Լրահոս
Օրվա լրահոսը

Ժողովրդավարության եզրույթի շահարկմամբ երկրում հաստատվում է իսկական բռնատիրություն. հայտարարություն

Հուլիս 06,2022 11:30

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ ՀՀ ԱԱԾ-ն, ամենայն հավանականությամբ կատարելով ազգակործան իշխանության պատվերը, հետապնդումներ է իրականացնում այլախոհ հերթական լրագրողի նկատմամբ:

Այս անգամ թիրախում է «Hayeli. am-Հայելի ակումբ»-ի համահիմնադիր, գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյանը, որը հանրությանը հայտնի է իր ընդդիմադիր հայացքներով և հետևորդների մեծ բանակով:

Երևույթն այսքան տագնապալի չէր լինի, եթե դա կրեր եզակի բնույթ:

Ակնհայտ է, որ ընդդիմադիր լրատվամիջոցների նկատմամբ իրագործվում են կենտրոնացված նպատակային հետապնդումներ:

Նման հալածանքների են ենթարկվել Հ2-ը, «Երկիր-մեդիա»-ն, «5-րդ ալիք»-ը, «168.am»-ը, և ցանկը շարունակելի է:

Նույն ճակատագրին են արժանանում նաև բազմաթիվ անհատ լրագրողներ;

Փաստորեն այս մեթոդներով է «ժողովրդավարությունը վերածվելու երկրի անվտանգությունն ապահովող տևական գործոնի»:

Մենք վճռականորեն դատապարտում ենք ազատ խոսքի բռնադատման ցանկացած քայլ և հայտարարում ենք, որ.

– մեր երկրում ամեն վայրկյան խախտվում է Սահմանադրությամբ ամրագրված ազատ խոսքի իրավունքը,

– ժողովրդավարության եզրույթի շահարկմամբ երկրում հաստատվում է իսկական բռնատիրություն,

– այլախոհության նկատմամբ անհանդուրժողականությունը դարձել է իշխանության իրական գործելաոճը, և բանտերը լցվում են քաղբանտարկյալներով:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Մենք հաստատակամ ենք մեր մոտեցումներում և հնարավոր բոլոր միջոցներով պայքարելու ենք արմատավորվող այս հոռի և այլանդակ դրսևորումների դեմ:

Մեր վճռական խոսքն ենք ուղղում այս իշխանություններին՝ ձեռքներդ հեռո՛ւ Անժելա Թովմասյանից և ազատ խոսքի բոլոր նվիրյալներից:

«Պահեստազորի սպաներ» շարժում

«Ձայն հայրենեաց» մշակույթի գործիչների շարժում

«Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների ՀԿ

«Հայ ազգային գվարդիա» ՀԿ

«Ղարաբաղի պատերազմի վետերանների միություն» ՀԿ

«Իրավունքի և արժեքների գերակայություն» ՀԿ

«Վերադարձ» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել