Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունը գոնե ձևական չի արձագանքում Չավուշօղլուի բացահայտ միջամտությանը՝ պաշտպանելու ՀՀ անձնագիր կրող սեփական քաղաքացիներին․ Վարուժան Գեղամյան

Հուլիս 05,2022 12:05

Երեկ Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարությունը հերթական անգամ միջամտել է Հայաստանի ներքին գործերին. արտգործնախարար Չավուշօղլուն ոչ միայն խոստովանել է, որ ազգային ուժերը խանգարում են, որպեսզի Հայաստանի՝ «առանց նախապայմանների բանակցություններ» անվան տակ նախապատրաստվող նոր կապիտուլյացիան արագ ստորագրվի, այլև որակավորել է փողոց դուրս եկած տասնյակ հազարավոր հայ մարդկանց որպես «ծայրահեղականներ» (էքստրեմիստներ)։

Բնական է, որ ազգային ուժերը Թուրքիայի և Ադրբեջանի համար թշնամի են։ Բայց երբ ՀՀ դե ֆակտո իշխանությունները գոնե ձևական չեն արձագանքում այս բացահայտ միջամտությանը՝ պաշտպանելու ՀՀ անձնագիր կրող սեփական քաղաքացիներին, լավ առիթ է ևս մեկ անգամ արձանագրելու, որ գործ ունենք ոչ թե հայկական իշխանության, այլ կոլաբորացիոնիստական (այլ բառերով՝ թշնամու հետ համագործակցող) դե ֆակտո իշխանության հետ։

Եթե կապիտուլյանտները շարունակեն մնալ իշխանության, մեզ՝ հայերիս ու ՀՀ քաղաքացիներիս չեն պաշտպանելու նաև հետայսու, երբ, օրինակ, գերի վերցնեն որևէ մեկին։

Չեք հավատո՞ւմ։ Հիշեք հարյուրից ավելի այն տղաներին, ովքեր արդեն մոտ երկու տարի է Բաքվի բանտում են և որոնց «կարգավիճակը» կապիտուլյանտն ու իր խմբավորումը իջեցրել են «ռազմագերուց» մինչև «Ադրբեջանում պահվող անձինք», ինչ իր հերթին զրկել է վերջիններիս իրավական լրացուցիչ պաշտպանությունից ու ոչ մեկ չի էլ հիշում իրենց մասին։ Ավելին, իրենք նույնիսկ պաշտոնական հաշվարկում չկան։

Շնորհավոր Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տոնը, մի պետության, որն արդեն մեկ տարուց ավելի է՝ դադարել է գոյություն ունենալ։

Վարուժան Գեղամյան

պ.գ.թ., թյուրքագետ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031