Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական ակումբները մեկնարկում են եվրագավաթներում

Հուլիս 05,2022 14:29

Եվրոպական հեղինակավոր ակումբային մրցաշարերը այսօր սկսում են որակավորման փուլը։ Հայկական ակումբային ֆուտբոլը մեկ ներկայացուցիչ ունի Չեմպիոնների լիգայում և չորս ներկայացուցիչ Կոնֆերենցիաների լիգայում։ Անցած մրցաշրջանի արդյունքում՝ Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում հայտնվեց Հայաստանի նորընծա չեմպիոն Փյունիկը, իսկ Կոնֆերենցիաների լիգայում՝ փոխչեմպիոն Արարատ Արմենիան, արդեն նախկին չեմպիոն Ալաշկերտը և Երևանի Արարատը։

Այսօր պայքարը սկսում է Փյունիկը՝ Երևանում հյուրընկալելով ռումինական Կլուժին։ Մեր չեմպիոնին հեշտ մրցակից չէ բաժին հասել։ Կլուժը վերջին հինգ մրցաշրջանների չեմպիոնն է։ Անցած մրցաշրջանում Կլուժը հասել էր Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ, սակայն պարտվելով Յանգ Բոյսին, այնուհետև Ցրվենա Զվեզդային, հայտնվեց Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում։ Սակայն այդտեղ էլ ձախողեց ռումինական թիմը՝ գրավելով վերջին հորիզոնականը։ Կլուժի գլխավոր մարզիչը անակնկալի է եկել Փյունիկի տրանսֆերային կոլապսից։ Փյունիկից հեռացել են մոտավոր տասը ֆուտբոլիստներ և այդքան էլ համալրել են երևանյան ակումբը։ Ռումինական թիմի համար Փյունիկը տհաճ անակնկալներ կարող է մատուցել։ Փյունիկի գլխավոր մարզիչը նույնպես չի թերագնահատել մրցակցին. Եղիշե Մելիքյանը նշել է, որ ռումինական թիմը ունի բավական ուժեղ հարձակման գիծ և եզրեր։ Սակայն երևանյան թիմը կգտնի նաև մրցակցի թույլ տեղերը։ Վերջին անգամ հայկական թիմերից Ալաշկերտն է մրցել Կլուժի դեմ, սակայն այդ խաղից լավ հիշողություններ չեն մնացել։ Դիմակայության ընդհանուր հաշվով՝ 7։0 զիջել ենք մրցակցին։ Սակայն այսօրվա խաղը մեզ կարող է ինչպես հաճելի, այնպես էլ տհաճ անակնկալներ մատուցել։ Երևանում Փյունիկը պետք է փորձի հնարավորինս լավ արդյունք ցույց տալ, քանի որ մեկ շաբաթ անց՝ վճռորոշ կլինի Ռումինիայում պատասխան հանդիպումը։

Ի տարբերություն Չեմպիոնների լիգայի, Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլերում մեր ակումբները սխալվելու հնարավորություն չունեն։ Դիմակայությունը պարտվելու դեպքում՝ կավարտեն մրցելույթները եվրագավաթային այս մրցաշրջանում։ Ամենից շատ, մեր ֆուտբոլասերները հույսեր են կապում Արարատ Արմենիայի հետ։ Թիմը վերջին շրջանում աղմկոտ տրանսֆերներ իրականացրեց և հրավիրեց հայկական ֆուտբոլի ամենահեղինակավոր մարզիչներից մեկին՝ Վարդան Բիչախչյանին։ Երկրպագուները Արարատ Արմենիայից ակնկալում են նվազագույնը՝ հասնել Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլ, չբացառելով նաև հետագա հաջող մրցելույթներ։ Վարդան Բիչախչյանի սաները պայքարը կսկսեն որակավորման երկրորդ փուլից, իսկ նրանց մրցակիցը հայտնի կդառնա առաջին փուլի՝ Դինամո Թբիլիսի – Պաիդե Լինամեեսկոնդ դիմակայության արդյունքում։ Այնպես որ, Արարատ Արմենիան, ի տարբերություն հայկական մյուս ակումբներին՝ ավելի շատ ժամանակ ունի պատրաստվելու եվրագավաթային խաղերի մեկնարկին։ Ըստ կանխատեսումներին՝ հայկական ակումբը ի զորու է առավելության հասնել մրցակցի նկատմամբ, անկախ նրանից՝ դա կլինի Դինամո Թբիլիսին թե Պաիդե Լինամեեսկոնդը։

Բոլորիս հաճելիորեն զարմացրեց Ալաշկերտը, որը անցած մրցաշրջանում կարողացավ հայտնվել Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում։ Այսպիսով կերտեց պատմություն՝ առաջին հայկական ակումբը, որը խաղում է եվրագավաթի խմբային փուլում։ Այս ոգևորությամբ էլ, ինչպես հայկական մյուս ակումբները, այնպես էլ Ալաշկերտը կսկսեն պայքարը եվրագավաթային խաղերում։ Ալաշկերտի մրցակիցը կլինի Մալթայի չեմպիոն՝ Համրուն Սպարտանսը։ Ալաշկերտը նույնպես թիմի կազմում ահռելի փոփոխություններ է կատարել։ Թիմը լքել են ավելի քան 13 ֆուտբոլիստ, սակայն նրանց փոխարեն եկել են ոչ պակաս պրոֆեսիոնալները։ Կա ձևավորված կարծիք, որ Ալաշկերտը եվրագավաթներում արժանի խաղ է ցուցադրում և պայքարում է մինչև վերջ։ Ակնկալում ենք այդպիսի պայքար տեսնել նաև այս խաղաշրջանում։ Թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 7-ին Երևանում, իսկ պատասխան խաղը՝ հուլիսի 14-ին Մալթայում։

Եվրագավաթային պայքար է սկսում նաև Երևանի Արարատը։ Երևանյան թիմը նույնպես ունեցավ համալրումներ և հեռացումներ թիմի կազմում, սակայն Արարատը ի զորու է արժանի պայքար մղել այս խաղարկությունում։ Հեղինակավոր հայկական ակումբին բաժին է հասել Մակեդոնական Շկենդիան։ Մակեդոնական ակումբը բազմաթիվ անգամներ հայտնվել է Եվրոպա լիգայի փլեյ – օֆֆ փուլում, սակայն երբեք չի կարողացել անցնել խմբային փուլ։ Հաշվի առնելով այս փաստը՝ Արարատը կարող է հաղթահարել մակեդոնական ակումբի արգելքը։ Հուլիսի 7-ին երևանյան թիմը կմեկնի Սկոպյե՝ առաջին հանդիպմանը, իսկ հուլիսի 14-ին Հանրապետական մարզադաշտում կհյուրընկալի մակեդոնացիներին՝ պատասխան խաղի շրջանակներում։

Եվրագավաթային պայքարը հայկական ակումբների համար միշտ եղել է ծայրահեղ դժվար և ոչ միշտ հաջողված։ Սակայն վերջին տարիներին դրական միտում և առաջընթաց ենք նկատում։ Օրինակ՝ Ալաշկերտը նախորդ մրցաշրջանում։ Անկախ արդյունքից հայկական ակումբներին մաղթում ենք արժանի խաղ…

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
Երրորդ կուրս
Լևոն ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031