Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

1995 թվականից ի վեր, մեր Սահմանադրությունը տարբեր փորձություններ է հաղթահարել․ ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի եւ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձները Սահմանադրության օրվա առթիվ

Հուլիս 05,2022 09:56

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ Սահմանադրության օրվա կապակցությամբ:

Մայր օրենքով երաշխավորված իրավունքներն ու ազատությունները Հայաստանի Հանրապետության քաղաքացու հիմնական անցաթուղթն են: Դրանց կյանքի կոչումն ու իրացումը մեր պետության հիմքն ու ժամանակակից աշխարհում սեփական դիմագիծն ունենալու երաշխիքներն են:

Մեր պարտքն է հասնել իրավունքի եւ օրենքի գերակայության, ինչը Հայաստանի ժողովրդավարության այն նշաձողն է, որին մեր ամենօրյա աշխատանքով պետք է մոտենանք ժամ առ ժամ:

Հայաստանյան հասարակությունն իր գործողություններով ապացուցել է, որ մերժում է սահմանադրական կարգի դեմ ուղղված ոտնձգությունները, ինչը կարեւոր ցուցիչ է` հասկանալու, որ ճիշտ ճանապարհին ենք:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա առթիվ, մաղթում եմ, որ սահմանադրական նորմերը կայուն տեղ ունենան հանրային ընկալումներում եւ առօրյա կյանքում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ

 ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը ՀՀ Սահմանադրության օրվա առիթով

Սիրելի հայրենակիցներ,

Սիրելի ժողովուրդ,

Այսօր Հայաստանի Հանրապետությունում նշվում է Սահմանադրության օրը, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիս: Մեր Սահմանադրության ոչ փոփոխելի հոդվածները ձևակերպել են Հայաստանի Հանրապետության ազգային-պետական տեսլականը:

Ըստ այդմ՝ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:

Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեuված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:

Հպարտությամբ պիտի արձանագրեմ, որ 2018 թվականի Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո Հայաստանը միջազգայնորեն ճանաչված է որպես ժողովրդավարական պետություն: Իշխանությունը ժողովրդին պատկանելու նպատակն իրագործված է, և մեր մեծագույն խնդիրն է Հայաստանի Հանրապետության ժողովրդավարությունը վերածել երկրի անվտանգությունն ապահովող տևական գործոնի:

Պիտի արձանագրեմ նաև, որ սահմանադրական մյուս հիմնարար նպատակներն ամրագրելու ճանապարհին մեծ աշխատանք ունենք անելու, և մեր կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներն ուղղված են հենց այդ նպատակներին:

Սահմանադրության օրվա առիթով պիտի առանձնահատուկ ընդգծեմ ՀՀ Սահմանադրության հոդված 3-ի դրույթները, համաձայն որի՝ մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է: Պիտի ցավով արձանագրեմ, որ ժողովրդավարությունը, խոսքի, կարծիք արտահայտելու ազատությունը երբեմն հանգեցնում է ատելության խոսքի, հայհոյախոսության, մարդու արժանապատվությունը նվաստացնող խոսույթի:

Ամուր իրավակարգը, անկախ դատական համակարգը, օրինականության մեխանիզմները պիտի դառնան նաև մարդու արժանապատվության պաշտպանության հուսալի երաշխիքներ՝ առանց սահմանափակելու և վնասելու ժողովրդավարական արժեքները, և այս հարցի լուծումը մեր օրակարգի առաջնահերթությունների շարքում է:

Սիրելի հայրենակիցներ,

Տեղյակ եք անշուշտ, որ ձևավորվել է Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը և մասնագիտական հանձնաժողովը ու մինչև տարեվերջ պետք է ներկայացվի սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծ:

Ակնհայտ համարելով, որ Սահմանադրությունը մշտապես զարգանալու, բարելավելու կարիք ունի, միևնույն ժամանակ պիտի ընդգծեմ համոզմունքս, որ Հայաստանը պիտի շարունակի պահպանել կառավարման խորհրդարանական համակարգը, որովհետև 2021 թվականի իրադարձություններն ապացուցեցին, որ այս համակարգը ճգնաժամեր կառավարելու, քաղաքական բանավեճին ժողովրդի ներգրավման ու վճռական մասնակցության ավելի գործուն մեխանիզմներ է ապահովում:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առիթով: Ցանկանում եմ, որ իրավունքը, օրենքը դառնա մեր հանրային, քաղաքացիական հարաբերությունների կարգավորման եթե ոչ միակ, առնվազն առանցքային և վճռական գործոն:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ,

Հուլիսի 5-ը՝ Սահմանադրության օրը Հայաստանի Հանրապետության ամենակարևոր տոներից մեկն է: Սահմանադրությունը ոչ միայն մեր պետության մայր օրենքն ու խորհրդանիշն է, այլև մեր պետականության անկախության, մեր քաղաքացիների ազատությունների և հասարակական հարաբերությունների կայունության գլխավոր երաշխավորը:

Հայաստանի անկախության հռչակումից հետո հանրային ու մասնագիտական լայն շրջանակների ջանքերով, միջազգային լավագույն փորձի կիրառմամբ ու նաև մեր նորաստեղծ հանրապետության առարկայական փորձառնության արդյունքում ստեղծվեց մեր Սահմանադրությունը՝ որպես գրավական մեր երկրի կայացման ու ամրացման:

1995 թվականից ի վեր, մեր Սահմանադրությունը տարբեր փորձություններ է հաղթահարել՝ ընդհուպ մայր օրենքի արմատական փոփոխությունները, սակայն բոլոր դեպքերում Սահմանադրությունը եղել և մնում է պետական կառուցակարգի հավասարակշռության առանցքը:

Ուստի Սահմանադրությունն ունի ոչ միայն վերացական գաղափարաբանական դերակատարություն, այլև զուտ առարկայան և գործառնական, քանի որ հենց երկրի մայր օրենքն է ապահովում քաղաքացիների և պետական կառույցների, պետական տարբեր մարմինների, իշխանության երեք թևերի միջև ներդաշնակ հարաբերությունները: Այս առումով Սահմանադրությունը երկրի հանրային, քաղաքական ու պետական կյանքի կազմակերպման կարևորագույն հենասյուներից մեկն է:

Սիրելի հայրենակիցներ շնորհավորում եմ բոլորիս այս կարևոր տոնական օրվա կապակցությամբ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031