Լրահոս
Օրվա լրահոսը

Արտյոմ Գեղամյան․ «Քաղաքական կամ որեւէ այլ հանձնարարական չկա, որ Սահմանադրությունը պետք է փոխվի այսկերպ, որպեսզի այս կամ այն անձը այլ պաշտոնի տեղափոխվի» 

Հուլիս 05,2022 17:46

«Թե՛ սահմանադրական խորհրդի, եւ թե՛ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի առջեւ քաղաքական կամ որեւէ այլ հանձնարարական չկա, որ Սահմանադրությունը պետք է փոխվի այս կերպ, սա պետք է լինի այսպես, որովհետեւ մենք գտնում ենք, որ հաջորդ Սահմանադրությունից հետո այսինչ այսինչյանն այսինչ պաշտոնից պետք է տեղափոխվի այլ պաշտոնի։ Նման օրակարգ, բարեբախտաբար, մենք չունենք», – այս մասին այսօր Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի եւ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի համատեղ քննարկման ժամանակ ասաց Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Արտյոմ Գեղամյանը։

Նա վստահեցրեց՝ սահմանադրական բարեփոխումների թե՛ խորհրդում, թե՛ հանձնաժողովում քննարկումներն ընթանում են մասնագիտական հունով, քննարկումներ են նախատեսվում նաեւ հանրության հետ․ «Բայց սա ունի նաեւ բացասական կողմ․ մենք չգիտենք՝ մեծ հաշվով ինչ պետք է լինի։ Ոչ թե մենք չգիտենք՝ ինչ ենք պատկերացնում, այլ չկա օրակարգ։ Հիմա գտնվում ենք այդ օրակարգի ձեւավորման գործընթացում։ Մինչեւ տարեվերջ ժամանակ ունենք, որպեսզի ձեւավորենք այդ օրակարգը, դա ձեւավորելուց հետո կտանք հայեցակարգի տեսք, որը կներկայացնենք կառավարության հաստատմանը»։


Գեղամյանի խոսքով՝ 2015-ի սահմանադրական բարեփոխումները նախորդող ժամանակահատվածի պետաիրավական զարգացման տրամաբանական շարունակությունը չեն, դրանք ինչ-որ արհեստական հիմք ունեն․ «95-ին ընդունված Սահմանադրությունը կատարեց այն առաքելությունը, որը պատմական այդ ժամանակահատվածում դրված էր մեր առջեւ, սակայն այդ Սահմանադրությունը ոչ թե մարդակենտրոն էր, այլ՝ նախագահակենտրոն։ 2005-ի Սահմանադրությունը որոշակի առաջընթաց էր, ներմուծվեցին խորհրդարանական կառավարման տարրեր, թուլացվեց նախագահի իշխանությունը եւ ուժեղացվեց խորհրդարանի իշխանությունը: 2015-ի Սահմանադրությունն, իմ անձնական կարծիքով, չէր շարունակում սահմանադրաիրավական զարգացումը։ Այդ ժամանակ Սահմանադրությունը փոխվեց, որպեսզի ապահովվի այն ժամանակ կառավարող քաղաքական ուժի կողմից եւս մեկ անգամ երկիրը կառավարելու հնարավորությունը, որպեսզի քաղաքական ղեկավարության «անտուրաժը»՝ դատական համակարգում, խորհրդարանում կամ պետական այլ համակարգերում զբաղեցնեն իրենց տեղը նոր Սահմանադրության պայմաններում եւ ստանան նոր պաշտոններ»։

Նրա դիտարկմամբ՝ եթե 2015-ին Սահմանադրության փոփոխության մտադրությունները եղել են ոչ այնպիսին, ինչպիսն եղել են փոփոխելու ժամանակ, հետեւաբար գործող Սահմանադրությունն ու դրա կարգավորումները չպետք է կիրառվեն․ «Դա նշանակում է՝ առաջին հերթին հրաժարվել այն հիմնական փոփոխություններից, որոնք այն ժամանակ կատարվել են, դա կառավարման համակարգի փոփոխությունն է։ Պետք է նշեմ, որ կառավարման համակարգի փոփոխություն, պետությունների սահմանադրական պատմության մեջ բացառիկ երեւույթ է, աշխարհում նման 2-4 դեպք կարող ենք նշենք։ Արդյոք մենք պահպանելո՞ւ ենք խորհրդարանական կառավարման մոդելը, թե՝ վերադառնալու ենք նախագահականին, սա բազմաթիվ հարցադրումներից մեկն է»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031