Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարտի 1-ի գործերով մոտ երկու տասնյակ բողոքներ դատարանները մերժում են վարույթ ընդունել»․ Արմեն Խաչատրյան

Հուլիս 04,2022 23:13

2008-ի հետընտրական ցույցերին մասնակցած  եւ  ըստ իրավապաշտպանների, ապօրինի դատապարտված անձինք այսօր փորձում են իրենց իրավունքները վերականգնել, սակայն  վերջին երկու ամսում մոտ երկու տասնյակ բողոք վճռաբեկ ու վերաքննիչ դատարանները մերժել են վարույթ ընդունել։ Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում հաստատում է ՀԱԿ իրավական հանձնաժողովի նախագահ Արմեն Խաչատրյանը։

«Իրավունքի եւ ազատության կենտրոն» ՀԿ-ն նախաձեռնել է ծրագիր, որով փորձում է 2008-ի հետընտրական ցույցերին մասնակցած, զանգվածային անկարգության, ոստիկանի նկատմամբ բռնության հոդվածներով դատապարտված անձանց կամ իրենց բնութագրմամբ՝ քաղբանտարկյալների  իրավունքների վերականգնմանը հասնել։

Արմեն Խաչատրյանը, որը եւս այս ծրագրի շրջանակներում զբաղվում է Մարտի 1-ի գործերով դատապարտված անձանց բողոքներով, մեզ հետ զրույցում ասում է՝  նախկին քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ Հոդվածի  6-րդ մասով՝ հիմնարար իրավունքի խախտման հիմքով բողոք էինք ներկայացրել․«Ակնկալում էինք, որ բողոքները, որոնք նույն փաստակազմով, նույն ապացուցողական բազայով քրեական գործեր էին, պետք է բավարարվեին։  Գագիկ Ջհանգիրյանի քրեական գործով բերված բողոքը, որը հիմնարար իրավունքի խախտումով վճռաբեկը վարույթ ընդունեց եւ փաստացի նախադեպ  դարձավ, ու  անկախ ժամկետներից, եթե խախտվել է հիմնարար իրավունք, եթե սահմանադրորեն պաշտպանված իրավունքների  դադարում է տեղի ունեցել կամ  արդարադատության բուն էությունն է խաթարվել նախկին քննության ընթացքում, ապա քրեական գործը բողոքարկվում է վճռաբեկում։ Ահա այս նույն հիմքով մենք  մնացած բողոքները ներկայացրեցինք։  Դեկտեմբերի վերջին օրերից ենք սկսել, այս ընթացքում գրեթե երկու տասնյակ բողոքներ բավարարվել,  բայց ինչ-որ պահից սկսած համատարած,  նույն 2008-2009 թվերի դատական համակարգի ոգուն համապատասխան, սկսեցին բողոքները մերժել»։

Արմեն  Խաչատրյանը հիշեցնում է՝ 2008-ին Ազատության հրապարակի դեպքերի հետ կապված ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ հանցակազմ գոյություն չունի,  ոստիկանության գործողությունները համարել է ապօրինի.«Այսինքն՝ Քրեական օրենսգրքի 316 հոդվածի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) համար մենք առնվազն պետք է ունենանք օրինական գործողություններ, բայց ՄԻԵԴ-ը   տարբեր վճիռներով՝ Դավիթ Մաթեւոսյանի, Մուշեղ Սաղաթելյանի,  Լեւոն Տեր-Պետրոսյանի, այդ գործողությունները համարել է ապօրինի, հակաիրավական եւ այս պայմաններում չի կարող այդ հոդվածի հանցակազմ լինի։ Մյուս փաստը՝ ՄԻԵԴ-ն ասում է՝  կառավարությունը չի  տրամադրել գեթ մեկ թույլատրելի ապացույց, որ այդ հավաքները ունեցել են բռնի, ոչ խաղաղ բնույթ։ Ընդ որում,  ՄԻԵԴ-ը նշում է՝ եթե  անգամ  հավաքի մասնակիցներից ոմանք դիմել են բռնության, միեւնույն է, դա չի կարող հավաքի խաղաղ բնույթը կասկածի տակ դնող հանգամանք լինել,այսինքն, ըստ ՄԻԵԴ-ի, եթե անգամ որոշ մասնակիցների կողմից բռնության դեպքեր են եղել, ապա  դրանք եղել են անհրաժեշտ պաշտպանության սահմաններում»։

Խաչատրյանը նաեւ հիշեցնում է, որ ՄԻԵԴ-ի վճիռները, որոնք վերաբերում են այն գործերին, որոնք հարուցվել էին, ապա անձինք դատապարտվել բացառապես ոստիկանի տված ցուցմունքի հիման վրա,  ՄԻԵԴ-ը  դրանք համարել է անընդունելի․« Այսինքն՝ դատարանը արձանագրել է հիմնարար իրավունքի խախտում։ Եւ հիմա այս նույն հիմքով բերված բողոքները վճռաբեկը, վերաքննիչը համատարած մերժում են ու անհասկանալի է՝ ի՞նչ պատճառով։ Օրինակ      ՝ Մասիս Այվազյանի կամ այլոց գործերը նույնական են ինչ-որ Վահագն Հայոցյանի գործն է, բայց Հայոցյանին մերժել են, մյուսների, այդ թվում՝ Սամվել Հարությունյանի  բողոքները բավարարել են»։

Թե ինչո՞ւ են մերժում, Խաչատրյանն ասում է՝ այս հարցին դատական համակարգն ու քաղաքական իշխանությունը պետք է պատասխանի։

«Մի կարեւոր բան կա՝ կամ Նիկոլ Փաշինյանը հանցագործ է, այդ դեպքում ինչո՞ւ են նրան արդարացրել, կամ բոլորն անմեղ են ու այսօրվա իշխանությունը պիտի մտածի՝  ժամանակին ապօրինի դատված անմեղ անձանց արդարացման հարցը ինչպես լուծեն։ Հեղափոխություն են անելիս անունը դրել են, թե պայքարում են ավտորիտար ռեժիմի, բռնապետության դեմ, պիտի ընդունեն, որ այդ բռնապետությունը նաեւ  անմեղ մարդկանց դատապարտել է ազատազրկման ու գլխավոր խնդիր պետք է դնեին այդ մարդկանց արդարացման հարցը»,-ասում է Խաչատրյանը։ Նա նկատում է՝ այդ դատարանների դատավորների մեծ մասը չի փոխվել․«Վերաքննիչում այդ գործերը քննում են Արմեն Դանիելյանը, Վազգեն Ռշտունին, Ալեքսանդր Ազարյանը եւ այլն, վճռաբեկն էլ  գրեթե նույն կազմով է։ Այնպես որ, ոչինչ չի փոխվել, նույն դերակատարներ են։ Հենց տեսան քաղաքական իշխանությանը բացարձակ չի հետաքրքրում Մարտի 1-ի գործը, այդ մարդիկ որոշեցին, որ կարող են նախկինում կատարած իրենց սխալները նոր դատական ակտերով ակներեւ չդարձնել։

Անմեղ մարդկանց դատապարտել են՝ օրենք, իրավունք մի կողմ դրած, իրավաբանների ասած՝ լոմով, հիմա մենք  պետք է մտածենք, թե ինչպիսի իրավական ճանապարհներ գտնենք, որպեսզի այդ անմեղ մարդկանց իրավունքները կարողանանք վերականգնել։ Եւ քանի որ նրանք քաղաքական հետապնդման զոհ են դարձել, ապա  բնական կլիներ, որ քաղաքական որոշումների արդյունքում արդարացվեին, բայց նոր քաղաքական իշխանությունը կարծես թե չի ուզում այդ հարցին անդրադառնալ»։

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031