«Ի պաշտպանություն ՀՀ Սահմանադրության» խորագրով «Դիմադրության» շարժման երթն այսօր՝ ՀՀ Սահմանադրության օրը, սկսեցին Արամ Խաչատրյանի արձանի մոտից: Երթի մասնակիցները շարժվեցին դեպի Սահմանադրական դատարանի շենք:
Երթն առաջնորդում էր «շղթայված» Սահմանադրությունը, երթի մասնակիցները՝ «ձերբակալություններով չեք վախեցնի», «քաղբանտարկյալների երկիր Հայաստան» եւ համանման այլ պաստառներով էին, այս ընթացքում կալանավորված ու ձերբակալված ընդդիմադիր գործիչների նկարներով։
«Մեզ հետ տանում ենք մեր այն բոլոր ընկերների նկարները, ովքեր այս պայքարի ընթացքում այս իշխանությանը դեմ լինելու համար այսօր քաղբանտարկյալի իրավիճակում են։ Այս իշխանությունը ավելի քան 40 քաղբանտարկյալ է պահում»,- երթի մեկնարկին հայտարարեց ՀՅԴ անդամ Սեւակ Նազարյանը:
Ըստ նրա՝ Սահմանադրությունը դարձավ ոչ թե ուղենիշ այս իշխանության գործունեության, այլ դարձավ այն ինստիտուտը, որը ոտնահարելով ու խեղաթյուրելով այս իշխանությունը փորձում է ամրապնդել իր աթոռը: Նազարյանը նաեւ հայտարարեց, որ 2018-ից ի վեր Սահմանադրությունը բազմիցս ոտնահարվեց. «Ցավալիորեն, Հայաստանում առկա իրավիճակում մենք հեռու ենք այն բաղձալի իրավիճակից, որ կարող ենք ամբողջապես տոնել մեր Սահմանադրության օրը։ Հեռու ենք, որովհետև ներկա իշխանությունն իր կառավարման առաջին իսկ օրից սկսած հիմքը դրեց ընտրովի արդարադատության, միանձնյա իշխանության, մեկ անձի հրամանները կատարելու միջոցով պետությունն ուղղակիորեն օրինականության սահմաններից դուրս բերելու գործընթացին»:
Կարդացեք նաև
Սահմանադրական դատարանի մոտ, այնտեղ թողեցին «շղթայված» Սահմանադրությունը եւ գրիչներ:
«Գրիչներ ենք թողնում այստեղ, որը խորհրդանիշն է սահմանադրականության, Սահմանադրական դատարանի ինստիտուտի ոտնահարման, երբ դե ֆակտո վարչապետն ինչ-որ գրիչի զավեշտալի պատմությունով սկսեց ՍԴ յուրացման, իր սրտի թեկնածուներին ՍԴ դատավորներ նշանակելու գործընթացը։ Այսօր էլ նույն գործընթացը շարունակվում է, ու ՍԴ դատավորներ են նշանակվում մարդիկ, ովքեր որեւէ բարոյական ու մասնագիտական իրավունք չունեն այդ բարձր պաշտոնում լինելու»,- ՍԴ-ի մոտ հայտարարեց Սեւակ Նազարյանը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանի տեսակետն էլ սա է. «Մենք ունենք մի իրականություն, որտեղ օրվա իշխանությունները, որ այսօր իբր ժողովրդից պաշտպանում են ՍԴ-ն՝ ոստիկանական ուժերով, եկել շրջափակել էին այս դատարանը: Այդ օրվանից արդեն ջրբաժան է եղել Սահմանադրության եւ իշխանության միջեւ: Այս իշխանությունը գիտի մի բան՝ ոտնահարի, ձերբակալի Սահմանադրությունը: Իրենք չեն պատկերացնում՝ ինչ է Սահմանադրությունը, չեն էլ ուզում պատկերացնել»:
Երթը շարժվեց դեպի ՀՀ նախագահի նստավայր:
«Նախագահն է, որ Սահմանադրության երաշխավորն է։ Այսօր Հայաստանի նախագահը հանդիսանում է ՀՀ-ում բանջարանաբոստանային կուլտուրաների ներկայացուցիչ, ոչ մի բան չանող ու մեկ մարդու հրահանգները կատարող: Էս նախագահը, որ ունենք մենք, իր վարքագծով ապացուցում է, որ վարունգից չի տարբերվում: Սա ոչ թե իր անձի, այլ իր վարքագծի ու գործունեության գնահատականն է»,- արդեն նախագահի նստավայրի մոտ, իր ելույթում, ասաց Սեւակ Նազարյանը:
Երթի մասնակիցները նախագահական նստավայրի մոտ վարունգներ նետեցին:
«Այստեղ նստող անձը ոչ թե ՀՀ նախագահն է, այլ ՔՊ խմբակի կողմից ընտրված, կամ ավելի ճիշտ՝ Նիկոլի կողմից նշանակված խամաճիկը», – նախագահի նստավայրի մոտ, իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ հավելելով, որ Վահագն Խաչատուրյանն այդ պաշտոնին է գործուղվել, ոչ թե Սահմանադրությունը, այլ իշխող ուժի շահերը պաշտպանելու համար:
«Նրա հիմնական առաքելությունն այստեղ ամեն բան տեսնելը եւ ամեն ինչի մասին լռելն է: Նա լռում է, երբ խախտվում է ՀՀ տարածքային ամբողջականությունը, երբ ՀՀ սուվերեն տարածքից առեւանգվում է հայ զինծառայող: Այստեղ նստած անձը ստորագրում եւ դակում է ցանկացած օրենք, որը գալիս է ԱԺ-ից եւ բայց ծպտում չի հանում, երբ հրապարակվում է Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ ձայնագրությունը, որն ուղղակի շանտաժի մասին էր, երբ ասում էր՝ կամ գնա, կամ գործ ենք կարելու: Այստեղ նստող մարդը պետք է Սահմանադրության ոգին ու տառը պահպաներ», – ասաց ընդդիմադիր պատգամավորը: Նրա գնահատմամբ, խորհրդարանական երկրում նախագահական ինստիտուտն անարգվել, քանի նոր նախկին նախագահը՝ Արմեն Սարգսյանը, հրաժարական է ներկայացնում մեկ այլ երկրի տարածքից. «Այստեղ նստողը հրաժարական չի տվել, բայց միեւնույնն է, նա չկա: Նրա փոխարեն ցանկացած մեկը լիներ, նույն բանն էր լինելու կամ առհասարակ, եթե նրա աթոռը թափուր լիներ, դրանից որեւէ բան չէր փոխվելու, որովհետեւ նա ունի զրո գործառույթ, որը վերաբերում է երկրի շահերին»:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Երթի մասնակիցները նախագահի նստավայրից շարժվեցին ԱԺ շենքի մոտ:
«Այսօր ոչ միայն Սահմանադրության օրն է, այլեւ մեր զինանշանի, մեր դրոշի: Ցավոք այս իշխանությունները չորս տարի շարունակ պղծել են եւ Սահմանադրությունը, եւ զինանշանը, եւ դրոշը: ԱԺ-ում կա մի ուսապարկ, որը հայտարարում է, թե պետք է երրորդ երկրների համար ճանապարհ բացել Հայաստանով: ԻԼԻՊ-ի զորքերի համա՞ր եք ճանապարհ բացում, թե՞ ադրբեջանցիներին եք հրավիրում: Այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը հո պոզով-պոչով չի՞ լինում, Կասկադով էլ է լինում, Օպերայով է լինում, ըստ սրանց: Վարչապետի պաշտոնը զբաղեցնողն այսօր գնացել է ու եղջերու է կերակրում: Ես եկել եմ այստեղ, որ իր եղջերավորներին կերակրեմ»,- հայտարարեց ցույցի մասնակիցներից մեկը՝ ԱԺ շենքի մոտ, մայթին թողնելով իր ձեռքի ծառի ճյուղը:
Ցույցի մասնակիցները ԱԺ դարպասների մոտ թողեցին նաեւ անազատության մեջ գտնվող «Համախմբում» շարժման անդամներից Ավետիք Չալաբյանի լուսանկարը:
Երթն ավարտվեց Ֆրանսիայի հրապարակում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ