«Մենք ինչպե՞ս միմյանց շնորհավորենք Սահմանադրության օրվա առթիվ, երբ նոյեմբերի 9-ի գիշերը թիվ մեկ պաշտոնյան խոստովանում է, որ աղետալի փաստաթուղթ է ստորագրել եւ դրանից րոպեներ անց ասում է՝ եկել է ժողովրդի վրեժի ժամանակը: Դրանից օրեր հետո նա ասում է՝ ես նայում եմ, տեսանյութեր կան մեր զինծառայողների սահմաններից, սպասում եմ իրենց Երեւանում, որ վնգստացողների հարցերը վերջնական լուծենք: Ու այդ պայմաններում մենք խոսենք Սահմանադրության մասի՞ն»,- այսօր «Դիմադրության» շարժման երթից առաջ, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը՝ խոսելով օրվա խորհրդի մասին:
Այսօր՝ ՀՀ Սահմանադրության օրը, Դիմադրության շարժումը բողոքի երթով դուրս է եկել փողոց:
Ընդդիմադիր պատգամավորի համոզմամբ՝ մենք արմատական սահմանադրական ճգնաժամում եւ 2020-ի նոյեմբերի 9-ից՝ այլեւս անհաղթահարելի իրավիճակում ենք: 2020-ի նոյեմբերի 9-ը Արամ Վարդեւանյանը համարում է այն օրը, երբ իշխանություն-հասարակություն-Սահմանադրություն ջրբաժան գծվեց:
«Այն, թե ինչ վիճակում է ՍԴ-ն եւ ինչպիսին է լինելու, եւ առհասարակ Սահմանադրությունը… ես ուզում եմ հիշենք, թե 1995-ին ովքեր են մշակել Սահմանադրությունը՝ Վլադիմիր Նազարյան, Գագիկ Հարությունյան, սահմանադրության իրավունքում անհերքելի հեղինակություն ունեցող մարդիկ: Իսկ հիմա ովքե՞ր են գրում Սահմանադրությունը: Այսօր մենք շատ հեռու ենք գնում Սահմանադրությունից»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ հեգնելով, թե այսօր իշխանությունների համար ամենակարեւոր խնդիրներից մեկը հետեւյալն է՝ քանի որ ՍԴ նախագահը Հրայր Թովմասյանն է, փոխնախագահը՝ Ալվինա Գյուլումյանը, ՍԴ դատավորներ են Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը՝ Հայաստանում ներդրումներ չեն գալիս. «Այսինքն, բազմաթիվ օտարերկրյա ներդրողներ մուտք էին գործում ՍԴ կայք, տեսնում էին ՍԴ կազմը, կառուցվածքը եւ հասկանում էին, որ ներդրումներ չեն ուզում անել: Դրանից հետո, երբ Հրայր Թովմասյանը տեւական ժամանակ արդեն ՍԴ նախագահ չէ, մենք այդ ներդրումները չտեսանք: Բայց ես համոզված եմ, որ հենց Սեդա Սաֆարյանը դառնա ՍԴ դատավոր, այդ ժամանակ ներդրողները կգան: Այդ հայտարարությունից հետո չեք նկատե՞լ, որ բանկային համակարգում ինչ աշխուժություն կա, բոլորն իրար հերթ չտալով ուզում են գան, Հայաստանում ներդրումներ անեն»:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ