներ կրի, համակարգն իրեն չարդարացնի, կառավարումը ձախողված լինի: Հիմա ո՞րն է պատճառը. նախագծի հիմնավորման մեջ նշվում է հետեւյալը՝ կառավարությունը, որպես հավատարմագրային կառավարչի ծախսերի հատուցում եւ վարձատրություն, «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ին հատուցել է հավատարմագրային կառավարման ընթացքում նրա կրած ծախսերը, որը կազմել է 2020 թ.-ին 2 մլրդ 576 մլն դրամ, իսկ 2021 թ.-ին հատուցվել է 2 մլրդ, 335 մլն դրամ: Բացի այդ, նշված է, որ ՍՊԸ-ին վարձատրել են այդ սարքերով հայտնաբերված իրավախախտումների տուգանքների ու կատարված ծախսերի տարբերության 10 %-ի չափով՝ ներառյալ հարկերը, տուրքերը եւ պարտադիր այլ վճարները, դա էլ կազմել է 2020-ին 486 մլն դրամ, 2021-ին՝ 715 մլն:
Կարդացեք նաև
Իսկ հարց չի՞ առաջանում՝ ինչքա՞ն մուտք է ապահովել այդ ընթացքում ՍՊԸ-ն: Դրա մասին հիմնավորման մեջ խոսք չկա: Այսինքն, ելքը ցույց են տալիս, մուտքը՝ չէ: Իրականում ՍՊԸ-ն 2020-ի ներկայացված ծախսերի համեմատ 2021-ին ապահովել է 60% ավելի մուտք: Սա ցույց է տալիս, որ տնտեսական առումով համակարգը իրեն արդարացրել է:
Բացի այդ, ներկայումս համակարգն ունի 800 աշխատակից, 530 հոգի աշխատում է անմիջապես ձեռնարկությունում, նրանք բարձրակարգ մասնագետներ են՝ գործի գիտակ: Ումո՞վ է փոխարինելու կառավարությունը այդ մարդկանց: Համակարգի հիմնադիրը ՍՊԸ-ն է՝ իր ներդրումներով: Այդ համակարգի որակից, աշխատանքից բոլորը շատ գոհ են եղել, հիմա պետականացման դեպքում դա ռիսկային է լինելու ու էլի ընկնելու ենք փորձարկումների շղթայի մեջ:
Մյուս բաղադրիչը, որ հիմնավորման մեջ նշվում է, տեխնիկականն է: Այս համակարգը աշխատում է 2012-ի հունվարի 16-ից ու 10 տարի է՝ գիշեր-ցերեկ շուրջօրյա աշխատում է, բնական է, որ տեխնիկան հին է, մաշված է: Այն տեխնիկան, որը ներդրվել է համակարգում, այլեւս չի արտադրվում: Վերցնել ու այդ տեխնիկան մեկ օրում հեռացնել, 700 տեսախցիկները ամբողջությամբ փոխելը հսկայական ծախսեր է պահանջելու: Ներկայիս լուրջ մարտահրավերների պարագայում ունի՞ մեր պետությունը այդ հնարավորությունը, ինչպես ասում են՝ առաջնային, ռազմավարական խնդիրները թողած՝ «սարի սմբուլ» երգելու:
ՍՊԸ-ն ունի տեխնիկական լուծումներ՝ հատուկ մշակումներ, տեխնոլոգիա, որով խաչմերուկ առ խաչմերուկ շարքից դուրս գալու դեպքում կարող է թարմացնել համակարգը՝ փոխելով մեկ առ մեկ ու ապահովելով համակարգի անխափան աշխատանքը: Ուրեմն ինչո՞ւ գնալ փորձարկումների ճանապարհով: Հիմնավորման մեջ նշվում է, թե տեսախցիկներն աշխատում են հունգարական STP ծրագրով, որը չի ինտեգրվում ներկայումս շուկայում առկա տեխնիկածրագրային լուծումների հետ: Հարց է առաջանում՝ բա եթե չի ինտեգրվում, այսօր ո՞նց է աշխատում: Ընդ որում, համակարգը աշխատում է ոչ միայն զուտ ճանապարհային երթեւեկության խախտումների համար, այլեւ բոլոր տիպի քրեական հանցագործությունների բացահայտումների համար՝ գողություն, սպանություններ եւ այլն: Տեսախցիկները մեծ դեր ունեն դրանք կանխելու, բացահայտելու հարցում: Մենք կարո՞ղ ենք այսօր մեզ թույլ տալ տասնյակ տարիներ հանրության մոտ ձեւավորված այդ մշակույթը եւս կոտրել:
Կա եւս մի կարեւոր փաստ: Այս 10 տարվա ընթացքում մեր երկրում վերջապես ստեղծվել է մի համակարգ, որի առջեւ բոլորը հավասար են՝ ոստիկանապետ, փոխոստիկանապետ, տարատեսակ չինովնիկներ, նախարարներ, օլիգարխներ ու շարքային վարորդներ: Բոլորը հավասարապես տուգանվում են ու չեն կարողանում միջամտություն անել, «ջրել» իրենց տուգանքները: Պետականացնելու դեպքում, եթե նույնիսկ ամեն ինչ արվի բարոյական, իրավական ամենաազնվագույն սկզբունքներով ու կանոններով, միշտ հանրությունն ունենալու է կասկած, որ պետությունը յուրայիններին չի տուգանում այնքան, որքան, ասենք, իր հարեւան, շարքային վարորդ Պողոսին: Մարդիկ միշտ ասելու են, որ այսինչ նախարարի որդին, այսինչ օլիգարխի եղբայրը փողոցում «ճռռիկներ» է անում, իրեն անպատժելի է զգում, որովհետեւ հիմա այս համակարգի ողջ լծակները, մուրճն ու մեխը իրենց ձեռքում է, կզանգեն, ծանոթներ մեջ կգցեն ու կմիջամտեն:
Այսօրվա դրությամբ 90%-ը պետական է, 10%-ն է ՍՊԸ-ինը, բայց կառավարումն իրականացնում է ընկերությունը, հետեւաբար բոլորը գիտեն՝ ով խախտում արեց՝ տուգանվում է առանց բացառության: Բավական է, որ հասարակությունը մեկ դեպքով տեսնի, որ կա արտոնյալ, ողջ համակարգը կապականվի ու այլեւս չի ծառայի իր նպատակին: Այսօր ՍՊԸ-ում աշխատանքի ընդունվելու գործընթացը տեւում է մոտ 3 ամիս՝ հարցազրույց, քննություն, հետո 2 ամիս նրանց հետ աշխատում են փորձագետները, պատրաստում են մասնագետներ, 6 ամիս օպերատոր է աշխատում, նոր առաջ գնում, ոչ մի պատահական մարդ չի կարող մտնել համակարգ, սա թույլ է տալիս կողմնակալությունները բացառել: Մենք փոքր երկիր ունենք, բոլորս իրար ճանաչում ենք, բարեկամ, ազգական ունենք, ակնհայտ է, չէ՞, որ եթե տեսնի՝ խախտում անողն իր բարեկամն է, խնամին է, ծանոթն է, կարող է աչք փակի, չարձանագրի: Հիմա կա հստակ կանոնակարգ, բազմաստիճան ստուգումներ, որի արդյունքում այսօր քաղաքում այդ խոսակցությունները վերացել են, թե՝ Պողոսին տուգանում են, Պետրոսին՝ չէ: Ունի՞ կառավարությունը այդքան պատրաստված կադրեր՝ իր վերահսկող կանոնակարգերով:
Ի վերջո` հասկանալու համար, թե ինչի է հանգեցնելու տեսանկարահանող սարքերի ներդրված համակարգի պետականացումը, մենք ունենք կարմիր գծերի օրինակը՝ ոչ նորմալ աշխատում է, ոչ նորմալ արձանագրում, բողոքների հսկայական բանակ կա, սխալների մեծ թիվ: Նույնը լինելու է այս փոփոխության դեպքում, դեռ ավելի վատ: Գոնե կարմիր գծերի ՊՈԱԿ-ի գանձած գումարը մտնում է համայնքային բյուջե ու համայնքը ինչ-որ ձեւ դրանով շահագրգռված է: Այս դեպքում պետբյուջե է մտնում գումարը:
Նախագծի հիմնավորման մեջ նշել են, որ արդյունավետ կառավարում են ակնկալում: Կարո՞ղ է որեւէ մեկը բացատրել՝ ի՞նչն է ներկայումս գործող համակարգում ոչ արդյունավետ, եթե ստացվում է, որ թե՛ տեխնիկական, թե՛ տնտեսական առումով այս փոփոխության հիմնավորումները առնվազն թույլ են:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Infogram