«Փաստերը գնալով ավելանում են, որ ՀՀ-ի կապիտուլյացիոն ռեժիմը կառավարվում է թշնամական շահերի կողմից», – «Հայելի» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարություններին։
Հիշեցնենք՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ավստրիայի իր գործընկեր Ալեքսանդր Շալենբերգի հետ հանդիպմանը հայտարարել է՝ Հայաստանում որոշ շրջանակներ չեն ցանկանում, որ տարածաշրջանում խաղաղություն լինի, և ճնշում են գործադրում Երևանի վրա, ինչն էլ խոչընդոտ է հանդիսանում Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործում:
Արտակ Զաքարյանի կարծիքով՝ հենց այն հանգամանքը, որ Թուրքիայի ԱԳ նախարարը խոսում է, թե ՀՀ-ում ընդդիմությունը խանգարում է, վկայում է այն մասին, որ շարժումը կարողացավ ուշադրություն հրավիրել առանցքային խնդիրների վրա. «Ինչի՞ն է խանգարում ընդդիմությունը։ ՀՀ-ում ընդդիմությունն իր պետականության, անվտանգության, ազգային արժանապատվության, պետության տարածքային ամբողջականության պաշտպանունակության, Արցախի խնդրի լիարժեք խաղաղ կարգավորման կոչն է հնչեցնում։ Ընդդիմությունը խանգարում է, որ Նիկոլն ու խունտան շարունակե՞ն ՀՀ-ի հաշվին «բազար անել» իրենց իշխանությունը պահելու համար՝ պատրաստ լինելով տալ ամեն ինչ։ Խանգարում է, որ խաղաղության օրակարգ կեղծիքի անվան տակ շարունակի՞ պատերազմական իրավիճակ սրել և դրանով էլ ժողովրդին վախեցնել ու նորից տարածքներ հանձնել, որ Սահմանադրությունը ոտնահարելով ինչ ուզենան, այնպես անե՞ն ժողովրդի թիկունքում, որ վաղն էլ Արցախ, Սյունիք, Սևանի ավազան չլինի՞, կամաց-կամաց ՀՀ-ի տնտեսական, մշակութային, քաղաքական էքսպանսիայի միջոցով որոշակի ժամանակ հետո հասնի նրան, որ ՀՀ-ում ավելի շատ Թուրքիայի, Ադրբեջանի դրոշներ լինեն դրված տարբեր հաստատությունների վրա, քան հայկական։ Այո՛, սրանց խանգարում է ընդդիմությունը»։
Ըստ Արտակ Զաքարյանի՝ «Նիկոլենք ուղղակի գետինը պետք է մտնեն, երբ Թուրքիայի ԱԳ նախարարը նման հայտարարություն է անում՝ անկախ նրանից՝ ընդդիմությունը լավն է, թե՝ վատը, իշխանությանն անխնա քննադատում է, թե՝ ոչ, եթե երկրի քաղաքական համակարգի մի մասի վերաբերյալ հայտարարություն է։ Թող հլը փորձի Նիկոլը Թուրքիայի կամ Ադրբեջանի քաղաքական ընդդիմությանը մի բան ասել, տեսեք՝ ինչ պաշտոնական պատասխան կստանա։ Սրանք թքած ունեն, իրենք քաղաքական, քաղաքացիական արժանապատվություն չունեն, իրենց թվում է, թե ազգն էլ չունի»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ