Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արցախը գերության մեջ

Հուլիս 05,2022 23:35

Անափ կարոտով և սրտի խոր տագնապով ուղևորվեցի Արցախ: Ճանապարհին, մեքենայի մեջ կողքիս Սոսե անունով մի ուսանողուհի էր: Նրա հետ զրույցից իմացա, որ իրենց գյուղն էլ՝ Ասկերանի շրջանի Ակնաղբյուրը, այժմ թշնամու ձեռքում է: Նա հեռախոսով ցույց տվեց մի տեսաերիզ, որտեղ թուրքերը մտել էին իրենց տունը, հետո վառում էին հարևանների տները: Կարծես մի պահ ինձ փոխանցվեց աղջկա ցավը: Ի հեճուկս ինձ, դիմատետրիս էջին էլ նույն պահին Քարվաճառի տանտիրոջ ձեռքով վառվող տունն էր պատկերված, իսկ ներքևում գրված էր. «Այսպե՞ս ենք սիրում հայրենիքը»:

Պատերազմի ընթացքում թուրքն այնտեղ չէր հասել, բայց Հայաստանի իշխանությունները հրահանգել էին մարդկանց լքել իրենց կառուցած տներն ու կամովին հանձնել թշնամիներին: Իմ ուղեղում ծագած բոլոր հարցականները վաղուց հստակ պատասխանն ունեին. «Մենք մեր հայրենիքը չենք սիրում»: Այլապես կյանքի գնով մարդիկ կպաշտպանեին իրենց հողը, տունը, այգին՝ ոչինչ չզիջելով թշնամուն: Մինչև ե՞րբ ենք նահանջելու…Հիմա էլ Հայաստանի սահմաններն են վտանգված:

Պատերազմի ավարտից հետո ի՞նչ է արվել բանակի հզորացման համար: Չորս ամիս է գենշտաբի պետ չունենք, չունենք նաև հետախուզության պետ: Ո՞ւմ ենք սպասում: Ո՞ւմ վրա ենք մեր հույսը դրել: Մինչդեռ մեզնից գրավված տարածքներում թշնամիներն ինժեներա-շինարարական աշխատանքներ են իրականացնում: Ճանապարհին ես տեսա, թե ինչպես էին ադրբեջանցիները հասցրել թունել կառուցել անտառների ու լեռների միջով, որը միացնում է Շուշին, Վարանդան, Հադրութը: Նաև 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ գրված է, որ Լաչինի միջանցքը՝ 5 կմ շառավիղով մնում է ՌԴ խաղաղասերների հսկողության ներքո: Եվ Լաչինի միջանցքի երթուղով պետք է կառուցվի նոր երթուղի: Այնինչ թշնամու ծախսերով կառուցվող նոր ճանապարհը շրջանցում է Բերձորը, Աղավնոն, Սուսը:

Ի դեպ, այն անվտանգ չէ: Բացի այդ, այնտեղով կանցնեն բոլոր կոմունիկացիաները՝ գազը, էլեկտրալարերը, կապը: Ցավոք, մեր միակ դաշնակիցները՝ ռուսները, հանուն իրենց շահերի, երկակի քաղաքականություն են վարում: Նրանց լուռ համաձայնությամբ մեր թշնամիները վերցրին Փառուխը, Քարագլխի մի մասը: Բայց Լաչինի միջանցքն Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհն է: Եվ ինչպե՞ս պատահեց, որ ՌԴ ՊՆ պաշտոնական քարտեզից անհետացավ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը: Սա՞ էլ հերթական բացթողում  է: Իհարկե, ո′չ: Այն նշվելու է այլ անվանմամբ՝ Խանքենդի:

Մինչ Ստեփանակերտ ռուս խաղաղապահների մեկ տասնյակի չափ անցակետերով անցնելիս թվաց, թե մեկնում եմ ոչ թե իմ ծննդավայրը, այլ՝ ռազմական բազա:   Անկասկած, այս ողբերգալի իրավիճակի պատասխանատուները Հայաստանի և Արցախի ղեկավարներն են: Եթե Հայաստանի վարչապետը վերջերս անցկացրած ասուլիսի  ժամանակ հանրության մեջ առաջացրել է վախ հնարավոր նոր պատերազմի վերսկսման մասին, ապա նույն կերպ Արցախի նախագահն ամեն շաբաթ տարբեր հիմնարկներում հանդիպումների ժամանակ խուճապ ու հուսահատություն է տարածում՝ հայտարարելով, որ ժողովրդի անվտանգությունը չի կարող ապահովել, որ ովքեր ցանկանում են, կարող են լքել երկիրը:

Մեր ողբերգությունը կշարունակվի, ինչքան այս վախկոտ, պատերազմում պարտված ղեկավարները կառչած կմնան իրենց աթոռներից: Ակամայից հիշեցի այժմ Թուրքիայի հետ պատերազմական կոնֆլիկտի մեջ հայտնված Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի խոսքերը. «Թուրքիայի նախագահին թվում է, որ եթե Ադրբեջանի հետ կարողացան հարևան երկրի ինքնիշխան տարածքներից վերցնել հատվածներ ու բարձունքներ, նույնը կարող է Թուրքիան Սիրիայում անել: Բայց Սիրիան ղեկավարում է հայրենասեր, պետականամետ իշխանություն»: Այսինքն՝ մեր հարևան երկրների առաջնորդներն էլ գիտեն մեր հայրենադավ իշխանավորների կեցվածքը:

Փաստ է նաև, մեր այս ողբերգալի վիճակի համար մեղավոր է մեր ժողովրդի մեծ մասը, որը 2021թ. կուրորեն քվեարկեց Հայաստանի պարտված ղեկավարի օգտին, ու մենք բոլորս կրկնակի պարտվեցինք: Ինչ խոսք, որ անհայրենասերների ու լրտեսների բանակը հսկայական է մեր փոքր երկրում: Իսկական հայրենասերներն այլևս ողջ չեն: Այդ պատճառով էլ Արցախը հայտնվեց գերության մեջ: Իզուր չի ասված, որ յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է իր  ղեկավարին:

 

ԺԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆ

Բանասիրական գիտությունների թեկնածու, գրող

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031