Լրահոս
Օրվա լրահոսը

Ռազմաուսումնական հաստատություններում սովորելու եւ 20 տարի սպայի կարգավիճակում ծառայելու համար պետությունը բնակարան կտա. Սուրեն Պապիկյան

Հուլիս 06,2022 10:54

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովը, արտահերթ նիստում եւ արագացված ընթացակարգով քննարկեց «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին հարցը:

Հարցի հիմնական զեկուցող ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ներկայացնելով հարցն ասաց, որ մեր սպաներն այսօր սոցիալական ապահովության, ընտանիքները սոցիալապես ապահովելու խնդիր ունեն, ինչին էլ միտված է այս նախագիծը: Ըստ այդմ, առաջարկվում է ռազմաուսումնական հաստատություն ավարտած եւ ՊՆ-ում սպայական կազմի նշանակված անձանց համար սահմանել բնակարանային ապահովության նոր տեսակ՝ անհատույց օգտագործման եւ անհատույց սեփականության իրավունքով բնակարան ստանալու իրավունք: Այս փոփոխությունն, ըստ Սուրեն Պապիկյանի, կխթանի եւ կավելացնի ռազմաուսումնական հաստատություններում սովորելու եւ կադրային զինվորական կրթություն ստանալու, հետագայում այդ ուղղությամբ աշխատանքը շարունակելու հարցը:

2022-ի հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություններ ընդունված ծառայողների համար նախատեսվում է ուսումն ավարտելուց հետո՝ անհատույց օգտագործման իրավունքով ծառայողական բնակարանների տրամադրում, իսկ 20 տարվա զինծառայության ժամկետը լրանալուց հետո բնակարանը կմնա տվյալ անձին՝ սեփականության իրավունքով: Մինչեւ պայմանագրի ավարտը առողջական վիճակով եւ հաշմանդամության պատճառով ծառայությունից ազատվողները, եթե դա տեղի է ունեցել ծառայության պատճառով, նույնպես կօգտվեն իրենց՝ պայմանագրով սահմանված իրավունքից:

Բնակարան հատկացնելու կարգը եւ պայմանները կսահմանվեն կառավարության որոշմամբ:

Ընդդիմադիր պատգամավորները նիստին ներկա չէին, իսկ իշխող ուժը ներկայացնող պատգամավորները դրվատանքով խոսեցին նախագծի մասին: Արմեն Խաչատրյանն ասաց, որ արդեն մեկ ամիս է՝ իրենք տեղյակ են նախագծից, մարդկանց հետ խոսում են, իրազեկում են, ոգեւորում են: Նա իր ելույթում խոսեց նախագծի մուլտիպլիկատիվ էֆեկտների մասին, քանի որ իր փոխանցմամբ, 2011 թվականից հետո, ռազմաուսումնական հաստատությունների դիմորդների թիվը կտրուկ նվազել է: Ըստ նրա, տարի ունենք, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան 11 հոգի է դիմել, ինչը բանակի համար կործանարար էր, քանի որ չէինք ունենում բազային կրթությամբ կադրային սպաներ, ուստի բանակում բարեփոխումներն անիմաստ էին դառնում՝ ինչպիսի սպառազինություն էլ ձեռք բերվեր: Այս նախագծով, իր կարծիքով, ռազմական ակադեմիա դիմելու գրավչությունը կմեծանա: Արմեն Խաչատրյանն ընդգծեց, որ նման կարգավորում, որ կուրսանտը սպա դառնալուց հետո բնակարան ստանա, անգամ ՌԴ-ում չի եղել ու չկա: Նա առաջարկեց սահմանապահ զորքերում 20 տարի ծառայության անցնելու դեպքում էլ այս կարգավորումները տարածվեն:

Սուրեն Պապիկյանն ասաց, որ հարցը փաթեթում ընդգրկված է, քանի որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանն էլ բարեփոխումների փուլ է անցնում. այն կմիավորվի Ռազմական ավիացիայի ուսումնարանի հետ եւ այդ կարգավորումներով հարցը լուծում է ստանում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031