«Մեկ տարուց ավելի է՝ ՀՀ սահմանադրական կարգի պաշտպանության հոդված գոյություն չունի՝ որոշ շրջանակների թեթեւ ձեռքով։ Եվ մեր վերաբերմունքն այս ամենին լավագույնս ցույց է տալիս, թե բացի հուլիսի 5-ից, որքան ենք հիշում Սահմանադրությունը», – այս մասին այսօր Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի եւ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի համատեղ քննարկման ժամանակ ասաց ՄԱՀՀԻ հիմնադիր, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը։
Նրա խոսքով՝ եթե Սահմանադրությունը պետության, պետական կարգի, կառավարման եւ կառուցվածքի մասին ճարտարապետությունն է, եւ այդ կարգը խախտելու համար որեւէ պատասխանատվություն չի նախատեսվում, ինչ է թե նախկին նախագահներից մեկին ցանկացել են ազատել պատասխանատվությունից այդ խախտման համար, չափազանց մտահոգիչ վիճակ է, եւ ըստ էության, ՀՀ Սահմանադրությունը պաշտպանող հոդված չկա։
«Քանի որ սահմանադրական փոփոխությունների ենք պատրաստվում, կուզեի իրավագետներին մի բանի մասին տեղյակ պահել, որն, ինձ թվում է, նախկինում անտեսվել է եւ ոչ այն պատճառով, որ ավելի շատ կենտրոնացած են եղել, թե ում է պատկանելու իշխանությունը ու ինչպես փոխանցել իշխանությունը մեկից մյուսին, այլ դա անվտանգային ասպեկտն է։ 44-օրյա պատերազմը շատ ողբերգական բան բացահայտեց, հատկապես այն առումով, որ ՀՀ Սահմանադրության գործունեությունը ոչ միայն անվտանգային տեսանկյունից լրջագույնս վերլուծված չէր, այլ նաեւ վերլուծված չէր Արցախի հանրապետության Սահմանադրության հետ ամբողջականության մեջ, որովհետեւ հիշում ենք՝ երբ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին հարց տվեցին՝ ո՞րն է իր դասը, ասաց՝ ես իմ տեղը չգիտեի հրամանատարության ամբողջ կառուցվածքում։
Պատերազմի ժամանակ վարչապետը դառնում է գլխավոր հրամանատար, ԳՇ պետը դառնում է նրա անմիջական հրամանները կատարող օղակը, այս ամենին գումարվում է այն, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին հարցնում են պատերազմում իր դերակատարման մասին, ասում է՝ Սահմանադրությամբ ինձ վրա դրված է տարածքային ամբողջականությունը ապահովելու մեխանիզմ, բայց Սահմանադրությունը նման գործիքներ, ըստ այս բուրգի՝ ՀՀ վարչապետ, ԳՇ պետ, նախարար, Արցախի նախագահ, Արցախի ՊԲ ղեկավար, այս ամբողջ հիեարխիայում քաոսը, որ ունեցանք, պատճառն էր նրա, որ մեր սահմանադրագետները նախկինում չբարեհաճեցին բացի իրենց աշխարհից, այլ ուղղությամբ նայել, այլ դիտանկյուններ հավաքել, չհասկացան, որ բացի իշխանության պահպանության, ընտրություններում իշխանությունը «հորով-մորով» անելու երեւույթներից, շատ ավելի կարեւոր բաներ կան, առավելեւս, որ տեսանելի էր վտանգը, թե որտեղից էր գալիս», – ասաց Սաֆարյանը եւ խնդրեց սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին՝ ուշադրություն դարձնել այս խնդիրներին եւ այդ ուղղությամբ փոփոխություններ անել։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ