«1995 թվականի Սահմանադրությունը չի արտագրվել, 1995-ի Սահմանադրությունն առնվազն երկու հոգի, որոնցից մեկը՝ իրավաբան, մյուսը՝ ոչ, ընդ որում` այս լուծումներին դեմ էր իրավաբանը, բայց հաղթեց ոչ իրավաբանը, երեք տարի օրուգիշեր աշխարհի բոլոր զարգացած երկրներից, բոլոր հնարավոր փորձագետների հետ խորհրդակցությունների միջոցով փորձում էին դուրս բերել այն լուծումների ամբողջությունը, որն առավելագույնս կլուծեր այն ժամանակահատվածի խնդիրները», – այս մասին այսօր Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի եւ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի համատեղ քննարկման ժամանակ ասաց փաստաբան Տիգրան Եգորյանը։
Նա վստահեցրեց, որ այն ժամանակվա Սահմանադրությունը ոչ մի տեղից չի արտագրվել, փորձ է արվել լուծումները ստանալ սիմբիոզի միջոցով․ «Շեշտը դրվել է ֆրանսիական Սահմանադրության վրա, բայց փորձ է արվել ստանալ ամերիկյան եւ եվրոպական Սահմանադրությունների սիմբիոզ»։
Եգորյանի խոսքով՝ այն ժամանակ նախագահին վերաբերող պահանջը՝ առնվազն տասը տարի ՀՀ-ում բնակվելու ցենզը, գրվել է Լեւոն Տեր-Պետրոսյանի համար․ «Եթե դա չգրվեր, այլ գրվեր այնպես, ինչպես իմ հայրն էր ուզում՝ ծնված եւ մեծացած լինի ՀՀ-ում, Լեւոն Տեր-Պետրոսյանը չէր կարող նախագահ ընտրվել։ Ահա սա գրվել է նրա համար։ Էլի լուծումներ կան, որ գրվել են այդ շրջանի համար։ Քաղաքական համակարգի մասին՝ այն ժամանակ քաղաքական բլոկների գաղափարն էր փորձում առաջ տանել, որովհետեւ դիտարկում էր, որ Հայոց համազգային շարժման նման հսկան ոչնչացնելու է քաղաքականությունը ՀՀ-ում, դրա համար փորձ էր արվել այն գործիքակազմը ներառել Սահմանադրության մեջ, որոնք չգործեցին, որ հնարավոր լինի ստեղծել քաղաքական բլոկներ եւ այդ ֆրակցիոնիզմը զարգացնելու միջոցով հաղթահարել կուսակցական դեստրուկցիան, տոտալիտարիզմը, երբ բոլորը՝ ՀՀՇ-ին կամ ոչ։ Սրա համար այն ժամանակվա Սահմանադրության մեջ դրվել է պատգամավորի խղճի միջոցով քվեարկության գործիքը, որպեսզի հնարավոր լինի հաղաթահարել կուսակցական ազդեցությունը ԱԺ ընտրված պատգամավորի վրա։ Շատերը չեն էլ հասկացել՝ ինչի համար է արվել դա, բայց չաշխատեց։ 1995-ի Սահմանադրության լուծումները չաշխատեցին, որովհետեւ դրանք հաղթահարելու համար տեղի ունեցավ այն առնետավազք կոչվածը, դա միջամտություն էր, որպեսզի չգործեին սահմանադրական լուծումները եւ որպեսզի իշխանություն հաստատվի որեւէ մարմնի նկատմամբ, այս դեպքում՝ ԱԺ-ի»։
Անդրադառնալով 2005-ի Սահմանադրական փոփոխություններին, Եգորյանն ասաց, որ հիմնական փոփոխությունը նախագահի իշխանության ամրապնդումն էր եւ այն, որ ասում էին՝ դարձանք կիսանախագահական, իրականում այդպես չէ։
Կարդացեք նաև
«1995-ի Սահմանադրության 74 –րդ հոդվածով նախատեսված հակակշիռների մեխանիզմը քանդվեց 2005-ին, երբ առաջնային մանդատով ընտրված ԱԺ-ն ստորադասվեց կառավարության վստահության քվեին։ Այսինքն՝ կառավարությանը վստահություն չհայտնելու արդյունքում ցրվում էր ԱԺ-ն։ Սրանով Քոչարյանն ուժեղացրեց իր՝ նախագահի իշխանությունը, որպեսզի կարողանա հաղթահարի ԱԺ-ն, որը վտանգ էր իրենից ներկայացնում։ Այն ժամանակ 1999-ի ընտրություններից հետո թեև վերացված էին հիմնական գործող անձինք, սակայն նրանց թիմերը դեռ մեծ ուժ էին ԱԺ-ում», – ասաց Եգորյանը։
Փաստաբանի կարծիքով՝ պետք է լուրջ մոտենալ սահմանադրական փոփոխություններին, դա ռեֆերատ չէ, որ այստեղից -այնտեղից վերցնենք, ասենք՝ ահա, աշխարհում կա տարբերակ՝ նախագահական, կիսանախագահական եւ այլն․ «Պետք է հասկանալ իրականում ինչ խնդիրներ ունենք, ինչպես ենք լուծում՝ ինչպիսի համակարգ ներդնելով Սահմանադրության մեջ, որպեսզի կարողանանք զարգացնել քաղաքական եւ կուսակցական համակարգը, որովհետեւ սա մեր ամենամեծ խնդիրն է»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ