Լրահոս
Օրվա լրահոսը

Ելակով էկլերային տորթ (տեսանյութ)

Հուլիս 04,2022 20:51

Եփված խմորով կարելի է պատրաստել ոչ միայն պրոֆիտրոլներ, էկլերներ, այլեւ տորթեր: Այս տորթը պատրաստելու համար պարզապես պետք է պատրաստել եփված խմոր, որը ոչ թե հատիկով էկլեր կամ պրոֆիտրոլ կդառնա, այլ ամբողջական տորթ: Վրան էլ քսում ենք մեր նախընտրած կրեմը եւ զարդարում ելակով: Բայց առաջարկում եմ ավելի հարուստ համ ստանալու համար նախապես պատրաստել նաեւ ելակի կուլի:

Անհրաժեշտ մթերքները

Խմորի համար

Ջուր- 1 բաժակ, մոտավորապես 150-200 գրամ

Կարագ- 100-150 գրամ

Ալյուր- 1 բաժակ (ճիշտ նույն բաժակով, ինչ ջուրը)

Աղ- 1 պտղունց

Հավկիթ-5-6 հատ

Կրեմի համար

Կաթ- 0,5 լիտր

Շաքարավազ-1 բաժակ

Վանիլի մզվածք- 1 թեյի գդալ (կարող եք ձոխարենը վերցնել 1 տուփ վանիլային շաքարավազ կամ 1 պտղունց բյուրեղացված վանիլին)

Ձվի դեղնուց-3 հատ

Եգիպտացորենի օսլա-2 ճաշի գդալ

Սերուցք՝ ոչ պակաս, քան 30 տոկոս յուղայնության- 0,5 լիտր

Ելակով կուլիի համար

Ելակ-500 գրամ

Շաքարավազ – 2-3 ճաշի գդալ

Պատրաստման եղանակը

Խմորը պատրաստելու համար եռացնում եք կարագով ջուրը, որի մեջ աղ է արված, ապա անմիջապես ավելացնում եք ալյուրը, կրակը դարձնում շատ մարմանդ: Խմորը անընդհատ խառնելով եփում եք այնքան, մինչեւ սկսվի գնդի տեսքով առանձնանալ կաթսայի պատերից: Դա տեւում է 3-7 րոպե, ոչ ավելին:

Հենց եփված խմորը սառչի այնքան, որ մատը առանց վառելու կարողանաք մտցնել խմորի մեջ, կարող եք ավելացնել հավկիթները: Անպայման՝ հատիկ- հատիկ: Ամեն հատն ավելացնելուց հետո լավ խառնեք խմորը, մինչեւ ամբողջությամբ լուծվի մեջը, ապա նոր ավելացրեք հաջորդը: Երբ տեսնեք, որ ստացվել է դանդաղ ծորացող, գրեթե անփայլ, բայց շատ գեղեցիկ զանգված, ուրեմն խմորը պատրաստ է:

Ջեռոցը պետք է նախապես տաքացնել 220 աստիճան: Խմորը ձեր ուզած տեսքով լցրեք ջեռոցի տապակի մեջ, որի վրա յուղաթուղթ է փռված: Դրեք լավ տաքացրած ջեռոցը՝ սկզբում 220 աստիճանում պետք է թխվի մոտ 15 րոպե, երբ կզգաք, որ լավ բարձրացել եւ թեթեւակի կարմրել է, իջեցրեք ջերմաստիճանը մինչեւ 160 աստիճան, եւ թողեք եւս մոտ կես ժամ, որ խմորը լավ չորանա:

Մինչ խմորը պատրաստվում է, պատրաստեք նաեւ ելակով կուլին եւ կրեմը:

Կուլին իրենից ներկայացնում է շաքարով տրորված, բայց շատ կարճ, մոտ 5 րոպե եփված, ապա մաղով անցկացրած, քամած հատապտղային թանձրուկ: Տվյալ դեպքում մենք պատրաստում ենք ելակով կուլի, սակայն կարող եք պատրաստել նաեւ ազնվամորիով կամ մոշով, եւ ձեւավորել տորթը նույնպես ազնվամորիներով կամ մոշով:

Լցրեք ելակի վրա շաքարավազը, թողեք մի որոշ ժամանակ մնա, ապա դրեք կրակին, լավ խառնելով թողեք եփվի ոչ ավելի, քան 5 րոպե, ապա անցկացրեք մաղով, որ լավ քամվի: Ստացվում է բավականին մածուցիկ եւ փայլուն զանգված: Կուլին կարող եք սառնարանում պահել 7-10 օր, ոչ ավելի: Այն շատ համեղ է նաեւ պաղպաղակի, բլիթների, կաթնաշոռի հետ:

Եփված կրեմի համար պետք է կաթը շաքարավազի հետ դնել եփվելու: Այդ ընթացքում հարել դեղնուցները եգիպտացորենի օսլայի հետ, ապա ավելացնել տաք կաթնախառնուրդը: Դնել շատ մարմանդ կրակին եւ անընդհատ խառնելով եփվել մինչեւ լավ պնդանա: Դնել մի կողմ, մինչեւ ամբողջապես սառչի:

Այդ ընթացքում լավ հարել սերուցքը:

Սառած կրեմը հարել, ապա գդալ-գդալ ավելացնել հարված սերուցքը: Պետք է դառնա թեթեւ, միատարր զանգված:

Արդեն սառած խմորի վրա քսել կրեմը, ապա՝ կուլին, վերջում զարդարել թարմ ելակներով:

Ավելի մանրամասն՝ տեսանյութում:

Բարի ախորժակ:

Պատրաստեց Մելանյա Բարսեղյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031