Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵՊԲՀ-ն տարածաշրջանում ամենալավ բժշկական հաստատություններից է․ Սանջայ Վերմա

Հուլիս 04,2022 21:12

Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության Արևմտյան ուղղության քարտուղար Սանջայ Վերմանը, որը Երևանում է առևտրի, տնտեuական, տեխնոլոգիաների, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստին մասնակցելու նպատակով, Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, դեսպանատան, դիվանագիտական գերատեսչության ներկայացուցիչներ այսօր այցելեցին ԵՊԲՀ։

«Համալսարանը վերջին տարիներին միջազգային գործընթացներում գերազանցում է սպասելիքները։ Այսօր բժշկական բուհում 33 երկրից 2000 ուսանող է բժշկական կրթություն ստանում։ Նրանց մեծ մասը Հնդկաստանից է։ Յուրաքանչյուր ուսանող անհատականություն է և կարևոր է մեզ համար», – հարգարժան հյուրերին ողջունելով` ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը շնորհակալություն հայտնեց դեսպան Կիշան Դան Դեվալին փոխադարձ վստահության վրա հիմնված համագործակցության համար։

Նա նշեց, որ հայ-հնդկական հարաբերությունները բժշկագիտության ոլորտում 35 տարվա պատմություն ունեն։ Անդրադառնալով վերջին տարիներին կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարին, ռեկտորը շեշտեց, որ շատ հնդիկ ուսանողներ ցույց տվեցին, որ պետք եղած դեպքում նրանք ոչ միայն սովորողներ են, այլև պատրաստված բժիշկներ։

Ռեկտորը շեշտեց, որ դեսպանի հետ համագործակցությունը եղել է սերտ, ուսանողներն էլ իրենց հերթին ինքնակազմակերպման բարձր մոտեցում են ցուցաբերել։

Արմեն Մուրադյանի գնահատմամբ` գործակցության հաջողված փորձը վկայում է այն մասին, որ բժշկությունը չունի սահմաններ, ազգություն և կրոնական դավանանք։ Բժշկական կրթության տրամադրման առանցքում է բարձր աստիճանի մարդասերների պատրաստումը:

Կարևորելով միջազգային փոխհարաբերությունները` բուհը հետամուտ է լինում շրջանավարտների կարիերայի հետագծի ուսումնասիրմանը։

«Մեր օտարերկրացի 8000 շրջանավարտ այսօր մասնագիտական գործունեություն է ծավալում աշխարհի 40 երկրում»,- փաստեց բուհի ղեկավարը` հավելելով, որ բժշկական համալսարանում հնդիկ ուսանողները երգում են Կոմիտաս, արտասանում Չարենց` այդ կերպ լինելով հայ հարուստ մշակութային ժառանգության կրողն ու տարածողը աշխարհում:

«Իմ այցը Հայաստան ամբողջական չէր լինի, եթե չայցելեի բժշկական համալսարան: Տարածաշրջանում ձեր բուհն ամենալավ բժշկական հաստատություններից է»,- իր տպավորությամբ կիսվեց Սանջայ Վերմանը` հավելելով, որ ծանոթանալով պրոֆեսոր Մուրադյանի կենսագրությանը տպավորված է նրա անցած մասնագիտական ճանապարհով:

Արվեստի, գրականության և մշակույթի նոր փոքր կենտրոն ԵՊԲՀ-ում. այսպես բնութագրեցին համալսարանականները բժշկական բուհում այսօր բացված լսարանը, որը կկրի Հնդկաստանի ազգային առաջնորդ, անվանի պետական,  քաղաքական, ազգային-ազատագրական գործիչ Մահաթմա Գանդիի անունը:

Նորաբաց լսարանը վերանորոգվել է Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան ֆինանսական աջակցությամբ:

Միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանի փոխանցմամբ` լսարանը կունենա գրադարան` բժշկական և գեղարվեստական գրականությամբ հագեցած:

Այստեղ հայ և օտարերկրացի ապագա բժիշկները դասեր, հանդիպումներ անցկացնելու, քննություններ հանձնելու հնարավորություն կունենան:

Առաջին միջոցառումը  բուհի նոր լսարանում հենց այսօր կազմակերպվեց: Կարիերայի կենտրոնի կողմից շուրջ երեք տարի է Հնդկաստանի ներկայիս դեսպանի գործուն աջակցությամբ օտարերկրացի ուսանողների համար կազմակերպվում են տրոպիկական հիվանդություններին նվիրված դասընթացներ` Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի 4 դասախոսի` վարիչ Վիգեն Ասոյանի գլխավորությամբ:

Դասընթացի այս տարվա մասնակիցներին տրվեցին ավարտական հավաստագրեր Արմեն Մուրադյանի և Սանջայ Վերմանի կողմից:

Դասընթացները մեծ հետաքրքրություն են առաջացրել` ներգրավելով օտարերկրացի ապագա բժիշկներ տարբեր երկրներից:

 

ԵՊԲՀ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031