Կարևորելով սոցիալական պատասխանատվությունը և ընդլայնելով համերգային ծրագրերը՝ «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամը նախաձեռնել է իր կրթաթոշակառուների համերգներ՝ ներառելով մանկատներ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշեց հիմնադրամի տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանը՝ նշելով, որ «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» համերգային ծրագրով այցելության գաղափարը ծնվել է հիմնադրամի կրթաթոշակառուներից ֆլեյտահար Վիկտորիա Պետրոսյանի մոտ, և որոշում է կայացվել այն դարձնել իրականություն:
Աննա Տեր- Հովակիմյանը նշեց, որ հիմնադրամի կրթաթոշակառուների ու մանկատան սաների հանդիպումն անցել է ջերմ և մտերմիկ մթնոլորտում: «Մանկատան սաները սիրով ունկնդրեցին մեր պատանիների կատարումները, բայց առավել հուզիչ էին հենց մանկատան երեխաների կատարումները, որոնցով նրանք ողջունեցին մեզ: Երեխաները միասին կատարեցին Կոմիտասի «Կաքավիկը». շատ ողջունելի է, որ իրենք հայեցի դաստիարակություն են ստանում մանկատանը: Ակնհայտ է, որ մանկատան անձնակազմն ահռելի աշխատանք են կատարում և ամենակարևորը մեծ սիրով և հոգատարությամբ:Այս ձևաչափով այցելությունները շատ կարևոր են երեխաների համար և հիմնադրամի կրթաթոշակառուներն անպայման կրկին կայցելեն ինչպես «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն», այնպես էլ և սոցիալական ուղղվածության այլ հաստատություններ»:
Կարդացեք նաև
Անդրադառնալով հիմնադրամի նախաձեռնությանն ու կրթաթոշակառուների համերգին, «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Տաթևիկ Մաթևոսյանը, ողջունելով նախաձեռնությունը, նշեց, որ կարևորում է այն հանգամանքը, որ համերգին իրենց կատարումներով հանդես եկան երեխաներ, որոնք մանկատան շահառուների տարիքի են, քանի որ այդ հանգամանքը հնարավորություն ընձեռեց մտերմանալ և բարեկամանալ երեխաներին: «Հիմնադրամի կրթաթոշակառուները ոչ միայն ցուցաբերեցին բարձր կատարողական մակարդակ, այլև մանկատան սաների հետ հաղորդակցության մեծ պատրաստակամություն ու ունակություն, ինչը մեծ ոգևորվածություն պատճառեց մեր սաներին: Նրանք հաճույքով մասնակից դարձան համերգային ծրագրին՝ նվագելով և երգելով: Հիմնադրամի կրթաթոշակառուներին ու մանկատան սաներին միավորեց ընդհանուր հետաքրքրությունն ու սերը երաժշտության նկատմամբ»,- ասաց Մաթևոսյանն, ընդգծելով, որ պատանիների և երեխաների մասնակցությամբ ձևաչափով միջոցառումները շատ կարևոր են, քանի որ հնարավորություն են ընձեռում մանկատան սաներին անմիջական մասնակից դառնալ գործընթացին, հաղորդակցվել հասակակիցների հետ:
Նշենք, որ 14-ից 17-տարեկան պատանի 11 կրթաթոշակառուներ՝ Աիդա Ադամյանը (ջութակ), Օվսաննա Հարությունյանը (ջութակ), Անի Մելիքյանը (ջութակ), Հայկ Մարտիրոսյանը (ջութակ), Վիկտորյա Պետրոսյանը (ֆլեյտա), Հայկ Հեքեքյանը (հոբոյ), Արսեն Բալայանը (կլարնետ), Էդուարդ Գևորգյանը (դաշնամուր), Աիդա Ավանեսյանը (դաշնամուր), Էդուարդ Չավոշյանց (դաշնամուր), Սվետլանա Հակոբյան (դաշնամուր) կատարեցին Յ. Բախի, Կոմիտասի, Հ. Վենյավսկու, Պ. Չայկովսկու, Մ. Մանգանիի, Ֆ. Շոպենի, Մ. Վարդազարյանի, Պ. Չայկովսկու ստեղծագործությունները: