Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ը կոնգրեսականը կոչ է անում Թուրքիային դադարեցնել ներգրավվել Հայոց ցեղասպանության ժխտման մեջ. «Ամերիկայի ձայն»

Հուլիս 05,2022 21:20

«Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում ամերիկացի կոնգրեսական Բրեդ Շերմանը խոսել է Հայաստանին առնչվող խնդիրների, Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժման, պատժամիջոցների և այլ հարցերի մասին

ԱՄՆ վարչակազմը օրերս կրկին վերահաստատել է Ազատության աջակցման ակտի 907-րդ բանաձևի շրջանցումը, որն արգելափակում է ուղիղ ռազմական օգնությունը Ադրբեջանին: Ներկայացուցիչների տան արտաքին հարաբերությունների հանձնաժողովի բարձրաստիճան կոնգրեսական, հայկական հանձնախմբի անդամ Բրեդ Շերմանը «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայությանը տված հարցազրույցում իր անհամաձայնություն է հայտնում այս որոշման հետ: Մենք չպետք է հրաժարվենք 907 բանաձևից և որևէ օգնություն ցուցաբերենք նավթով հարուստ Ադրբեջանին, որն ագրեսիվ պատերազմ է սանձազերծել, ասում է կոնգրեսականը։

«Օգնությունը, որ մենք տրամադրում ենք Ադրբեջանին, մեծ չէ, բայց, կարծում եմ, որ այն կարևոր է դիվանագիտական առումով, ուստի դրա տրամադրումը պետք է դադարեցվի»,- ասում է նա:

Նրա կարծիքով Լեռնային Ղարաբաղում մարդասիրական ծրագրերի համար ամերիկյան օգնությունը պետք է մեծացվի, իսկ Հայաստանին հնարավորություն ընձեռվի կրկին ընդգրկվել «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրում: Հիշեցնենք, որ օրերս հայտնի դարձավ, որ Ներկայացուցիչների տունը հաջորդ տարվա բյուջեի արտաքին օգնության հատվածում 60 միլիոն դոլար է նախատեսում Հայաստանին մարդասիրական օգնության համար և 2 միլիոն դոլար՝ Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքների նպատակով:

«Համաշխարհային բանկը Հայաստանը դասել է միջինից բարձր եկամուտ ունեցող երկրների շարքին: Ես կցանկանայի, որ դա այդպես լիներ, բայց պետք է հաշվի առնել սարսափելի պատերազմի, Covid-ի համաճարակի տնտեսական հետևանքները»,- նշել է կոնգրեսականը:

Խոսելով վարչակազմի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո թուրք-ամերիկյան հարաբերությունների բնույթի մասին՝ կոնգրեսական Շերմանը, ով տասնամյակներ շարունակ աշխատել է ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, ընդգծում է՝ այսօր Թուրքիան մեծ ջանքեր չի գործադրում վարչակազմի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման որոշումը չեղարկելու ուղղությամբ: Կոնգրեսականը նկատում է, որ այսօր Անկարան ավելի շատ կենտրոնացած է F-16 ինքնաթիռների ձեռք բերման, քուրդ գործիչների արտահանման հարցերի վրա: Շերմանը կոչ է անում Թուրքիային դադարեցնել ցեղասպանությունը ժխտող քաղաքականությունը:

«Մեզ անընդհատ ասում էին, որ ճանաչումը կկործանի ԱՄՆ-ի հարաբերությունները Թուրքիայի հետ: Փաստորեն, Թուրքիայի հետ մեր ունեցած խնդիրները քիչ են առնչվել կամ որևէ կերպ չեն առնչվել այն փաստի հետ, որ Ամերիկան վերջապես որոշեց ազնիվ լինել պատմության հարցում և ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- նկատում է Շերմանը:

Նա անհանգստացած է, որ Թուրքիան կարողացել է որպես պատանդ պահել Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ անդամակցության հարցը և պահանջել փոփոխություններ նրանց քաղաքականության մեջ։ ՆԱՏՕ-ն զգալիորեն ուժեղանում է Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությամբ, ուստի չկա կարիք դրա համար Թուրքիային որևէ գին վճարել, ասում է կոնգրեսականը՝ անդրադառնալով Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում թուրք-ամերիկյան բարձր մակարդակի երկխոսությանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031