Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կստեղծվի՞ արդյոք հայկական «Ռոսկոմնադզորը»

Հուլիս 06,2022 10:00

Երբ խոսքի ազատության հետ կապված որեւէ «բարեփոխում» է իրականացվում, ապա պետք է նախեւառաջ հարցնել՝ ինչպիսի՞ն է այն իշխանությունը, որն այդ «բարեփոխումն» իրականացնում է, ինչպիսի՞ն է երկրի քաղաքական ռեժիմը: Եթե խոսքը Գերմանիայի կամ որեւէ այլ արեւմտաեվրոպական երկրի մասին է, ապա մեծ է հավանականությունը, որ նոր կարգավորումները ներդրվում են ինչ-որ բարի նպատակներով: Ուրիշ հարց, որ այդ նպատակները կարող են չիրագործվել, եւ ավելին՝ ի վերջո պետությունը ճիշտ հակառակ արդյունքի հասնի: Բայց Ռուսաստանի կամ Հայաստանի դեպքում բարի նպատակադրումների մասին «կասկածները» լիովին անհիմն են: Մի երկրում, որտեղ նոր սահմանադրության ընդունումից հետո նախագահի ժամկետները «զրոյացվում են» կամ մեկ այլ երկրում, որտեղ Սահմանադրությունը փոխվում է բացառապես տվյալ իշխանության համար վերարտադրվելու ավելի հարմարավետ պայմաններ ստեղծելու համար, այդպիսի երկրներում բոլոր տեսակի «բարեփոխումներն» իրականացվում են միմիայն քաղաքացիների իրավունքները սահմանափակելու համար: Եվ այդ քայլերն, անշուշտ, կիրականացվեն, որովհետեւ վերը նշված պետություններում խորհրդարաններն, ըստ էության, միակուսակցական են:

Մի քանի տարի առաջ մենք «Ռոսկոմնադզորի» հետ շփումների փորձ ենք ունեցել: Այդ կառույցը պահանջում էր «Առավոտի» ռուսալեզու կայքից հեռացնել ռուսաստանցի մի գործարարի մասին հիշատակումները: Ընդ որում, երկու անգամ մենք պահանջը կատարել էինք, բայց երբ տեսանք, որ պետական այդ մարմինը մշտական որոնման մեջ է եւ «տարիների խորքից» տարբեր հրապարակումներում փնտրում ու գտնում է այդ անուն ազգանունը, մենք հասկացանք, որ դրան վերջ չի լինելու: Հերթական հրապարակումը չվերացնելուց հետո «Ռոսկոմնադզորն» արգելափակել էր կայքի տարածումը ՌԴ տարածքում: Որոշ ժամանակ անց, սակայն, այդ արգելքը հանվեց: «Առավոտը» ո՛չ թմրանյութ էր վաճառում կայքի միջոցով, ո՛չ էլ արգելված բովանդակություն տարածում. պարզապես ժամանակին հիշատակել էր Ռուսաստանի պետական հովանավորությունը վայելող գործարարի անունը՝ այն էլ չեզոք համատեքստում:

Հիմա պա՞րզ է, թե ինչի համար են ցանկանում ստեղծել հայկական «Ռոսկոմնադզորը»: Իշխանությունը չի ուզում, որ համացանցում իր մասին տհաճ բառեր գրվեն: Առաջ այդ բառերը «որսալու» պարտականությունը դրված էր ոստիկանության վրա, քանի որ «ծանր վիրավորանքը» քրեականացված էր, բայց դա չափից դուրս անհեթեթ էր, եւ (հավանաբար, արեւմտյան կառույցների հորդորով) այդ ամոթալի իրավական նորմը վերացել է: Հիմա պետական միջոցները կարող են ծախսվել հատուկ մարմին ստեղծելու վրա, եւ նույն գործն անելու են մի քանի տասնյակ չինովնիկներ: Իրականում համացանցում ոչ իշխանահաճո բառեր փնտրելը, իհարկե, Սիզիփոսի աշխատանք է, բայց դա էական չէ: Կարեւորը՝ վերեւների հրահանգները կատարելն է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայկ համբարձումեան says:

    Դիմադրեցէք

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031