«Շնորհավորելու բան չեմ տեսնում այսօրվա կապակցությամբ, ընդամենը կարող ենք հույս հայտնել, որ կունենանք վերականգնված սահմանադրականություն. մենք սահմանադրականության շատ լուրջ ճգնաժամի մեջ ենք»,- Դիմադրության շարժման երթից առաջ, լրագրողների հետ զրույցում ասաց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:
Հիշեցնենք, այսօր, ՀՀ Սահմանադրության օրը, Դիմադրության շարժման անդամները բողոքի երթով դուրս են եկել փողոց:
«Կարծում եմ, այս ձգվող ճգնաժամը նաեւ մտորելու տեղիք է տալիս. արդյոք այն համակարգը, որ մինչեւ 2018 թվականը գործել էր՝ որքան էր ամուր: Գուցե խնդիրը նաեւ այն է, որ մենք մեր հիմնական օրենքի հիմնական դրույթները մշակելիս՝ մեր ուսանողներին բացատրելիս՝ չենք մտածում, որ դրանք լինեն մեր արմատների հետ համահունչ: Մենք, այո, հիմա ունենք Սահմանադրության, ես կասեի՝ բացակայություն»,- ասաց Ռուբեն Մելիքյանը:
Կարդացեք նաև
Խնդիրներից մեկն իրավապաշտպանը համարում է այն, որ մեր իրավական մշակույթը այդպես էլ չկարողացավ կամուրջ դառնալ՝ մեր հարուստ ավանդույթի միջեւ: Ու թեեւ մենք իրավական արժեքների հարուստ ավանդույթ ունեցող քիչ ժողովուրդներից ենք, բայց այսօր որեւէ կապ, բացի լեզվական կապից, այն մարդկանց հետ, որոնք 12-րդ, 13-րդ դարերում գործել են՝ Մխիթար Գոշ, Սմբատ Սպարապետ, ավելի ուշ Շահամիր Շահամիրյան եւ այլք՝ չկա: Ինքը գտնում է, որ սահմանադրականության վերականգնման ճանապարհն այն է, որ փորձ արվի այդ կապը վերականգնել։ Իսկ սահմանադրականության վերականգնման ճանապարհն իրավաբանը երկու մասի է բաժանում՝ երկարաժամկետ ու կարճաժամկետ. երկարաժամկետն ինքնաճանաչողականությունն է ու կրթությունը, իսկ կարճաժամկետը՝ քաղաքական։
Հարց հնչեց նաեւ իշխանության կողմից ՍԴ դատավորի թեկնածու առաջադրված Սեդա Սաֆարյանի վերաբերյալ: «Սեդա Սաֆարյանը նիկոլական Սահմանադրական դատարանի խորհրդանիշն է»,- եղավ պատասխանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ