Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Խաժակյան․ Ինձ հայտնի են դեպքեր, երբ անձամբ ծանուցվելուց հետո Հայկ Մարությանը կոնկրետ հողազավթումը չի վերացրել․ «Հրապարակ»

Հուլիս 06,2022 10:18

Վարչապետին կից Պետական վերահսկողական ծառայության «բացահայտումը», թե Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի օրոք՝ 2018-21 թթ․, քաղաքապետարանում շուրջ 16 միլիարդ դրամի կամ մոտ 40 միլիոն դոլարի խախտումներ են եղել, միանգամայն սպասելի էր։ Քաղաքապետի ընտրությունը սարերի հետեւում չէ, ասում են՝ նույնիսկ սահմանված ժամկետից՝ 2023 թվականի սեպտեմբերից շուտ է անցկացվելու։ Հայկ Մարությանն էլ թեեւ հայտարարել է, որ դեռ չի որոշել՝ առաջադրվելու է ընտրություններին, թե ոչ, սակայն անցյալ տարվա նրա պատմական ելույթից հետո՝ իմպիչմենթի հարցով պատմական նիստում, շատերը կցանկանային նրան կրկին տեսնել այս պաշտոնում։ Եվ լուրեր կան, որ նա, ամենայն հավանականությամբ, կառաջադրվի քաղաքապետի թեկնածու։

Բայց ի՞նչ չարաշահման մասին է խոսքը։ Խախտումների միակ «բացվածքը» տալիս է «Ռադար» կայքը՝ շինթույլտվությունների տրամադրում, գույքահարկի վճարումներ, վառելիքի անհիմն ելքագրումներ՝ քաղաքապետարանի աշխատողների վրա, ինքնակամ կառույցների օրինականացում, ավելի քան 250 միլիոն դրամի գույքահարկի գումարներ՝ չհաշվառված ավտոմեքենաների համար, մեքենաները ներկայացվել են վաճառված, եւ գույքահարկի գումարները զրոյացվել են, շինթույլտվությունների տրամադրման գործընթացում են արձանագրվել չարաշահումներ, ինքնակամ կառույցներ են օրինականացվել՝ առանց տուգանք գանձելու, հողամասերի ուղիղ վաճառք։ Անգամ փողոցների նորոգման եւ ճեղքերի փակման աշխատանքները կատարվել են թերացումներով, եւ սա էլ է բարդվելու Հայկ Մարությանի վրա։

Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին, որը ժամանակին շատ էր քննադատում Հայկ Մարությանին, հարցրինք, թե նշված խախտումներից որոնք են վերաբերում կոնկրետ քաղաքապետին, եւ որոնց դեպքում այլ մեղավորներ կարող են լինել։ «Շինթույլտվության տակ անձամբ ստորագրում է քաղաքապետը։ Մեքենաների գույքահարկի խախտումները, ամենայն հավանականությամբ, նրա հետ կապ չունեն։ Ինքնակամ կառույցների օրինականացումը բացառիկ քաղաքապետի լիազորությունն է՝ օրենքով սահմանված, որն ասում է, որ հողազավթումների ու ապօրինի շինությունների նկատմամբ հսկողությունն իրականացնում է քաղաքապետը, հողազավթման մասին ծանուցվելուց տասնօրյա ժամկետում պարտավոր է միջոցներ ձեռնարկել։ Ինձ հայտնի են դեպքեր, երբ անձամբ ծանուցվելուց հետո նա կոնկրետ հողազավթումը չի վերացրել։ Դեպքերից մեկում ես եմ անձամբ իր հետ խոսել, որին ընթացք չի տրվել»,- ասաց նա։

– Վառելիքի անհիմն ելքագրումները քաղաքապետարանի աշխատողների վրա։ Սա, երեւի, կա՞պ ունի։

– Կդժվարանամ ասել, թե կոնկրետ որ կառույցի աշխատողներն են եղել։ Առհասարակ, «Երեւան տրանս» ՓԲԸ-ն է դա անում, որը վառելիքի սահմանաչափերը, հավանաբար, համաձայնեցրել է քաղաքապետի հետ․ ենթադրում եմ։ Այդ հիմնարկի ղեկավարն էլ, որը ազատվեց աշխատանքից, Մարությանի մերձավորն է եղել։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031