Հայաստանի քաղաքացիների մեջ կա մի զգալի շերտ, որն ամենայն լրջությամբ պնդում է, որ «ղարաբաղցիները հայ չեն»: Ինձ ծանոթ չեն այդ ուղղությամբ արված սոցիոլոգիական հարցումները, բայց, ենթադրում եմ, որ այդպես է մտածում հայաստանցիների առնվազն 25 տոկոսը: Ոմանք այդ անհեթեթ պնդման տակ դնում են «գիտական» հիմք՝ «էնքան են թուրքերի տակ ապրել, որ իրենք էլ են թրքացել»: Եթե փորձենք այդ մեղադրանքը մեկնաբանել առանց հույզերի՝ ապա կարող ենք արձանագրել, որ այստեղ՝ Հայաստանի տարածքում ապրողներիս ճնշող մեծամասնության նախկիններն ապրել են թուրքերի, ռուսների կամ պարսիկների «տակ», բայց, բարեբախտաբար, պահպանել են ազգային ինքնությունը: Դա մասամբ վերաբերում է նաեւ Արցախում ապրող հայերին, այն վերապահումով, որ պատմական տարբեր ժամանակահատվածներում ղարաբաղյան մելիքություններն ունեին քիչ թե շատ ինքնավարություն՝ ի տարբերություն հայաբնակ այլ տարածքների. հարկահավաքության կամ սեփական կարգուկանոնը հաստատելու նպատակով սարեր բարձրանալը բավականին բարդ գործ է:
Արցախցիներին հայ չհամարելու անմիջական հասարակական-քաղաքական պատճառը պարզ է. 1998 թվականից հետո՝ 20 տարվա ընթացքում, պետական պաշտոններում եւ բիզնեսում բարենպաստ դիրքեր զբաղեցնող մարդկանցից շատերը եղել են Արցախից: Բավական է հիշել, որ այդ ժամանակահատվածի սկզբում՝ Երեւանի կենտրոնում ճանապարհային երթեւեկության կոպիտ խախտումներով «ճռցնում էին» NKR համարանիշներով՝ այն ժամանակվա ամենաշքեղ մեքենաները: Թերեւս անսպասելիորեն հարստացած եւ պաշտոնավոր արցախցիների թվաքանակը չափազանցվում էր ընդդիմադիր քարոզչության կողմից: Բայց ասել, թե այդ քարոզչությունն ամբողջությամբ անհիմն էր, արդար չի լինի: Մարդկանց մեծամասնությունը՝ ոչ միայն Հայաստանում, ընդունակ չէ խորը վերլուծությունների, արձագանքում է նախնական հուզական ազդակներին եւ հեշտությամբ է թացը չորի հետ խառնում: Ահա այդպես է ստեղծվել արցախցիների «դեմոնացված» պատկերը, որի մասնավոր արտահայտությունն է մեր ժողովրդի այդ ներկայացուցիչներին ոչ հայ համարելը:
Ինչպես կարելի է այդ վտանգավոր անջրպետը հաղթահարել: Պետության վրա այդ հարցում հույս դնելն իրատեսական չէ: Ներկայիս իշխանությունը, որի օրոք Արցախի մեծ մասն անցել է թշնամուն, շահագրգռված է վերը նկարագրված խեղված, ճշմարտության հետ եզր չունեցող պատկերացման մեջ, եւ գուցե որոշ չափով նպաստում են այդ առասպելի տարածմանը: Բայց կա նաեւ քաղաքացիական հասարակություն, պիտի լինի՝ համենայնդեպս: Ոչ թե՝ հասարակական կազմակերպությունները, որոնք այս կամ այն քաղաքական գիծը պաշտպանելու համար դրամաշնորհ են ստանում, այլ՝ քաղաքացիների ինքնակազմակերպման ձեւերը, որոնք առաջ են մղում կոնկրետ խմբերի շահեր:
Կարծում եմ, միանգամայն հնարավոր է, որ գտնվի մի քանի կազմակերպություն, որոնք տարին մեկ անգամ հայաստանյան դպրոցների մեկ դասարան տանեն Արցախ: Ինչի՞ համար է դա պետք: Դա անհրաժեշտ է տգիտությամբ պայմանավորված նախապաշարումները կոտրելու համար: Որ շիրակցի, լոռեցի, տավուշցի եւ երեւանցի երեխաները, եւ նրանց միջոցով էլ՝ իրենց ծնողները իմանան (եթե «չգիտեին»), որ այնտեղ ապրում են մարդիկ, որոնք հայերեն են խոսում, որ Արցախում գտնվող վանքերը նույն հայկական վանքերն են: Որ մեր մշակույթի եւ գիտության փառքը կազմող անհատներից շատերը ծագումով Արցախից են:
Կարդացեք նաև
Առաջին հայացքից թվում է, թե դա զուտ կրթական խնդիր է: Բայց իրականում դա նաեւ անվտանգության եւ, որքան էլ անսպասելի հնչի, պետականաշինության հարց է: Առանց ազգային միասնության ոգու՝ հնարավոր չէ հայկական պետություն կառուցել:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Աւելի արաք ձեւը կայ. ունեցեր էք երկու հայաստանցի, երկու ղարաբաղցի, հիմա պաշտօն տուէք հինսփիւռքահայու մը, հա հա.
Հինսփիւռքահայերու մեծամասնութիւնը վարակուած չէ ներհայաստանեան բարդույթներէն եւ ընդհանրապէս ստացած է “բոլորս հայ ենք” կրթութիւն։ Ժամանակ կը շահիք, ժամանակ որ չունինք։
Արցախում բնակչության ազգային պատկանելությունը կասկածից վեր է: Տարբեր գնահատականների ակունքները, իմ կարծիքով, կապված են այն բանի հետ, որ Արցախը առանձին պետություն է, բնականաբար երբեք իրեն Հայաստանի Հանրապետության մաս չի համարել։ Երկու հայկական պետությունների թեմայով քննարկումները ոչ այլ ինչ են, քան պատրանք ստեղծելու և այն գոնե ինչ-որ մտացածին իմաստով լցնելու խղճուկ փորձ։
Իմ կարծիքով՝ աբսուրդ է խոսել վերացական միասնության մասին, միաժամանակ համառորեն ու հետեւողականորեն պետական սահմանազատման քաղաքականություն վարել։
Հայ լինելը կարևոր է, բայց, ի դեպ, հայերը ծառայում են նաև թուրքական բանակում։ Սա չի խանգարում նրանց հայ լինելուն։ Եվ դա մեզ չի մխիթարում։
© 1998 – 2022 Առավոտ – Լուրեր Հայաստանից Տարբեր գնահատականների ակունքները, իմ կարծիքով, կապված են այն բանի հետ, որ Արցախը առանձին պետություն է, բնականաբար երբեք իրեն Հայաստանի Հանրապետության մաս չի համարել։ Երկու հայկական պետությունների թեմայով քննարկումները ոչ այլ ինչ են, քան պատրանք ստեղծելու և այն գոնե ինչ-որ մտացածին իմաստով լցնելու խղճուկ փորձ։
Իմ կարծիքով՝ աբսուրդ է խոսել վերացական միասնության մասին, միաժամանակ համառորեն ու հետեւողականորեն պետական սահմանազատման քաղաքականություն վարել։
Հայ լինելը կարևոր է, բայց, ի դեպ, հայերը ծառայում են նաև թուրքական բանակում։ Սա չի խանգարում նրանց հայ լինելուն։ Եվ դա մեզ չի մխիթարում։