Հուլիսի 9-ին Երևանում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կազմակերպմամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ կմեկնարկի Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների փառատոնը։ Ժամանակակից դասականների կոմպոզիտորական առաջին փառատոնը տեղի է ունեցել 2019 թվականին։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի որոշմամբ փառատոնն այսուհետև կրելու է լեգենդար լեհ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու անունը։
Մոր ժառանգական շառավղով իր հայկական արմատների մասին քաջատեղյակ Պենդերեցկին առանձնահատուկ ջերմ վերաբերմունք ուներ Հայաստանի հանդեպ: Կյանքի ուշ շրջանում կոմպոզիտորի և նրա կնոջ՝ Էլժբետա Պենդերեցկայի կապը մեր երկրի հետ ավելի սերտացավ նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ բարեկամության և Հայաստան կատարած նրանց այցերի շնորհիվ: Մեծանուն կոմպոզիտորը անտարբեր չէր նաև մեր պատմական ճակատագրի նկատմամբ, և 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրեց իր «Սաղմոս 3» ստեղծագործությունը:
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից հայտնում են, որ կոչվելով լեգենդար կոմպոզիտորի անունով՝ Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների փառատոնը կունենա ավելի մեծ խորհրդանշական նշանակություն՝ ընդլայնելով իր միջազգային ճանաչումը և կենդանի պահելով Հայաստանի հետ նրա ջերմ կապի մասին հիշողությունը։
Կարդացեք նաև
Փառատոնը ներառում է երեք սիմֆոնիկ համերգ, որոնք տեղի կունենան հուլիսի 9-ին, 16-ին և 19-ին։ Հուլիսի 9-ին կներկայացվեն էստոնացի կոմպոզիտոր Արվո Պյարտի, ֆինն հեղինակներ Կաիյա Սաարիահոյի և Սեբաստիան Ֆագերլունդի ստեղծագործությունները։ Այս համերգը կղեկավարի մեծ համբավ վայելող ֆինն դիրիժոր Հանու Լինտուն։ Հուլիսի 16-ի երեկոն ամբողջովին նվիրված կլինի Քշիշտոֆ Պենդերեցկու հիշատակին. կներկայացվեն նրա ստեղծագործությունները՝ Adagietto «Կորուսյալ դրախտը» օպերայից, Ջութակի թիվ 2 կոնցերտը և Սիմֆոնիա թիվ 4 «Ադաջիո»։ Որպես մենակատար Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա ջութակահար Լետիցիա Մորենոն։ Իսկ փառատոնի փակման՝ հուլիսի 19-ի համերգային երեկոն կկրի «Աղոթքներ» խորագիրը, կհնչեն ուկրաինացի կոմպոզիտոր Վալենտին Սիլվեստրովի թիվ 9 սիմֆոնիան, անգլիացի լեգենդար կոմպոզիտոր Կառլ Ջենկինսի երգչախմբային պասակալիան և ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի Յոթ աղոթք սուրբ Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ» աղոթաշարից բարիտոնի, երգչախմբի և նվագախմբի համար ստեղծագործությունը։ Այս համերգին կմասնակցեն Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբն ու բարիտոն Ակսել Դավեյանը։ Հուլիսի 16-ի և 19-ի համերգները կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
Նշենք, որ Կառլ Ջենկինսի երգչախմբային պասակալիան համաշխարհային պրեմիերա է, և հեղինակը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի խնդրանքով գրել է այն՝ նվիրելով Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին։ Համաշխարհային պրեմիերա է նաև Սիլվեստրովի թիվ 9 սիմֆոնիան։ Հեղինակը, ի դեպ, փառատոնի օրերին կլինի Երևանում։
2019 թվականին նույնպես փառատոնին հյուրընկալվել էին աշխարհի ամենահայտնի ժամանակակից կոմպոզիտորները՝ Քշիշտոֆ Պենդերեցկին, Ալեքսեյ Շորը, Գեորգս Պելեցիսը, Ալեքսանդր Չայկովսկին, Կառլ Ջենկինսը։ Փառատոնի միջոցով Հայաստանում ստեղծվում է ստեղծագործական մի միջավայր, որտեղ աշխարհի տարբեր ծայրերից ժամանած ժամանակակից կոմպոզիտորները շփվում են երիտասարդ հայ կոմպոզիտորների հետ, ունենում մասնագիտական քննարկումները, ինչը կօգնի մեր հեղինակներին իրենց հետագա գործունեության ընթացքում։
Արփի ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Ի՞նչ իմաստ ունի մեր ազգային սուղ ֆինանսական միջոցները ծախսել օտար մշակույթների վրա, երբ մեր դասականները մեզանում մոռացվել են . . .