«44-օրյա պատերազմի ժամանակ այդպես էլ չհասկացանք, թե ով է մեղավորը, բոլորն իրենց վրայից գցում էին պատասխանատվությունը, վերջում էլ պարզվեց, որ վարչապետն է. հիմա ես ուզում են հասկանալ՝ եթե ԳՇ պետը դառնում է նախարարի առաջին տեղակալ, պատերազմի ժամանակ ո՞ւմ վրա է պատասխանատվությունն ընկնում՝ առաջին տեղակալի՞, թե՞ նախարարի»,- այս հարցն այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին տվեց իշխող ուժը ներկայացնող պատգամավոր Գագիկ Մելքոնյանը:
Սուրեն Պապիկյանը ներկայացնում էր կառուցվածքային փոփոխությունների մասին նախագծի փաթեթը, որն ապահովում է ԳՇ պետի ղեկավարի՝ նախարարի առաջին տեղակալ լինելու հարցը: Իր գնահատմամբ, տարիների ընթացքում, մեկ գերատեսչության ներքո առանձնացել են երկու առանձին ինստիտուտներ, որը խաթարում է «երկրի պաշտպանության եւ ԶՈՒ կառավարումը եւ լրացուցիչ խնդիրներ է առաջացնում՝ բյուրոկրատական եւ այլ առումներով»:
Պատգամավորի հարցին Սուրեն Պապիկյանը պատասխանեց, որ թե գործող օրենքով, թե առաջարկվող կարգավորումներով, յուրաքանչյուր անձ պատասխանատվություն է կրում իր արարքների համար, բայց քաղաքական պատասխանատուն նախարարն է: Իր փոխանցմամբ, նոր նախագծում հստակ նշվում է՝ յուրաքանչյուր անձի իրավասությունը:
Մանրամասներն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը չհամաձայնեց, 44- օրյայի ժամանակ ղեկավարման ուղղահայացը խաթարվել է, նրա կարծիքով, գործող օրենքում ամեն ինչ հստակ սահմանված է: Իրեն հետաքրքրում էր այս նախագծի ներկայացման հրատապ ռեժիմն ինչո՞վ է պայմանավորված, քանի որ նախագծի հիմնավորումներում էլ է դա գրված: Իշխող ուժը ներկայացնող պատգամավորը նաեւ դժգոհեց՝ նամակով դիմել է, որ աշխարհազորի մասին քննարկումներին իրեն հրավիրեն, նախարարությունից պատասխան չի ստացել:
Սուրեն Պապիկյանը հիշեցրեց՝ նախագծերի փաթեթը մեկ տարի է քննարկվում է եւ արդյունքում ապահովում է ՊՆ-ի՝ միաձույլ կառույց լինելու հնարավորությունը, ինչը ինքը կարեւոր է համարում՝ հնարավոր ռազմական գործողությունների ժամանակ անջրպետ չլինի: Առկա խնդիրների մասին ասաց, որ չի ցանկանում բաց խոսել, միայն մեկ օրինակ բերեց, որ մինչ օրս ՊՆ-ի տարբեր վարչություններում ութ ֆինանսական կառույցներ են գործել, մինչդեռ դրանք կարելի է կենտրոնացնել, որ զինվորականն այդ խնդիրներով չզբաղվի, դրանցով զբաղվեն քաղաքացիական եւ քաղաքական պատասխանատուները:
Սուրեն Պապիկյանն ասաց, որ ՌԴ գործընկերների հետ համաձայնեցված փոփոխություններ են առաջարկել իրենք: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ հավելեց, որ բանակը կազմավորելիս՝ իրենք այս անալոգիայով են սկսել:
Մանրամասները՝ տեսանյութում
Իշխող ուժը ներկայացնող պատգամավոր Արմեն Խաչատրյանն իր ելույթում վստահություն հայտնեց, որ այս նախագիծը էականորեն կբարձրացնի ԶՈՒ-ի մարտունակությունը:
Մանրամասները՝ տեսանյութում
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ իր ելույթում՝ ասաց, որ փաթեթում կարեւոր բան կա՝ հանված է գնումների համակարգը, որը փչացրեց մեր զինվորականությանը: Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ մեկ առաջին տեղակալ է լինում, ինչը, հետագայում, լիազորությունների գերազանցման հարցի առաջ կարող է կանգնեցնել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ