Դանդաղ, բայց հպարտ ու հանդիսավոր, ծափահարությունների ներքո ավտոմեքենայից իջնում, հետո սրահ է մտնում Քաջարան համայնքի պատվավոր քաղաքացի 100-ամյա Արշալույս Թադեւոսյանը։ Ձեռնափայտով է, բայց ուղեկցում են նրան՝ վերջերս սկսել է մի քիչ դժվար քայլել, բայց հիշում է՝ ժամանակին Կերչը, Գրոզնին ոտքի տակ է տվել։
Հասնելով սրահի կենտրոն՝ նստում է հոբելյարի հատուկ բազկաթոռին ու լսում իր իսկ մեկդարյա կյանքի պատմությունը։ 1922 թվականին է ծնվել Քաջարանի Վերին Հանդ գյուղում, ծննդյան օրը անձնագրում նշված չէ․ հենց այս պատճառով էլ Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը որոշեց Արշալույս Թադեւոսյանի ծննդյան տոնը նշել հուլիսի 3-ին, որպեսզի տարին կիսված լինի ու տարակարծությունների տեղիք չտա։
1942 թվականին՝ 20 տարեկան Արշալույսը մեկնում է ռազմաճակատ՝ փնտրելու ժամկետային զինծառայության մեջ գտնվող եղբորը։ «Մայրս ուշագնաց եղավ, հորս էլ թողի Կապանի կայարանում, նստեցի գնացք ու գնացի»,-հիշում է 100-ամյա Արշալույս տատը, որն այդպես էլ չգտավ եղբորը։ Գնդացրորդ է եղել, հաղթանակից հետո մեդալների հարուստ ավարով վերադարձել է Քաջարան։ Կոլտնտեսությունում է աշխատել, խանութում վաճառողուհի է եղել, այնուհետեւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում է աշխատանքի ընդունվում՝ նախ որպես բանվոր, հետո պահեստապետ։ Մինչեւ վաստակած հանգստի անցնելը՝ աշխատել է կոմբինատում։
Հոգեւոր ու պետական այրեր, զինվորականներ, բարեկամներ ու հարեւաններ եկել են շնորհավորելու Հայրենական Մեծ պատերազմի քաջարանցի միակ վկայի մեկդարյա հոբելյանը։ «Արշալույս մայրիկն այսօր մեզ ներկայանում է պատմականորեն, ներկայանում է դարերի խորքից՝ իր խոսքը լուռ կերպով ասելու բոլորիս»,-նշեց Քաջարանի հոգեւոր հովիվ Տեր Շիրակը։
Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը շնորհավորելով Արշալույս Թադեւոսյանին՝առողջություն ու էլ ավելի երկարակեցություն մաղթեց։ «Դուք ճաշակել եք կյանքի ամենադառը պտուղները, ապրել եք մարդկային կյանքի ամենադժվար օրերը, բայց եւ այնպես մնացել եք ուժեղ, պահել եւ պահպանել եք ձեր ընտանիքի ավանդույթներն ու մեծ սիրով այն փոխանցել ձեր զավակներին, թոռներին եւ ծոռներին։ Խոնարհումս Ձեզ եւ Ձեր երջանկահիշատակ ամուսնուն` համայնքում նման պատվավոր եւ մեծ ընտանիք ստեղծելու եւ արարելու համար։ Ձեր փորձն ու գործը դուք փոխանցել եք սերունդներին, իսկ մենք մեծ սիրով եւ հպարտությամբ այն ժառանգել ենք ձեզանից` ի շահ մեր համայնքի»,-ասաց Մանվել Փարամազյանը։
«Արշալույս տատը անցել է պատերազմի թոհուբոհով, աչքի է ընկել խիզախությամբ՝ ավանդ ունենալով հաղթանակի կերտման գործում։ Մաղթում եմ արեւշատություն, ոգու տոկունություն եւ քաջառողջություն, որպեսզի նրա ներկայությունը վայելելու հնարավորինս շատ առիթներ ունենան թե՛ հարազատները, թե՛ երիտասարդ սերունդը»,-իր շնորհավորական խոսքում նշեց Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը։
Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ Հակոբ Ավետյանը 100-ամյա Արշալույս մայրիկին շնորհավորեց նաեւ կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանի անունից։ «Դուք լեգենդար պարտավորեցնող արժեք եք»,-ասաց նա։
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն էլ շնորհավորելով 100 տարվա կյանքի պատմություն ունեցող Արշալույս տատին՝ խորին շնորհակալություն հայտնեց վաստակի համար, մաղթեց քաջառողջություն։ «Բավականին բարդ է նույնիսկ պատկերացնել, որ մեկ մարդու մտքում կուտակված է մեկդարյա պատմություն՝ հաշվի առնելով նաեւ այն, թե ինչեր է տեսել Արշալույս տատն ու ինչ փորձություններ անցել։
Այսօր երախտագիտությունս եմ հայտնում նրան, որ ինքը ողջ ու առողջ է եւ ապրում է Սյունիքի մարզում։ Շնորհակալ եմ նաեւ Արշալույս տատի բոլոր հարազատներին, որովհետեւ նաեւ ձեր սիրո, հարգանքի ու հոգատարության շնորհիվ է, որ այսօր նշում ենք նրա 100-ամյակը»,-ասաց Ռոբերտ Ղուկասյանը։ Սյունիքի մարզպետը ծնկի իջնելով՝ որդիաբար համբուրեց 100-ամյա Արշալույս տատի ձեռքը։
Նվերների, մեդալների ու ծաղիկների պակաս՝ Արշալույս Թադեւոսյանը իր ողջ կյանքում չի զգացել ու չզգաց նաեւ 100 ամյակի օրը՝շնորհավորանքներ ու խոնարհում Մեծ տատին։ «Շնորհակալ եմ, ապրեք, շեն կենաք»,-ասում էր Արշալույս տատը։ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի որոշմամբ նա պարգեւատրվեց «Նելսոն Ստեփանյան» հուշամեդալով, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի անվանական մեդալը հանձնեց տրանսպորտի դեպարտամենտի պետ Ալեքսանդր Ալավերդյանը, Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանի որոշմամբ՝ հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի համար հոբելյարն արժանացավ Կապան համայնքի բարձրագույն՝ «Կապան» մեդալի, Մեղրու սահմանապահ զորքերի հրամանատար Ալեքսանդր Բուրշտինը նույնպես զորամասի պատվավոր մեդալ հանձնեց Արշալույս Թադեւոսյանին։
100-ամյա Արշալույս Թադեւոսյանի օրը լի էր անակնկալներով, նույնիսկ նա նարդի խաղաց հրավիրվածների հետ։ Իսկ հրաժեշտից առաջ հոբելյանական տորթ ու մաղթանք՝ մեկ տարի անց՝ հուլիսի 3-ին, հավաքվել նույն վայրում նշելու Արշալույս տատի 101 ամյակը։ Հոբելյարի 100-ամյա տարեդարձը տոն անմոռանալի տոն դարձրած Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը խոստանում է՝ 101 ամյակն ավելի ճոխ նշել։
Իսկ Արշալույս Թադեւոսյանի համար արշալույսները արդեն խաղաղ են․․.
Արմեն ԴԱՎԹՅԱՆ