Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ովքե՞ր կմասնակցեն Անի խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին․ ՔՊ-ի թեկնածուն արդեն հայտնի է

Հուլիս 04,2022 20:45

Անի խոշորացված համայնքում, որտեղ թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո՝ տևական ժամանակ, բողոքի ցույցեր էին՝ ընդդեմ ՀՀԿ-ական համայնքապետ Արտակ Գևորգյանի (վերջինս  Սամվել Նիկոյանի սանիկն է Ա․Ն․), սեպտեմբերի վերջ տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ։ Թե որ քաղաքական ուժերը կմասնակցեն ընտրություններին, առայժմ միայն  իշխող քաղաքական ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է պաշտոնապես հայտարարություն տարածել։

ՔՊ-ի  համայնքապետի թեկնածուն Արման Սարիբեկյանն է։ Պարզեցինք, որ վերջինս «Հայփոստ»-ի ուղղության համակարգող է, պատասխանատու է Մարալիկի, Արթիկի և Ախուրյանի մի մասի համար։

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները իրեն էջերում տեղադրել են թեկնածուի լուսանկարը՝ հրապարակելով ՔՊ-ի պաշտոնական որոշումը. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ՝ առաջիկայում կայանալիք ՏԻՄ ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակը Անի խոշորացված համայնքում կգլխավորի Արման Սարիբեկյանը»։

Արման Սարիբեկյանն իր հերթին ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է․ «Անի խոշորացված համայնքում առաջիկայում կայանալիք ՏԻՄ ընտրություններում կգլխավորեմ ՔՊ կուսակցության համամասնական ցուցակը:

Սիրելի՛ անեցիներ, Ձեր վստահության քվեն ինձ մեծ հնարավորություն և էներգիա կտա համայնքը բարձրացնելու նոր որակի և մակարդակի: Վստահեցնում եմ, որ մեր թիմը ջանք ու եռանդ չի խնայի, որպեսզի Անի համայնքը դառնա զարգացած և բարեկեցիկ համայնք»։

ՀՀԿ-ն դեռ քաղաքական որոշում չի կայացրել, մեզ այս մասին տեղեկացրեց ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Արտյոմ Ղուկասյանը։

ՀՅԴ-ն ևս քաղաքական որոշում դեռ չունի, սակայն ամենայն հավանականությամբ կմասնակցի։ Այս մասին մեզ փոխանցեց ՀՅԴ Շիրակի մարզային կոմիտեի անդամ Գևորգ Ալեքյանը։

Մեր աղբյուրների տեղեկացմամբ, ՏԻՄ ընտրություններին կմասնակցի նաև ներկայիս համայնքապետ Արտակ Գևորգյանը, որի նկատմամբ բազմաթիվ քրեական գործեր հարուցվեցին, այդ թվում պաշտոնական դիրքն օգտագործելով՝ խոշոր չափերի գումար վատման եղանակով հափշտակելու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքով։

Նրա դեմ անընդմեջ բողոքի ցույցեր անցկացվեցին, նույնիսկ Գյումրի-Երևան մայրուղին փակեցին՝ կառավարությունից պահանջելով՝ «անհապաղ «աստավկի» ուղարկել» համայնքապետին, ստորագրահավաք կազմակերպեցին, սակայն նրան պաշտոնազրկել չհաջողվեց։

Շիրակի նախկին դատախազ Կարեն Գաբրիելյանը նույնիսկ 2019 թվականի հոկտեմբերի 8-ին միջնորդագիր հղեց այդ ժամանակվա ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանին՝ առաջարկելով եռօրյա ժամկետում քննարկման թեմա դարձնել Անի խոշորացված համայնքի ՀՀԿ-ական համայնքապետ Արտակ Գևորգյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցնելու հարցը։ Արտակ Գևորգյանն իր հերթին այս ամենը որակում էր որպես քաղաքական հետապնդում իր նկատմամբ։

Արտակ Գևորգյանն այսօր ամբողջ օրը մեր հեռախոսազանգերին չպատասխանեց,որ ճշտեինք, թե որ քաղաքական ուժով է մասնակցելու։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031