Պետական գույքի մասնավորեցման 2017-2020թթ․-ի ծրագրի մասին օրենքի փոփոխությունների համաձայն՝ «Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտական կենտրոն»-ի, «Հանրապետական անձավաբուժական կենտրոն»-ի եւ «Վարդենիսի ստոմատոլոգիական կլինիկա ՓԲԸ»-ի գործունեության ուղղությունը կփոխվի։ Այս երեք հաստատություններից, ինչպես ԱԺ արտահերթ նստաշրջանում այսօր զեկուցեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, հիմա գործում է միայն «Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտական կենտրոն»-ը։
«Ներկայիս բժշկագիտության զարգացման պայմաններում մեր տեսլականն է՝ այն ներառել բազմապրոֆիլ ԲԿ-ներում որպես առանձին ծառայություն։ Բացի այդ, «Նեւրոզների կլինիկայի» գործունեությունը տեղափոխվելու է «Ավան հոգեբուժական կենտրոն», որտեղ կփորձենք զարգացնել այս ծառայությունը։ Կենտրոնը վերազինվում է»,-հայտնեց Անահիտ Ավանեսյանը։
ՔՊ խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է հիմնավորվում նշյալ երկու կենտրոնների միավորումը։ «Այս պահին մեկ ամբողջական բաժանմունք է նորոգվում, որում տեղակայվելու է «Նեւրոզների կլինիկան»։ Առաջիկայում Ավանի կլինիկան ամբողջապես կնորոգվի, կվերազինվի։ Վերջերս մանկական բաժանմունք է բացվել։ Մեր պատկերացմամբ՝ ստացիոնար բժշկական օգնությունը պետք է լինի կենտրոնացված։ Իսկ ամբուլատոր ծառայությունների դեպքում գնում ենք ապակենտրոնացման, ինչը քաղաքացու համար հասանելիություն կապահովի իր բնակության վայրում»,-պատասխանեց Անահիտ Ավանեսյանը։
Ինչ վերաբերում է «Նեւրոզների կլինիկայի» աշխատակիցների ճակատագրին, նախարարը նշեց՝ նրանք, ովքեր կբավարարեն նոր կլինիկայում աշխատելու պայմաններին, կտեղափոխվեն այդտեղ․ «Հիմա հակառակ խնդիրն ունենք։ Որոշ ԲԿ-ներում որակյալ բուժքույրերի, բժիշկների պակաս ունենք։ Վստահ եմ, որ պատշաճ մասնագիտական որակներով անձինք աշխատանքի խնդիր չեն ունենա»։
Կարդացեք նաև
ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ հարցրեց՝ նշյալ փոփոխությունները քննարկվե՞լ են աշխատակիցների հետ, ինչո՞ւ են սկզբից ԲԿ-ները լուծարվում, հետո նոր տեղափոխում։ «Իհարկե, գործընթացը կազմակերպել ենք՝ հաշվի առնելով քաղաքացիների բժշկական սպասարկման անընդհատության ապահովման անհրաժեշտությունը։ Հաշվի ենք առել ԲԿ-ների մտահոգությունները, նաեւ՝ հարցերը դրել մասնագիտական լայն քննարկման։ Անընդհատ փոփոխվող եւ զարգացող ծառայությունների տրամաբանությամբ պետք է շարժվենք։ Այո, որոշ բարեփոխումներ ցավոտ են, բայց եթե համակարգը չփոփոխենք, ծախսերն արդյունավետ չհաշվարկենք, չենք կարող զարգանալ»,-արձագանքեց Անահիտ Ավանեսյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ