Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի դիմահարդար Աիդա Մելքոնյանը հայկական գորգարվեստի զարդանախշերը համադրելով ժամանակակից դիմահարդարման հետ` «Դուբայ էքսպո 2020»-ում ներկայացրել է հայկական մշակույթը

Հուլիս 05,2022 12:00

2021 թ. հոկտեմբերի 1-ից 2022 թ․ մարտի 31-ը՝ Արաբական միացյալ էմիրությունների Դուբայ քաղաքում «Դուբայ էքսպո 2020» անվանումը կրող միջազգային ցուցահանդեսը մեկ հարկի տակ էր հավաքել աշխարհի 192 երկրների լավագույն մտքերն ու բիզնես գաղափարները՝ համադրելով մասնակից երկրների ավանդույթներն ու մշակութային ժառանգությունը: Հայաստանը եւս մասնակցեց տարվա մեծագույն բիզնես մշակութային այս իրադարձությանը: Էքսպոն հնարավորություն էր ճանաչելի դարձնել հայկական ընկերությունների գործունեությունը, հայկական մշակույթն ու արժեքները, տեղական արտադրությունը դուրս բերել միջազգային շուկա, զարգացնել գործընկերային հարաբերությունները:

Հայաստանը «Դուբայ էքսպո 2020» համաշխարհային ցուցահանդեսին մասնակցեց առանձին տաղավարով, որի հիմնական խորհուրդը անցյալի լավագույն ավանդույթների վրա հիմնվելով երկրի տեխնոլոգիական ապագան կառուցելն է: Ցուցահանդեսին մասնակցել է ավելի քան 100 հայկական ընկերություն:

«Ստեղծարար միտքը գալիս է մեր պատմությունից: Մեր զարդանախշերը, գորգանախշերը, թռչնագրերը խորհրդանշում են անցյալն ու ավանդականը եւ մեր ազգային մշակույթի մի մասն են, որոնք համադրելով ժամանակակից դիմահարդարման հետ՝ փորձել ենք պատկերավոր ձեւով ներկայացնել հայկական մշակույթը»,-Aravot.am-ի հետ զրույցում ասում է դիմահարդար Աիդա Մելքոնյանը:

2022 թվականի մարտի 27-ից 31-ը Աիդա Մելքոնյանը նույնպես մասնակցել է «Դուբայ էքսպո 2020» միջազգային ցուցահանդեսին, որտեղ հայկական տաղավարի «Հայաստանի գորգարվեստի զարդանախշեր» թեմայով միջոցառման շրջանակներում իրականացրել է հայկական գորգարվեստի զարդերի տարրերով եւ հայկական թռչնատառերի պատկերի կիրառմամբ դիմահարդարում: Այդ օրերին Աիդան նաեւ անցկացրել է դիմահարդարման վարպետության դաս:

Աիդան կարծում է, որ այս ցուցադրությունը հնարավորություն կտա նորովի վերաբերվել մեր ավանդույթներին, ժողովրդական հմտություններին ու մեր գիտելիքներին:

Աիդա Մելքոնյանն այսօր համարվում է մեծ պահանջարկ ունեցող մասնագետներից․ պահանջված է ոչ միայն Հայաստանում, այլ դրա սահմաններից դուրս եւ սրանով էլ պայմանավորված՝ մեր երկիրը ներկայացնելու այդ պատասխանատու գործը վստահվել է հայտնի դիմահարդարին: Նրա վրձնի աշխատանքը հիացրել է ցուցահանդեսի այցելու կանանց, որոնք հայկական տաղավարից հեռացել են յուրօրինակ դիմահարդարմամբ ու պրոֆեսիոնալ մասնագետի խորհուրդներն իրենց հետ տանելով: Ինչպես տեղեկացանք, Աիդային վստահված է եղել նաեւ տաղավարը սպասարկող անձնակազմի պատշաճ տեսքը, մոդելների դիմահարդարման ամբողջ աշխատանքները:

Աիդա Մելքոնյանը «Դուբայ էքսպո 2020» միջազգային ցուցահանդեսում մասնակցել է հագուստի մոդելավորող-ոճաբան Հրաչուհի Մարտիրոսյանի հետ համագործակցությամբ, որը «Manch Misak» բրենդի հիմնադիրն է:

Երկու պրոֆեսիոնալների համագործակցության նպատակը աշխարհին հասանելի եւ ժամանակակից լեզուներով հայ ժողովրդի դարավոր մշակույթը, արվեստն ու պատմությունը ներկայացնելն էր, ինչը, Աիդա Մելքոնյանի կարծիքով, հաջողվեց: Աիդան ասում է, որ դրա ապացույցը հայկական տաղավարի նկատմամբ մեծ հետաքրքրությունն էր եւ տաղավարից հեռացող կանանց երջանիկ տեսքը:

Աիդա Մելքոնյանի խոսքով, այս համագործակցության համար շատ լավ հարթակ է եղել ցուցահանդեսը, որտեղ աշխատել են լայն լսարանի հետ, որոնք ոչ միայն արաբական աշխարհի ներկայացուցիչներ էին, այլ ամբողջ աշխարհի: Ասում է՝ «Դուբայ էքսպո 2020» ցուցահանդեսն իր համար նոր համագործակցության հնարավորություններ ձեռք բերելու մի նոր հարթակ էր:

«Դիմահարդարումը նոր արվեստ է, բայց այսօր շատ մեծ տեղ ունի աշխարհում: Այն կանանց կյանքում մեծ դեր է խաղում, մարդիկ շատ են տեղ տալիս նորաձեւությանը, որն առանց դիմահարդարման չի լինում։ Վերջին տարիներին շատ կարեւորվել եւ արժեւորվել է այդ մասնագիտությունը եւ շարունակում է զարգանալ»,-ասում է Աիդան ու նշում, որ չնայած իր՝ հայտնի մասնագետ լինելուն, երբեք կանգ չի առնում. Նոր միտումներին զուգընթաց կատարելագործում է հմտությունները, պարբերաբար վերապատրաստումներ անցնում: Եվ պատահական չէ, որ Աիդայի բազմաթիվ հաճախորդներ, որոնց թվում շատ հայտնի մարդիկ են, շուրջ 15 տարի հենց նրա մոտ են դիմահարդարվում: Աիդան ասում է՝ դժվար է մարդկանց այդքան երկար տարիներ պահել քո աթոռին. «Ինչքան էլ լավ մասնագետ լինես, պետք է անընդհատ վերապատրաստվես: Անգամ փորձի փոխանակումը շատ կարեւոր է, եւ այստեղ էական չէ, որ ինչ-որ մեկը քեզնից շատ ավելի հայտնի է կամ հակառակը: Շատ նոր բաներ ես սովորում, նոր մտքեր, նոր իրավիճակի ես ծանոթանում, ինչը շատ կարեւոր է»:

Դիմահարդարի հաճախորդները շատ տարբեր են՝ դեռահասներից մինչեւ հասուն տարիքի կանայք: Աիդան հաճախ է ստանում հրավերներ նաեւ արտերկրից, ինչը, նրա կարծիքով, դիմահարդարի համար հետաքրքիր փորձ է: Հայտնի դիմահարդարը հիմնադրել եւ երկար տարիներ ղեկավարել է «Աիդա Մելքոնյան» ստուդիոն: Առաջին անգամ չէ, որ նա ներկայացնում է Հայաստանն արտերկրում: Հայտնի վարսահարդար-ոճաբան Էդվարդ Պողոսյանը 2014թ․ աշխարհի չեմպիոն է դարձել մի աշխատանքով, որի դիմահարդարումը նույնպես վստահվել էր Աիդա Մելքոնյանին:

Հիմա էլ, երբ ձեռք է բերել ե՛ւ պրոֆեսիոնալիզմ, ե՛ւ ճանաչում Աիդա Մելքոնյանը չի դադարում մասնագիտանալ իր ոլորտում, քաջատեղյակ է համաշխարհային միտումներին: Լինելով կայացած դիմահարդար՝ Աիդան ուրախ է կիսվել իր փորձով՝ դիմահարդարման արհեստի բազմաթիվ հնարքներով օգնելու կանանց բացահայտել եւ զարգացնել իրենց գեղեցկությունը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031