Հուլիսի 3-ին «Կարեն Դեմիրճյան» մարզահամերգային համալիրում կայացավ ամերիկաբնակ երգիչ Հարութ Փամբուկչյանի՝ Ձախ Հարութի, հոբելյանական համերգը, որ կազմակերպել էր Եղոյան պրոդաքշընը: Երգիչ, որին այս տարիների ընթացքում կապեցին եւ նախկինների, եւ ներկա իշխանությունների հետ… Ի դեպ նրան ժամանակին վաստակավորի կոչում շնորհեցին, ու բոլորն են հիշում, թե ինչ անդրադարձեր եղան այդ կոչմանը:
Հարութ Փամբուկչյանի կատարած երգերում մի քանի սերունդների կենսագրություն է ամփոփված՝ «Տարիներն անցան»,«Ես առանց քեզ», «Թե աչերս քեզ որոնեն», «Մենք չենք լինի էլ քսան տարեկան», «Սիրում եմ քեզ» եւ այլն… Հարութ Փամբուկչյանին լսում էին տասնամյակներ առաջ, լսում են հիմա, երիտասարդ սերնդի երգիչներն էլ սիրով կատարանում են նա լավագույն՝ արդեն հիթային համարվող երգերը:
Հոբելյանական համերգին դահլիճում ասեղ գցելու տեղ չկար, դահլիճը երգում էր Հարութ Փամբուկչյանի հետ: Բազմաթիվ համերգներ ունեցած երգիչը երեւանյան այս համերգին շատ հուզված էր՝ ասես առաջին անգամ էր ելույթ ունենում: Նա էլ ավելի հուզվեց՝ խոսելով իր ծննդյան օրը Զինվորի տուն այցելության մասին, որտեղ նրան յուրահատուկ ձեւով շնորհավորել էին տղաները, ինքն էլ երգել էր նրանց համար: Պատմեց տղաներից ստացած հուշանվերի մասին, որ պայթած ռումբից պատրաստված կենաց ծառ էր:
Համերգին նա մի փունջ հայրենասիրական ու ազգագրական երգեր նվիրեց Արցախյան երկու պատերազմների մասնակցածներին ու նաեւ այն տղաներին, որոնք այսօր կանգնած են մեր հայրենիքի սահմաններին: «Այն ժողովուրդը, որ չի ուզում մեռնել, որեւէ մեկը չի կարող սպանել նրան»,-ասաց Հարութ Փամբուկչյանը: Ապա խնդրեց, որ բոլորը հոտնկայս ծափահարեն 44-օրյա պատերազմի մասնակիցներին, որոնցից ոմանք դահլիճում էին:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ