ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ,
Ուղիղ 27 տարի առաջ ընդունվեց Հայաստանի Երրորդ Հանրապետության Սահմանադրությունը, սակայն հայ սահմանադրաիրավական միտքը սերում է շուրջ 250 տարի առաջ՝ դեռևս Շահամիր Շահամիրյանի հեղինակած Սահմանադրությունից, որն էլ իր հերթին յուրովի ընդհանրացում է Հովհաննես Օձնեցու, Հովհաննես Սարկավագի, Դավիթ Ալավկաորդու, Մխիթար Գոշի, Ներսես Շնորհալու, Ներսես Լամբորանացու, Սմբատ Սպարապետի և հայ հասարակական-իրավական մտքի էլի շատ ու շատ ներկայացուցիչների գործունեության արդյունքները:
Շահամիրյանի Սահմանադրությունը, լինելով իրապես առաջադիմական ու լուսավորչական փաստաթուղթ, ըստ էության արտացոլում է պետականություն ունենալու հայ ժողովրդի դարավոր իղձը։ Պետականություն, որտեղ իշխանության միակ տերը ժողովուրդն է, իսկ միակ թագավորը՝ օրենքն ու օրինականությունը։
Կարդացեք նաև
Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը ևս ամրագրում է ներկայացուցչական ժողովրդավարության, անհատի երջանկության բնական ձգտման և հանրային ընդհանուր շահի առաջ մղման նույն մոտեցումները, որոնք բանաձևված են Որոգայթ Փառացում։
Մեր Սահմանադրությամբ ամրագրված են նաև մարդու իրավունքների երաշխավորման ու ապահովման սկզբունքները։ Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք: Այլ կերպ ասած, անհատի երջանկության վերջնանպատակին հասնելու համար սահմանադիրը մարդու իրավունքների պաշտպանությունը նախատեսել է որպես գերակա սկզբունք հասարակական հարաբերությունների ու հանրային իշխանության գործունեության համար։ Այս երեք տասնամյակների ընթացքում սահմանադրականության զարգացման մեր պատմությունը նաև ցույց է տալիս, որ այս սկզբունքի լիարժեք իրացման ու մեր հանրության յուրաքանչյուր անդամի համար Սահմանադրությունն իրապես իրենը համարելու համար հետևողական աշխատանք ունենք անելու։
Շնորհավորում եմ Սահմանադրության օրվա առթիվ։