Լրահոս
Օրվա լրահոսը

«Թե ինչ կառավարման ձեւ կընտրենք սահմանադրական բարեփոխումների գործընթացում, դա ֆունդամենտալ խնդիրն է»․ Եղիշե Կիրակոսյան

Հուլիս 05,2022 17:03

Սահմանադրական բարեփոխումների շրջանակներում արդյոք քննարկվո՞ւմ է կառավարման ձեւի փոփոխման հարցը։ Այսօր Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի եւ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի համատեղ քննարկման ժամանակ հնչած այս հարցին ի պատասխան ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն ասաց՝ այս պահին հանձնաժողովն ակտիվ աշխատանքային փուլում է, եւ աշխատանքի արդյունքում ձեւավորված նյութը ներկայացվելու է խորհրդի քննարկմանը։ Ապա, ըստ Կիրակոսյանի, խորհրդի քննարկման ժամանակ բոլոր բովանդակային հարցերը պետք է քննարկվեն, եւ հնարավորություն կա առաջարկներ ներկայացնելու։

«Կարծում եմ՝ խնդրահարույց հարցերի մասին երբ ունենանք արդյունք, դա նորից քննարկվելու է։ Կառավարման ձեւը առանցքային կետերից է կամ ամենահետաքրքիրներից է, թե ինչ կառավարման ձեւ կընտրենք։ Դա ֆունդամենտալ խնդիրն է, եւ բնականաբար, այդ հարցն էլ քննարկման կարիք ունի։ Կան մոտեցումներ, որ կառավարման ձեւը հաճախ փոխել խորհուրդ չի տրվում, որովհետեւ երկիրը տանում ես նոր սթրեսի։ Բայց կա մոտեցում, որ պետք է ամեն ինչ քննարկել՝ եղած կառավարման ձեւի որոշակի տարիների փորձ կա, հստակ տվյալներ կան, որոնց հիման վրա կարող ես վերլուծել բացթողումները, այդ թվում՝ պատերազմի ժամանակ ի հայտ եկածները, որը բարդ փորձաքար է, այն ի ցույց դրեց շատ խնդիրներ, որոնք կային սահմանադրական կարգավորումներում՝ անվտանգային հարցերի մասով», – ասաց Կիրակոսյանը։

«Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանն էլ ասաց․ «Գործող Սահմանադրությունը սկսեց իր ընթացքը 2013-ի սեպտեմբերի 4-ին եւ ամենեւին ոչ պատահական, որովհետեւ սեպտեմբերի 3-ին Հայաստանի հայտնի (նկատի ունի ԵԱՏՄ անդամակցումը Ն․Բ․) շրջադարձն էր։ Այդ օրից սկիզբ դրվեց մեր պետության, պետականության ջախջախման ընթացքը»։ Նա հետաքրքրվեց՝ արդյոք գույքագրվե՞լ են բոլոր խնդիրները, որոնք այսօր նոր սահմանադրական փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտության առաջ են կանգնեցրել, եւ որո՞նք են եղել այդ խնդիրները, արդյոք դրանք կապ ունե՞ն ժողովրդավարության պաշտպանության եւ պետականության ամրապնդման պաշտպանության հետ․ «Եթե տեղի չունենար պատերազմը, արդյոք մենք նույն որակի եւ նույն բովանդակությամբ քննարկում կունենայի՞նք»։

Այս առնչությամբ Եղիշե Կիրակոսյանն ասաց՝ այո, պատերազմը շատ խնդիրներ վերհանեց, շատ առաջնահերթություններ փոխեց․«Պատերազմը խաթարեց առաջին սահմանադրական բարեփոխումների գործընթացը եւ շատ կտրուկ ձեւով, որովհետեւ երկրում շատ առաջնահերթություններ փոխվեցին։ Եւ բնականաբար, այն ժամանակվա մարտահրավերներին այլ աչքով էինք նայում, հիմա՝ այլ։ Դասերը քաղելու ճանապարհն է սա»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031