Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության օպերատիվ, անվտանգության և պահպանության բաժինների ծառայողները շարունակում են անզիջում պայքարը քրեակատարողական հիմնարկներում արգելված իրերի, թմրամիջոցների շրջանառության, ինչպես նաև թղթախաղերի դեպքերի բացառման ուղղությամբ: Հավատարիմ մնալով Կառավարության կողմից որդեգրած թափանցիկ և հաշվետու կառավարման քաղաքականությանը՝ Արդարադատության նախարարությունն այսուհետ կներկայացնի նախորդ ամսվա ընթացքում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերված թմրամիջոցների և այլ արգելված իրերի վերաբերյալ հաշվետու զեկույց:
Հունիս ամսվա ընթացքում քրեակատարողական տարբեր հիմնարկներում կալանավորված անձանց մոտ հայտնաբերվել են թմրանյութ պարունակող թաքցված փաթեթներ:
«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված անձը կարճատև տեսակցությունից դուրս գալուց հետո փոխել է կոշիկները, որոնց մեջ պահել էր 5 թմրամիջոցին նմանվող և փոշենման զանգվածներով փաթեթներ:
Նույն ՔԿՀ-ում քաղաքացու կողմից դատապարտյալի անվամբ բերված հանձնուքի զննության արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 0,82 գրամ քաշով սպիտակ, փոշենման զանգված, որը լցված է եղել հանձնուքում առկա, միմյանց վրա շարված 11 հատ մեկանգամյա օգտագործման պլաստմասե ափսեների արանքներում:
Կարդացեք նաև
Քրեակատարողական հիմնարկներից մեկի բնակելի գոտու բաժանարար պատի մոտակայքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ, որի մեջ եղել են սպիտակ փոշի և դեղահաբի նմանվող հատիկներ:
Խուզարկության է ենթարկվել նաև քրեակատարողական հիմնարկների խցերից մեկը, որտեղ հայտնաբերվել է ասեղով ներարկիչ, ևս մեկ ներարկիչ հայտնաբերվել է խցի սանհանգույցի լվացարանի հետնամասից:
Վերը թվարկված բոլոր դեպքերով քրեական գործի շրջանակում նախապատրաստվում են նյութեր, նշանակված են դատաքիմիական փորձաքննություններ:
Մանրամասն զեկույցը ներկայացված է կից պատկերում:
ՀՀ Արդարադատության նախարարություն