Լրահոս
Օրվա լրահոսը

Այս տարի SUMMEET-ին մասնակցեցին պարային ընկերություններ Գերմանիայից, Ֆրանսիայից, Նիդեռլանդներից, Հյուսիսային Մակեդոնիայից և Ռուսաստանից

Հուլիս 05,2022 10:23

Հունիսի 24-ից հուլիսի 2-ը SUMMEET ժամանակակից պարի միջազգային ամառային փառատոնը պարի իսկական տոն դարձավ Երևանի հինգ հարթակներում, Լոռվա մարզի Դեբետ և Դսեղ գյուղերում, ինչպես նաև Տիգրան Ձիթողցյանի արվեստանոցում։

Փառատոնի կազմակերպիչներն են «Սարեր» մշակութային հասարակական կազմակերպությունը, Երևանի պետական կոնսերվատորիայի Օպերային ստուդիան, Balmanukyan Dance Project պարային ընկերությունը և Սանկտ Պետերբուրգի Open Look միջազգային փառատոնը։ Արդեն երկրորդ տարին փառատոնն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

Այս տարի SUMMEET-ին մասնակցեցին պարային ընկերություններ Գերմանիայից, Ֆրանսիայից, Նիդեռլանդներից, Հյուսիսային Մակեդոնիայից և Ռուսաստանից։ Հանդիսատեսի դատին հանձնվեց 10 ներկայացում, 3 պերֆորմանս հանրային վայրերում, Հայաստանում առաջին անգամ արտադրված պարային VR-ինստալացիան և հանրահայտ Conny Janssen Danst ընկերության «FRAMED» ֆիլմ-ներկայացումը։

Ոլորտի մասնագետների և բոլոր հետաքրքրվողների համար փառատոնն ավանդաբար համալրում է կրթական ծրագիրը, որն այս տարի բաղկացած էր ժամանակակից պարի և ջազային պարի 9 անվճար վարպետաց դասերից Պարարվեստի պետական քոլեջում և հայ ու ռուս բանախոսների կողմից ներկայացված 3 դասախոսություններից Միրզոյան գրադարանում։

Փառատոնային մեկ օրն անցավ գեղատեսիլ Լոռիում։ Դեբետ գյուղի COAF Սմարթ կենտրոնում անցկացվեցին ժամանակակից պարի և գնդակով խորեոգրաֆիայի վարպետաց դասեր և VR-ին ու ժամանակակից արվեստին նվիրված դասախոսություն։ Իսկ թումանյանական Դսեղի հենց գյուղամեջում տեղի ունեցավ երկու պերֆորմանս, որոնց հանդիսատեսը հրավիրված էր գալ «իր աթոռով»։

SUMMEET միջազգային փառատոնի առաքելությունը՝ տարեցտարի մի այնպիսի հարթակի վերածվելն է, որ մի կողմից համաշխարհային ասպարեզ դուրս կբերի հայաստանյան ժամանակակից պարը, իսկ մյուս կողմից հայ արտիստներին և պարուսույցներին կծանոթացնի համաշխարհային ճանաչում ունեցող հեղինակներին և պարային ընկերություններին։

Հենց այդ պատճառով էլ յուրաքանչյուր տարի SUMMEET-ը Հայաստան է բերում բացառիկ նախագծեր։ Այս տարի փառատոնի շրջանակում Հայաստանում առաջին անգամ ստեղծվել է VR պարային ներկայացում։ Հատուկ այս նպատակով է Հայաստան ժամանել հանրահայտ պարուսույց Ֆաբիան Պրիովիլը (Գերմանիա), ով 25-ից ավելի VR ֆիլմ է նկարահանել աշխարհի յոթ երկրներում։ Հայաստանում պարուսույցը համագործակցել է Balmanukyan Dance Project-ի և ARLOOPA ընկերության հետ։ Նախագծի աջակիցն էր Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, որտեղ էլ փառատոնի օրերին հասանելի էր VR ներկայացումը:

Այս տարվա ծրագրում կարմիր գծով անցնում էին նորագույն տեխնոլոգիաները։ Փառատոնը սկսվեց գերմանական Fabien Prioville Dance Company-ի «12Fifty Mb/s» նախագծով, ուր կիրառվել էին Motion Capture տեխնոլոգիան, որը կատարողների շարժումները վերածում էր 3D մոդելների հանդիսատեսի սմարթֆոնների էկրանին, QR-կոդերը, որոնք սքանավորելով հանդիսատեսը կարող էր պարային հոլովակ դիտել, կարդալ հատված վեպից, կամ պիցցայի բաղադրատոմս, և NFC-տեխնոլոգիան, որոնք ստիպում են հանդիսատեսին հետևել կատարողների շարժումներին։

Բացի նոր տեխնոլոգիաների կիրառումից փառատոնը յուրացրեց նաև նոր ժանրեր, մասնավորապես՝ հանրային վայրերում բեմադրվող և տարածության հետ աշխատող Site-specific պերֆորմանսը։ Վալերիա Կասպարովայի «Պատկերներ» պերֆորմանսը ծավալվեց Դսեղի գյուղամեջում, իսկ երիտասարդ պարուսույց Նինա Հայրապետյանի «Գոց երկուստեք» դուետը՝ Տիգրան Ձիթողցյանի ստուդիայում։ Հայաստանյան հանդիսատեսի համար անսպասելի և անծանոթ ժանր էր Freestyle Basketball Choreography-ն, կամ Ballride-ը, որը Ballrider Vaggi-ն ցուցադրեց Դսեղի բնակիչներին։

Եվ իհարկե, փառատոնի մարգարիտն էր հայկական ցուցադրությունը, որը միավորեց տարբեր ժանրերում և տարբեր ոճերում ստեղծագործող 7 հայ պարուսույցի։ Ցուցադրության շրջանակում Արինա Արարտյանը վերականգնել է իր՝ դեռևս 2005-ին բեմադրված «Գարնան սպասումով» պարային ներկայացումը։

«Այն ժամանակ այս ներկայացումը գրեթե էքսպերիմենտ էր։ Ի տարբերություն այսօրվա, մենք աշխատում էինք տեղեկատվության բացակայության պայմաններում ու ստիպված էինք նորից «հեծանիվ հորինել»։ Սովորում էինք DVD-սկավառակներով, որոնք շատ քիչ էին ու խնամքով ձեռքից ձեռք էին փոխանցվում,- հիշում է պարուսույցը։- Հիմա ոլորտը շա՜տ է փոխվել։ Ժամանակակից պարի ամենատարբեր ուղղությունների հանդեպ մեծ հետաքրքրություն կա։ Ստեղծագործողները չեն վախենում նոր բաներ փորձել։ Մրցակցությունն էլ է մեծ, իսկ դա շատ կարևոր է։ Մի քանի տարի էլ, ու Հայաստանում ժամանակակից պարը բոլորովին այլ դիրքերում կլինի»։

«SUMMET-ը կապում է Հայաստանն՝ իր ժամանակակից պարի կենդանի և անընդմեջ փոխվող աշխարհով մեծ աշխարհի, մասշտաբային նախագծերի և մեծ նպատակների հետ»,- պարային մեկ շաբաթն ամփոփում է փառատոնի պրոդյուսեր Էռնա Ռևազովան։

Ռոզա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031