Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղատան կազմակերպիչների ապօրինի գործունեության արդյունքում պետությանը պատճառված վնասը կազմել է 5 միլիարդ 500 միլիոն դրամ

Հուլիս 06,2022 13:01

Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունն օրերս բացահայտել է խաղատան ապօրինի գործունեության հերթական դեպքը: Մասնավորապես, վարչություն օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևանի Շենգավիթ համայնքի վարչական տարածքում գործում է ընդհատակյա խաղատուն: Գաղտնի և ծածկագրված եղանակներով, Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցներն իրականացրել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ և հանգամանքներ, որ Երևանի Բագրատունյաց փողոցի շենքերից մեկի նկուղային հարկում Երևանի բնակիչներ Ա. Խ.-ի և Ա. Մ-ի կողմից փաստացի կազմակերպվել և իրականացվել է դրամական շահման հնարավորությամբ, խաղարկողի մասնակցությամբ «պոկեր» տեսակի թղթախաղ` «կենդանի խաղ», որը «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքով հանդիսանում է խաղատնային գործունեություն:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ խաղատունը շաբաթվա ընթացքում գործել է հիմնականում երկու օր և միայն գիշերային ժամերին: Քանի որ խաղատունը գործում էր ընդահատկյա, պատահական այցելուներ խաղատան տարածք մուտք գործել չէին կարող: Ընդ որում, խաղատան գործունեությունն իրականացվել է նախապես մշակված սցենարով: Կազմակերպիչները խաղի մասնակիցներին և խաղարկողին նախապես տեղեկացնում էին կայանալիք խաղի և մասնակիցների կազմի մասին, և անձամբ հրավիրում նրանց խաղին մասնակցելու:

Դեպքի առթիվ, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախապատրաստված նյութերի հիմքով, ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Խաղատան կազմակերպիչների ապօրինի գործունեության արդյունքում պետությանը պատճառված վնասը կազմել է 5 միլիարդ 500 միլիոն դրամ: Միջոցներ են ձեռնարկվում խաղատան գործունեության ընթացքում ներգրավված անձանց շրջանակը պարզելու, պետությանը պատճառված վնասի վերջնական չափը հստակեցնելու ուղղությամբ:

Նշենք, որ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, խաղատուն կարող է կազմակերպվել Ծաղկաձոր, Ջերմուկ, Սևան և Մեղրի համայնքների վարչական սահմաններում, ինչպես նաև Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում: Իսկ խաղատուն և (կամ) շահումով մեքենայացված խաղ կարող է կազմակերպվել (լիցենզավորվել) ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած 40 միլիարդ դրամից ավելի ներդրումային ծրագրի շրջանակում՝ այդ ներդրումը մեկ վայրում կատարված լինելու դեպքում:

Ծանուցում. ենթադրյալ հանցագործության համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031