Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վարդենիսում բացվեց Արցախյան վերջին պատերազմում հերոսացած Սենիկ Մովսիսյանի անվան պուրակը

Հուլիս 04,2022 20:07

Վարդենիս քաղաքի Բանավան թաղամասում բացվեց Արցախյան վերջին պատերազմում հերոսացած Սենիկ Մովսիսյանի անունը կրող պուրակը, որտեղ տեղադրված էր հուշաքարը և ցայտաղբյուր։

Պուրակի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալներ Ռուբիկ Նավոյանը եւ Վահան Զարոյանը, Գեղարքունիքի մարզպետի օգնական Ջանիկ Բազեյանը, Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասի ներկայացուցիչներ, ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի սպաներ եւ զինվորներ, Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսացած զինվորների ծնողներ եւ հարազատներ, Վարդենիս քաղաքի կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, պաշտոնական այլ անձինք, վարդենիսցիներ։

Սենիկ Մովսիսյանի անվան պուրակի բացման պատիվը տրվեց հերոսի հորը՝ Արա Մովսիսյանին։

Այնուհետ օրհնության կարգ կատարեց Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի Վարդենիսի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Հարություն քահանա Հունանյանը։

«Սիրելի հայրենակիցներ, այս հուշաքարերն օգնում են մեզ, որ կյանքին ճիշտ հայացքով նայենք, որ սերունդներին հայրենանվեր գաղափարներով դաստիարակենք»,-օրհնության խոսքում նշեց Տեր Հարություն քահանա Հունանյանը։

Հանդիսության մասնակիցներին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի անունից ողջույնի խոսք հղեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը։

«Ես ներկաներին եմ փոխանցում նաեւ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի սփոփանքի եւ քաջալերանքի խոսքը։ Արցախյան 44-օրյա ծանր պատերազմում մեր հերոս տղաները մաքառեցին մինչեւ արյան վերջին կաթիլը, գիտակցաբար գնացին մահվան, որպեսզի փրկեն հայրենիքը, իրենց հարազատներին։ Նրանց մենք պիտի հիշենք անուն առ անուն ու պիտի կառուցենք այն հզոր, խաղաղ ու արարչագործ հայրենիքը, հանուն որի ընկան մեր հերոս տղաները»,-նշեց Ռուբիկ Նավոյանը։

«Հազարամյակների ընթացքում հայ ժողովուրդը շատ է մաքառել իր գոյության, իր ազատության ու անկախ պետականության համար։ Վերջին մաքառումը տվեցին մերօրյա հերոսները, որոնց շարքերում էին մեր հերոսներ Սենիկ Մովսիսյանը, Զավեն Հակոբյանը, Վազգեն Սիմոնյանը, Կարեն Խաչատրյանը, Նարեկ Աղոյանը, Արտակ Բադեյանը, Արտակ Սարգսյանը, Արման Ղասաբյանը, Գրիշա Գրիգորյանը, Վահան Բուդոյանը, Ռազմիկ Մկրտչյանը, Մուշեղ Գալստյանը, Լեւոն Սեւոյանը, Վարդան Պողոսյանը, Արսեն Մադոյանը, Կամո Մինասյանը եւ Վարդան Թադեւոսյանը, ովքեր փառքով պսակեցին իրենց անունները։

Մենք ամեն օր պիտի աղոթենք նրանց համար, պիտի ապրենք եւ աշխատենք մեր հայրենիքի հզորացման ու բարօրության համար, որպեսզի ապրեցնենք նաեւ նրանց սրբացած անունները։ Այս պուրակը, թեեւ կոչվում է Սենիկ Մովսիսյանի անունով, սակայն հուշաքարին փորագրված են Վարդենիս քաղաքի բոլոր հերոս նահատակների անունները, որպեսզի նրանց հերոսական գործն ամբողջանա, միատեղվի այսպես»,-ասաց Վարդենիսի համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը։

Միջոցառման ընթացքում գրական երաժշտական կատարումներով հանդես եկան Վարդենիսի թիվ 3 միջնակարգ դպրոցի աշակերտները։

Գեղարքունիքի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031